ԿարևորՀասարակություն

Անցյալում մնացած ապագայի Երևանը

Սնկանման ճկվող շենքեր, մեքենաների փոխարեն՝ 500 տեղանոց վերելակներ։ Ապագայի Երևանն է՝ նախագծված կես դար առաջ։ Ապագան եկել է, բայց ոչ այն մեկը, որ ֆուտուրիստ Վան Խաչատուրն էր տեսնում։

 «Փաստորեն` այս ապագան մնաց անցյալում, որովհետև մենք գնացինք այլ ապագայի հետևից ինչ-ինչ պատճառներով։ Եթե այսպիսի շինություններ լինեին Երևանում, իրենք շատ խնդրահարույց կլինեին։ Հիմա նման շինություններին նույնիսկ մոտենալն է վախենալու, բայց ես ուզում էի, որ այս ցուցահանդեսը ցույց տար ինչպես էր ստեղծագործողը վաթսունական թվականներին մոտենում ներկային և ապագային», — ասում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը։

Մարկ Գրիգորյանը

Վաթսունականներից անցել է ուղիղ 60 տարի։ Նրանց ապագան մեր ներկան է։ 21-րդ դարի Երևանի տեսանելի փոփոխություններից մեկն էլ Հյուսիսային պողոտան Է։

«Դեֆորմացիաները կապված են լինում երկրի սոցիալական վիճակից։ Թամանյանի գաղափարը ինչ էր, որպեսզի Ազատության հրապարակը միացվեր Հանրապետության հրապարակին։ Այսինքն՝ մշակութային մի հրապարակ միացներ վարչական մի հրապարակի հետ և այդ հրապարակը դառնար մշակութային կապ, մեծ պողոտա, որտեղ պիտի լինեին մշակույթին վերաբերող տարածքներ կամ  ծավալներ։ Մեր մոտ դա մի քիչ աղճատվեց` վերածվելով բնակելի խիտ կառուցապատված թաղամասի»,- նշում է Ճարտարապետության միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Քայլում ենք ցուցասրահում։ Աբստրակտ ֆիգուրները փոխում են քաղաքի պատկերը։ Մաշտոցի պողոտան, Հրազդան մարզադաշտը, Երևանյան լիճը մոնումենտալ կառույցների կողքին այլ տեսք ունեն։ Երևանի նման տեսք հնարավոր է ունենալ, բայց հնարավորի ու անհնարից առաջ կառուցելու ցանկությունն է։

 «էական հարցն այն է՝ թե ինչի դրանք կյանք չմտան։ Այսինքն` ինչի չիրականացվեց, որովհետև ամեն խնդիր, դա իրականացվում է համապատասխան քաղաքականությամբ։ Խորհրդային երկիրը այնպիսի քաղաքականություն չէր վարում այդ ոլորտում, որ նմանատիպ համարձակ բաները, իհարկե կար համարձակ մտքեր, այդ աստիճան համարձակ մտքերի իրականացման քաղաքականություն դեռ չէր վարվում։ Երբ որ վարվի այդ տեսակ քաղաքականություն քաղաքաշինության ոլորտում, բնականաբար դրանք առաջնային պլան կմղվեն և այդ ձևը կամ գաղափարը կարող է դառնալ ապագայի քաղաքների համար հիմք», — նշում է ճարտարապետ Գագիկ Գյուրջյան։

Գագիկ Գյուրջյանը

Մասշտաբային ծրագրերի իրականացումը մնում են ապագայի ուսերին, քանի դեռ մեր կողքին արված փոփոխությունները վիճելի են։

 «Չկար մեկ կառուցապատողը, այսինքն՝ պետությունը, որն ուներ իր սկզբունքները։ Այսինքն, այստեղ հանդես եկան սեփական կառուցապատողներ, սեփականատերեր, որոնք իրենց գումարներն էին դնում և թելադրում էին պետությանը, որ իրենց ուզածը սա է։ Մենք կուլ գնացինք, իհարկե, այդ բաներին»,- ասում է Մկրտիչ Մինասյանը։

Ապագայի քաղաքի գաղափարը պարզապես նկար չէ։ Վան Խաչատուրը պատենտ էր ստացել այն իրագործելու համար։

«Իր քաղաքները, որ տեսնում էին, ասում էին հնարավոր չէ կառուցել։ Ինքը գեղանկարիչ լինելով հանդերձ` եղանակներ հնարեց, ինչպես դա կարելի է կառուցել և ահավոր առաջադեմ, այնքան պարզ, կարծես անձրևանոց։ Թիվը լավ չեմ հիշում, պատենտ ստացավ», — նշում է Վան Խաչատուրի կինը՝ Արփենիկ Ղազարյանը։

Արփենիկ Ղազարյանը

Թամանյանի գլխավոր հատակագիծը, ֆուտուրիստական ճարտարապետական միտքը մշտապես բանակցում են քաղաքի հետ, առաջակում տարբերակներ ներկայի ու ապագայի համար։ Բանակցությունները երբեմն ձախողվում են․ ներկայիս քաղաքը ուզում է ինքնուրույն գործել․

«Փողի ճնշումը ավելի ուժեղ էր, քան` օրենքը։ Փողը սոսկալի բան է, որովհետև որևիցե բաց տեղ` նույնիսկ պուրակները, մենք գցեցինք այդ շահութաբեր տներ կամ հյուրանոցներ կառուցելու տակ։ եվ եթե դու դրան ես գնում, փողը դառնում է պետության համար այնքան անհրաժեշտ բան, որ ասում ես այս մարդը թող կառուցապատի, բայց քաղաքին մի քանի կոպեկ մնա։ Դա բերում է նրան, որ հետո դու քաղաքդ հրապուրանքից զուրկ ես դարձնում։ Նրան զրկում ես հետագայում փող վաստակելու հնարավորությունից»։

Ստեղծել նորը՝ չկորցնելով հինը. թամանյանական, ֆուտուրիստական ու ներկայիս Երևանում ճարտարապետական բանակցությունները շարունակվում են…

Կարդացեք նաև

Back to top button