
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում թունավորվածների հարազատներն անորոշ վիճակում սպասում են:
«Ես աշխատանքի եմ եղել, եղբորս աղջիկը զանգել է, ասել՝ պապան ծանր է, թունավորվել է, ինչ-որ 5-6 հոգի մահացել են, պապան էլ ծայրահեղ ծանր է: Ես եկել եմ, ոչ կարող եմ տեսնել, ոչ էլ, հեռախոսով բժիշկը եղբորս որդու հետ խոսում է, ինչ-որ բան լսում ենք: Ասում են ինչ-որ հակասրսկում են արել` թունավորման, թե ինչի չգիտեմ, թթվածին է միացրած, սիստեմա է միացրած, հլը պարզ չի, չգիտեն, ասում են ինչքան հնարավոր է աշխատում են, որ լավ լինի: Մենք Հոկտեմբերյանից (Արմավիրից. խմբ.) ենք»:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն Աշոտ Գուրգենյանը պատմում է, որ կիրակի օրվանից սկսած թունավորմամբ կենտրոն է ընդունվել ընդհանուր առմամբ 11 հոգի:
«Սկսվել են կիրակի օրվանից, կիրակի՝ գիշերը և երկուշաբթի ամբողջ օրը, վերջին պացիենտները, որ մեր մոտ ընդունվել են, այսօր են ավելացել: Այդ 11 հոգուց վեցը Հոկտեմբերյան, Արմավիրի մարզից են, կոնկրետ գյուղը չենք կարող ասել, հինգ հոգին Երևանից և բոլորի մոտ կան էգզոգեն թունավորման նշաններ, այսինքն՝ ալկոհոլային թունավորումներ։ Դրանք նախնական դիագնոզ են: Ցավոք` տասնմեկից ութը մահացել է: Շատ ծանր թունավորումներ են եղել: Վեցը մահացել են այստեղ, երկուսն արդեն բերել են այստեղ, մենք փաստել ենք իրենց մահը ընդունարանում: Երկու հոգի ռեանիմացիա են գնում»:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանի խոսքով՝ ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց:
«Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակը, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին»:
«Օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում՝ քաղաքացիների կողմից ձեռք բերված ևս 30 լիտր ալկոհոլային խմիչքը հայտնաբերելու, ինչպես նաև բոլոր գնորդների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- նշում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Ռիմա Եգանյանը:
Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանը: Նախաքննությունը շարունակվում է:





