ԿարևորՀասարակություն

Արցախի դպրոցականները դիմակ չեն կրելու

Արցախում  աշակերտներն ու ուսուցիչները դպրոցում դիմակ չեն կրելու: Կրթական գերատեսչության առաջարկած ուղեցույցը, որի համաձայն գործելու են կրթօջախները, Արցախի պարետը հաստատել է, և այսօր  ավելի քան 200 կրթօջախներ բացել են իրենց դռները՝ չնայած նոր կորոնավիրուսի վարակը չի նահանջել:

Արցախի Նորշեն գյուղի երեխաներն իրենց հազարավոր հասակակիցների նման այսօր դպրոց չեն հաճախել: Կրթօջախի դռները, ինչպես նաև  ողջ գյուղը, փակ են: Մի շաբաթ առաջ այստեղ հայտնաբերված վարակը չի նահանջել:  Սանիտարական բժիշկ Էռնա Բաղրյանի տեղեկացմամբ` վարակակիրները  կապ ունեն դպրոցի հետ:

Նորշենում դպրոցը փակ կմնա մինչև վերջին հիվանդի դուրս գրվելը, ինչը, ինչպես հետևում է այսօր առողջապահության հրապարակած տվյալներից, կարող է ձգձգվել:  Սեպտեմբերի 14-ի դրությամբ հայտնաբերված երկու նոր հիվանդներից մեկը Նորշենի բնակիչ է:

Այսօրվա դրությամբ` Արցախում նոր կորոնավիրուսից բուժվում է 39 մարդ, մեկուսացված է 81 քաղաքացի: Մի քանի հարյուրի է հասնում  ինքնամեկուսացվածների թիվը։

Կորոնավիրուսի թափանցումը կրթօջախներ և դրանցից էլ փոխանցումը հանրություն կանխելու համար այսօր երեխաներին դպրոց ու մանկապարտեզ թողնելուց առաջ  ջերմաչափել են: Երեխաների սահմանված թիվը դասասենյակներում պահպանելու համար, որոշ դպրոցներում պարապմունքները երկհերթ կլինեն, այնտեղ, որտեղ հնարավոր է  դասերը բացօթյա կազմակերպել, կօգտագործեն նաև այդ հնարավորությունը:  Դասասենյակների օդափոխումը և ախտահանումը  հստակ պահանջ է` ասում է բժիշկ Բաղրյանը:  Դպրոցներն ապահովվել են համապատասխան սարքերով և տեխնիկայով, բայց ոչ հավելյալ անձնակազմով: Այնպես որ, այսօր Ստեփանակերտի մեծ կրթօջախների մուտքերի մոտ գոյացել էին հերթեր. մեկ բժիշկը չէր հասցնում չափել բոլորի ջերմությունը:

Արցախի դպրոցականները դիմակ չեն կրելու: Պարետը համաձայնել է նախարարության առաջարկին: Բայց դասապրոցեսն անցնելու է առանց աշխույժ  դասամիջոցների, ասում է փոխնախարարը: Այս բոլոր խնդիրներն այսօր  ավելի շատ պատասխանատուների,  ծնողների  հոգածության ու մտահոգության առարկան էին: Աշակերտների մեծ մասը դպրոցական զանգին սպասում է վաղուց:

Back to top button