
«Իմ քայլը» հիմնադրամն արտասահմանյան լավագույն համալսարաններում ուսանելու համար կրթաթոշակներ է շնորհել հայ երիտասարդներին: Այս մասին տեղեկացրին հիմնադրամի լրատվական ծառայությունից:
Կրթաթոշակային ծրագիրը, որի հիմքում կրթության միջոցով մարդկային կապիտալի զարգացումն է, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է։

45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով:
Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո:
Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը:

«Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի նպատակն է հնարավորություն տալ հայ երիտասարդներին աշխարհի լավագույն բուհերում ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման համար պահանջվող մասնագիտություններ»,- ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։
Ըստ Ղազարյանի՝ կթաթոշակային ծրագրի կայացման համար երկու տարի շարունակ ջանք չեն խնայել: Ծրագրին հաղորդել են թափանցիկություն, ապահովել վստահության շեմի բարձրացում, մշակել ու կարգավորել ողջ ընթացակարգը՝ կրթաթոշակի հայտարարումից մինչև վերադարձ Հայաստան:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ ծրագրի արդյունավետության բարձրացման գործընթացը լինելու է շարունակական։
«Ընդամենը երեք տարվա ընթացքում մենք ձևավորել ենք կրթաթոշակառուների համայնք. շուրջ 100 մասնագետ, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեծ փոփոխության ալիք բերել իր ոլորտում»,- նշել է Ղազարյանը:
Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվել են կրթաթոշակների հավաստագրերը։




