
Սևան քաղաքի տարբեր հատվածներում և փողոցներում հայտնվել են նստարաններ, որոնք հաճելիորեն ուրախացրել են սևանցիներին: Սևանի համայնքապետարանը հրապարակել է լուսանկարներ՝ հետևյալ մեկնաբանությամբ.
«Իրենց ազատ ժամանցը դրսում նախընտրողների համար քայլելն ու ժամանակ առ ժամանակ հանգիստ առնելը դառնում է առավել քան հասանելի, իսկ քաղաքը ստանում է նոր շունչ: Սևանի համայնքապետարան-մասնավոր հատված համագործակցության ևս մեկ դրական օրինակ ենք արձանագրում:
Գործարար, «Վահագն Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Մանուկյանի նախաձեռնությունը ոչ միայն ողջունելի է, այլ նաև օրինակելի: Բարեկարգ ու ներկայանալի քաղաք ունենալու հերթական ձեռնարկն արժանացել է սևանցիների քաջալերանքին, իսկ Սևանի համայնքապետարանն էլ շնորհակալություն է հայտնում լավ գործի համար, միաժամանակ պատրաստ է համագործակցելու այն անձանց ու կազմակերպությունների հետ, ովքեր իրենց քաղաքում ուզում են մի լավ ու համայնքապահպան նախաձեռնություն իրականացնել»:







