ԿարևորՀասարակություն

Ավերակից` հանգստի գոտի․ վերակառուցվող Գյումրի

Գյումրու մանվածքային գործարանի տարածքն է, այն 1988-ի երկրաշարժից հետո մեծ աղբավայրի էր վերածվել։ Գործարանն ամբողջությամբ թալանվել էր, տարածքն էլ դարձել ավերակ։ Սակայն այսօրվա տեսարանը բոլորովին այլ է, վերջին 30 տարիները հիշեցնող ոչինչ չկա։

Մի քանի տարի առաջ Էջմիածնեցի գործարար Էդուարդ  Սախկալյանը որոշեց ներդրումային ծրագրեր իրականացնել Գյումրիում։ Գործարանի շենքն ամբողջությամբ վերականգնվել է` վերածվել «Շիրակ Մոլի», փողոցն  ու հարող զբոսայգին վերականգնվել է, յուրօրինակ հանգստի գոտի դարձել  գյումրեցիների համար։

Զբոսայգուն հարող տարածքում գործարանի մյուս մասնաճյուղի շենքը վերածվելու է հյուրանոցի։

Այս շինության ճարտարապետկան տեսքը ևս պահպանվելու է։ «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ–ի հիմնադիր Էդուարդ Սախկալյանը «Ռադիոլուր»–ին պատմեց, որ  սկզբում գյումրեցիները թերահավատորեն  են վերաբերվել նրա ներդրումային ծրագրերին, բայց հիմա տեսնելով կատարված աշխատանքը, ծրագրերին ու հեռանկարներին այլ կերպ են նայում։

Էդուարդ Սախկալյանն ասում է, որ ներդրումային նոր ծրագրեր ընկերությունը նպատակ ունի իրագործել մի քանի ուղղություններով: Նախատեսվում է գործարկել կիրառական արվեստի մի քանի արտադրամաս։  

Այս պահի դրությամբ145 նոր աշխատատեղ է բացվել։

Երկրաշարժից հետո փակվել էին ու անանցանելի էին մնացել գործարանին  հարող երկու փողոցները։ Այժմ Գարեգին Նժդեհի փողոցը կապվել է Խրիմյան Հայրիկ փողոցի հետ։  Էդուարդ Սախկալյանը նշում է, որ ցանկանում է նաև ներդրումային ծրագրեր սկսել հայրենի Էջմիածնում, քանի որ երկրում, ինչպես ասում է, իրավիճակ է փոխվել։

«Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ– հիմնադիրները ներդրումային հեռանկարներ ունեն նաև Վանաձորի հետ կապված։

Կարդացեք նաև

Back to top button