ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահը շնորհավորել է Գիտելիքի և դպրության օրվա առիթով

ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանն իր ուղերձում առանձնացրել է առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին՝ շնորհավորական խոսքեր ուղղելով առաջին հերթին նրանց:

«Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները։ Դուք՝ այսօրվա սերունդը, հնարավորություն ունեք դա անել ոչ միայն դասական ուղիներով, այլև նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով, ստեղծելով ու դրանց տիրապետելով։

Բայց մինչ այդ պետք է անել առաջին քայլը՝ քայլ դեպի դպրոց։ Այդտեղից է սկսվում այն արահետը, որը դառնալու է ձեր կյանքի ճանապարհը՝ ճանապարհ դեպի պարզ մարդկային հարաբերություններ, ճանապարհ դեպի աշխատանք, ճանապարհ դեպի սեր ու երջանկություն, և իհարկե՝ ճանապարհ դեպի գիտելիք։ Գիտելիք՝ կյանքի, մարդու, աշխարհի և բնության մասին… Այն հեռու թվացող, բայց իրականում շատ մոտ ու հասանելի մի բանալի է։

Բանալի, որով կարելի է բացել բառացիորեն բոլոր դռները՝ տան սովորական դռնից մինչև տիեզերանավի խցիկի դուռը, մեր մտքի ամենախոր գաղտնարանի դռնից մինչև արհեստական բանականության անմատչելի թվացող դուռը։ Այդ բանալուն տիրելու համար շատ պարզ բան է պետք՝ սովորել, ջանալ, աշխատել»,-ասվում է նախագահի ուղերձում։

Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր մանկավարժներին և հատկապես առաջին ուսուցիչներին, որոնք խոր հետք են թողել բոլորիս կյանքում։

«Գիտելիքը ուժ է, որի միջոցով կարելի է ուղղակի և անուղղակի իմաստով սարեր շրջել։ Այդ ուժն առաջին հերթին սնվում է Ընտանիքից, Հայրենիքից, հայրենի հողից։ Հայրենիքն է, որ պետք է դառնա գիտելիքի օգտագործման գլխավոր նպատակակետը։ Դուք կարող եք ստանալ լավագույն կրթությունն ու գիտելիքը, տիրապետել լեզուների և նորագույն տեխնոլոգիաների, ձեր բանականությամբ ստեղծել արհեստական բանականություն և այն ուղղել մեծ արժեքներ ստեղծելուն»,-նշված է ուղերձում։

Նաև հիշեցրել է.  «Առաջնային են ընտանեկան ու ազգային արժեքները և ազգային նպատակները։ Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունն առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը»։

Կարդացեք նաև

Back to top button