
Աշխատելու հնարավորությունը կորցրած մի շարք ուսանողներ նաև սովորելու հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ են։ Համավարակը, ի թիվս բազմաթիվ խնդիրների, ուսանողների առաջ ուսման վարձը գտնելու հարցն է դրել։ Անցած ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից հեռավար կրթվող ու հարկադիր պարապուրդի մատնված ուսանողների մեծ մասը վարձավճարը դժվարությամբ են գտել՝ սահմանված ժամկետից ուշ, իսկ որոշներն անգամ հիմա՝ նոր ուսումնական տարում չեն վճարել նախորդի վարձը։
Այդպիսինների թիվը, օրինակ, Երևանի պետական համալսարանում, հասնում է 500–ի։
«Ծնողներս շատ դժվարությամբ կարողացան գտնել ու վճարել, բայց ես կարծում եմ, որ եթե իմ դեպքում հաջողվեց՝ շատ ու շատ ուսանողների համար դժվար կլինի գտնելը։ Նրանք կանգնած են համալսարանից դուրս մնալու վտանգի առաջ»,–Դանիելա Զանազանյանն է պատում․ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից է։
Թե՛ ինքը, թե՛ ծնողները դեռ մարտից կորցրել են աշխատանքը։ Վարձը վճարել չեն կարողացել, քննությունների մասնակցել է ֆակուլտետի ղեկավարության թույլտվությամբ։ Միաժամանակ դիմում է գրել ԵՊՀ ռեկտորին՝ խնդրելով թույլ տալ վճարումն անել կուրսն ավարտելուց հետո՝ օգոստոս ամսին։
«Մեծ հույսեր կային, որ մինչև օգոստոսի վերջ ինչ–որ կայունություն կլիներ, եթե մենք ունենայինք հաղթահարված համաճարակ մայիս–հունիսին՝ էսպիսի խնդիր չէր լինի, բայց քանի որ երկարե՝ վերնաժամկետը մինչև օգոսոտոս հետաձգելը ոչ մի օգնություն չտվեց»։
ԵՊՀ ուսանողական խորհուրդը բողոքներ ստացել, խնդրին ծանոթացել ու լուծման տարբերակ է գտել՝ կառավարությանը ներկայացնելու է ուսանողների վարձի մասնակի փոխհատուցման խնդրանք–պահանջ։ Ոչ միայն ԵՊՀ, այլ հանրապետության բոլոր ուսանողների համար․
Մանրամասները ներկայացնում է Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը․

«Հիմնական մեկնաբանությունն այն էր, որ եթե նախորդ կիսամյակում մենք ունեինք խնայողություններ, ապա այս 6-7 ամիսներին ամբողջովին սպառել ենք մեր խնայողությունը ու նոր կիսամյակում չենք կարող այդպես վճարել»։
Բայց սա խնդրի միակ կողմը չէ․ ԵՊՀ–ում ուսման վարձը թանկացել է։ Ափոյանը սա կրթության որակը բարելավելու տեսնակյունից ճիշտ որոշում է համարում, սակայն վարձավճարների բարձրացման ու համավարակով պայմանավորված սոցիալական ծանր վիճակի նույն ժամանակահատվածում համընկնելը լուրջ խնդիր է դարձել։
«Առաջանում է խնդիր, որ ուսանողը վճարում է ուսման վարձ, բայց չի ստանում համարժեք կրթություն, որը նախապես տրված է եղել իր պայմանագրով։ Ես հասկանում եմ, որ չկա այլընտանք ուսանողը չի կարող իր գործերը վերցնել համալսարանից, ինչպես ասում է ԵՊՀ ռեկտորը, ու գնալ գտնել մեկ այլ բուհ,որտեղ առկա ձևաչափով է անցկացվում դասապրոցեսսը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ոչինչ չանենք ու համակերպվենք դրա հետ»։
Դավիթ Ափոյանը կարծում է, որ եթե անգամ կառավարությունը չկարողանա միջոցներ տրամադրել ամբողջ ուսանողական համայնքի վարձի փոխհատուցման համար, ապա հնարավոր է համագործակցության եզրեր փնտրել թեկուզև բարերարների միջոցով։
Ուսանողական խորհուրդը չի հստակեցրել՝ ինչ ծավալների փոխհատուցում է պահանջում, սակայն․․․
«Եթե կառավարությունը որոշի, որ հինգ կամ երեք տոկոս փոխհատուցում է տրամադրում՝ մենք բավարարված չենք համարի մեզ, մենք գոնե մինչև 20 տոլոս փոխհատուցում սպասում ենք»։

Ստորագրահավաքի արդյունքները կառավարությանը կներկայացվեն սեպտեմբերի 14–ին։ Մինչ այդ և՛ Դանիելան՝ խնդրի առաջ կանգնած ուսանողության անունից, և՛ Դավիթը՝ այդ խնդիրը լուծել փորձողների անունից մի բան են կարևորում․ չլինել անտարբեր․
«Իմ խորին համոզմամբ չկա ավելի վատ հոգեվիճակ քան իր երեխայի ուսման վարձը վճարել չկարողացող ծնողի հոգեվիճակն է։ Մենք պետք է գիտակցենք դրա լրջությունը ու բոլորով դուրս գանք էս կարծրացած անտարբերության կաթսայից»։
Շարժումը համաուսանողական է, կամ գոնե ակնկալվում է, որ կլինի այդպիսին։ Ամեն դեպքում միայն ԵՊՀ–ում հիմա մոտ 14.000 ուսանող է սովորում, իսկ ստորագրահավաքին այս պահի դրությամբ մոտ 4000 ուսանող է միացել։ ի դեպ՝ ոչ միայն ԵՊՀ–ից։ Բայց մյուս համալսարանների պաշտոնական էջերը լռում են․
«Ուսանողական խորհուրդներին ես տեղեկացրել եմ, մի քանիսի հետ փորձել եմ անձնական խոսել։ ՈՒԽ պաշտոնական էջերով աջակցություն չեմ տեսել։ Տարբեր բուհերից միացել են, բայց մյուս բուհերից մասնակցությունն էնքան էլ բավարար արդյունք չի իմ համար։
Հարցի շուրջ զրուցեցինք նաև Մանակավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանի հետ․
«Բնականաբար ողջունելի ու ուսանողամետ նախաձեռնություն է, իրոք այս վիճակի հետ կապված մեր ուսանողներին պետք է ինչ–որ չափով աջակցություն տրամադրել»։

Հարցին, թե ինչքանով են մանկավարժական համալսարնի ուսանողներ իրազեկված և հետաքրքրված տվյալ նախաձեռնությամբ՝ պատասխանում է․ բոլորն են տեղյակ, տեղեկացրել ենք ֆեյսբուքյան նամակագրության միջոցով։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, որը պիտի ծանոթանա, քննարկի ու հավանության դեպքում՝ կառավարությանը ներկայացնի ուսանողների պահանջը, դեռևս ոչինչ ասել չի կարող․ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ միայն ֆեյսբուքյան ստորագրահավաքը հիմք ընդունելով դեռևս կարծիք հայտնել չեն կարող։ Կմեկնաբանեն միայն դիմումն ու ստորագրությունները ձեռքի տակ լինելուց հետո։




