ԿարևորՀասարակություն

Թերացումներ եղել են․ շուտով կհրապարակվի ապրիլյան հանձնաժողովի զեկույցը

2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին։ Առաջիկայում սպասվում է հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, որի մի մասը, հնարավոր է, գաղտնի լինի։ Ամեն դեպքում, հանրության մոտ կա ձևավորված սպասելիք, թե ինչ հարցերի է պատասխանելու մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը։

Աշխատանքի ընթացքում հանձնաժողովի անդամները հրավիրել են և լսել նախկին նախագահին, վարչապետին, արտգործնախարարին և նախկին այլ պաշտոնյաների։ Հանձնաժողովի հրավերը մերժել է միայն 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը:

2016–ի ապրիլյան պատերազմի ընթացքում փամփուշտի, վառելիքի, սննդի պակասի և այլ բացթողումների հետ կապված անպատասխան հարցերի անդրադարձը Աժ–ի քննիչ հանձնաժողովի եզրակացությունում անպայման լինելու է, խոստանում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Մինչդեռ` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմնակիցներից «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Գարիկ Ղազարյանը 2 օր առաջ ֆեյսբուքում գրառումով տեղեկացրել էր․ իր «աչքով է ընկել» հանձնաժողովի 1–2 արձանագրություն, ինչից տպավորություն է ստացել, որ հերքվում են բացթողումների, անգամ այդ ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վառելիքի պակասի մասին բոլոր հայտարարությունները։

Անդրանիկ Քոչարյանը բացառում է հանձնաժողովից որևէ գաղտնի փաստաթղթի արտահոսքի հնարավորություն։ Իրականում եզրակացությունը շատ հարցեր կբացահայտի՝ ասում է․

 «Ապրիլյան գործողությունների սկսման սկզբնական փուլում, սա շատ կարևոր արձանագրում է, դիրքերում զինվորները փամփուշտի և ուտելիքի պակաս չեն ունեցել։ Սկզբնական փուլը դա այն մինիմալն է, որը դրված է դիրքում, որ զինվորը ինչ–որ գործողության հայտարարելու դեպքում պետք է սկսի կիրառել, ասենք՝ բացի արկղը, բացի փամփուշտը և սկսի կրակել։ Եվ այդ ժամանակը որքա՞ն է տևել։ Այ դա դուք կգտնեք, որովհետև եկել է մի պահ, երբ որոշ դիրքերում կամ շատ դիրքերում կրակելու հնարավորությունները եղել են սահմանափակ։ Հիմա ժամանակից շուտ եկեք ինձ մի խոսեցրեք, որովհետև ես սպառեցի այն հարցի պատասխանը, որը շահարկվում է մինչև հիմա»,- ասաց Քոչարյանը։

Հանձնաժողովն իր աշխատանքի արդյունքում բացատրություններ տալու է, թե ո՞ր դիրքերում ուշացան, ի՞նչ հետևանք դա ունեցավ, կարո՞ղ էին ուշանալ, թե՝ ոչ, բանակի կառավարելիության աստիճանն ինչպիսի՞նն էր, այդ կառավարելիության պատճառով եղե՞լ են արդյոք դիրքային և մարդկային կորուստներ։

Սերժ Սարգսյանը օգոստոսի վերջին ծավալուն աուլիս տվեց գրեթե 2 տարվա լռությունից հետո։ Ասելիքը բացառապես կապված էր ապրիլյան պատերազմի հետ։ 2016 թվականի ապրիլյան չորս օրերի ընթացքում տեղի ունեցածը նա ներկայացնում է որպես հաղթանակ և անգամ հերքում այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ ամբիոնից արված հայտնի հայտարարությունը տանկերում վառելիքի բացակայության վերաբերյալ։

Սերժ Սարգսյան «Այո, իհարկե, ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ և նա խոստովանել է, որ դա վրիպում էր։ Վրիպում էր, որովհետև, երբ նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ միգուցե այսպիսի խնդիր է եղել ու հետո ստուգմամբ պարզվել է, որ այդպիսի խնդիր չի եղել։ Ուղղակի կարծում եմ, դա վրիպում, զուտ թյուրիմացություն էր։ Սա է ձեր հարցի պատասխանը»։

Անդրանիկ Քոչարյան «Բա 2016–18 թթ այդ վրիպումների մասին Սերժ Սարգսյանը չունե՞ր հնարավորություն մի հատ Կարեն Կարապետյանին հարցներ՝ տղա ջան, ինչի՞ ես վրիպել։ Վարչապետն այդպես վրիպո՞ւմ է։ Ես էլ իրեն հարցրել եմ՝ վրիպելը քաղաքական նպատակ ունեցե՞լ է, թե՞ չէ, որովհետև, ըստ էության, այդ վրիպումը շատ թանկ նստեց բանակի վրա»։

Քննիչ հանձնաժողովի ղեկավարի պնդմամբ՝ հայկական բանակը սկսել շատ թանկ վճարել շատ ավելի վաղ՝ 2008 թվականի մարտի 1–ից սկսած։

«Բանակի առաջին ահազանգը, երբ պարզ դարձավ, որ բանակը մարտի 1–ին օգտագործվել է։ Այդ ժամանակ բանակում ընդամենը մեկ զինվորական է եղել՝ փոխգնդապետ Խաչատուր Ավետիսյանը, որը դեմ է եղել, որ այդպիսի բան մի արեք։ Վերջին հաշվով մենք ունենք մի ամբողջ պաշտպանության նախարար, որ փախել է՝ Միքայել Հարությունյանը։ Մեռանք ասելով՝ արի, մի հատ տեսնենք ինչի՞ արեցիր դա։ Չէ՞ որ դրանով բանակին մեծ հարված հասցվեց։ Այդ դրսևորումներն են, որ բանակին այսպես տկարացրել էին»։

Ապրիլյան հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավարը խոստովանում է, որ խորհրդարանի կանոնակարգով թույլատրելի մեկ անգամ աշխատանքային ժամկետի երկարաձգումն անգամ բավարար չէր ցանկալի ծավալի աշխատանք իրականացնելու համար։ Բայց այն, ինչ արվել է, էլի աննախադեպ է իր ծավալնելով և արդյունքուվ՝ հազարավոր էջեր, 800 էջ վերծանումներ։ Այսպիսի ծավալի գործ երբևէ չէր ուսումնասիրվել։ Ասում է՝ եզրակացություններն արդեն այս պահի դրությամբ օգտակար են Զինված ուժերի համար։

Հրապարակվելիք զեկույցն իր մեջ մեղադրական տարրեր չի պարունակելու։ Դա ոչ թե սրբագրելու փորձ է, այլ՝ բոլորովին այլ կառույցի գործառույթ․

«Մենք քննչական մարմին չենք, քրեական հոդվածներ չենք դնում, բայց զեկույցը հնարավորություն է տալու նաև, եթե կան թերացումներ, իսկ դրանք կան, և կոնկրետ մարդիկ են, որոնք թերացել են և դա հետևանք է ունեցել, բնականաբար, կլինեն նաև այլ մարմինների համար ուսումնասիրման և որոշումներ կայացնելու անհրաժեշտություն»։

2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնա­սիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց այս տարվա հունիսին։ Առաջիկայում սպասվում է հանձնաժողովի զեկույցի հրապարակումը, որի զգալի հատվածը, հնարավոր է, գաղտնի լինի։

Կարդացեք նաև

Back to top button