
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է, որ գերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում Ադրբեջանն ընդհանրապես բավականին հեռուն է գնացել՝ աղաղակող խախտումների առումով։
«Ընդհանրապես գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացվում է շատ փակ ինֆորմացիայով քաղաքականություն, այսինքն՝ մինչեւ անգամ Կարմիր խաչին երբեմն թույլ չեն տալիս, որպեսզի տեսակցություն լինի, շատ ժամանակ՝ միջնորդավորված նամակագրություն եւ այլն։ Տվյալ դեպքում, այն մեսիջները, որ Հայաստանից գնացին՝ առաջին տեսանյութի տարածումից հետո, որոշակի ազդեցություն ունեցան Ադրբեջանի իշխանության վրա եւ փորձեցին երկրորդ տեսանյութով հանդես գալ՝ փորձելով ցուցադրել, որ գերու նկատմամբ ոչ մի բռնություն չի գործադրվել։ Այսինքն, գոնե արտաքնապես, գերու վրա չկա ոչ մի բռնության հետք։ Մինչդեռ, բոլորիս համար էլ հասկանալի էր, որ դա այդպես չէ»,- ասաց Հովհաննիսյանը։
Տեսանյութից առնվազն հասկանալի էր, որ Գուրգեն Ալավերդյանն ընթերցում է պարտադրված տեքստ. ակնհայտ են գերիների մասին Ժնեւյան կոնվենցիայի խախտումներ եւ այդ ամենը պետք է ներկայացվի միջազգային հանրությանը։
«Ճիշտն ասած մեր միակ գործիքակազմը դա է, որ մենք մեր մեկնաբանությամբ ազդենք միջազգային կառույցների վրա, որպեսզի միջազգային կառույցներն էլ ազդեցություն ունենան Ադրբեջանի վրա»,- նշոց փորձագետը։
Գուրգեն Ալավերդյանի ճակատագրի մասին երեկ զրույց է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջեւ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ երեկվա եւ ավելի վաղ հրապարակված տեսահոլովակներին։
«Վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո»,-նշվում է ՊՆ մամուլի խոսնակի գրառման մեջ:

Ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր քննարկվել են նաեւ ԿԽՄԿ-ի հետ։ ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը երեկ ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը։
Նա ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը՝ արձանագրելով միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտումը:
«Հաշվի առնելով տարիներ շարունակ ադրբեջանական իշխանությունների որդեգված նմանատիպ գործելաոճը պաշտպանության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում»,-նշվում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: Արդեն հայտնի է, որ Ադրբեջանի իշխանությունները 5 հոդվածով քրեական գործ են հարուցել Ալավերդյանի նկատմամբ: Ըստ էության, Ադրբեջանի իշխանությունները դեռ չեն կողմնորոշվել՝ Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսա՞նտ, թե՞ որպես թշնամու կողմն անցած անձ:
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը մեզ հետ հեռախոսազրույցում նկատեց, որ սովորաբար Կարմիր խաչի միջնորդավորված կապը գերու հետ այնքան էլ արդյունավետ չէ։ Արա Ղազարյանը նկատեց, որ տվյալ դեպքում այս գործով առայժմ իրավական գործընթաց Հայաստանի կողմից չկա, բայց կան քաղաքական գործընթացներ՝ մասնավորապես ԵԱՀԿ-ի միջոցով, ինչն արդեն արել է ՊՆ-ն։
«Ինչ վերաբերում է իրավական գործընթացին։ Այստեղ կարող է երկու իրավական գործընթաց լինել։ Մեկը՝ անհատական դիմում մարդու իրավունքների հարցերով դատական միջազգային մարմիններին։ Երկրորդը, դա իհարկե ապագայի հարց է, երբ որ պետությունը՝ ՀՀ-ն նախաձեռնի գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ նման շարունակվող դեպքերի վերաբերյալ։ Մասնավորապես, երբ որ Ադրբեջանը հակամարտության պայմաններում խախտում է մարդու իրավունքները՝ գերեվարված զինվորականների, ինչպես նաեւ քաղաքացիական բնակիչների։ Կարծում եմ դա, վաղ թե ուշ, տեղի կունենա»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանը կարծում է, որ տվյալ դեպքում պետք է սկսել անհատական գանգատի ընթացակարգը, ինչը որոշ չափով կստիպի Ադրբեջանին, այսպես թե այնպես, դառնալ հաշվետու միջազգային ատյանին։ Դա կարող է նախականխել հնարավոր վատ վերաբերմունքը։
«Որովհետեւ երբ որ սկսում եք անհատական գանգատ եւ միջազգային դատարանը ընդունում է վարույթ, ինչպես օրինակ՝ Նարեկ Սարդարյանի գործով, կամ՝ Կարեն Ղազարյանի գործով, այդ դեպքում արդեն միջազգային մարմնի պաշտպանության տակ է անցնում տվյալ անձնավորությունը։ Եվ ես չեմ ասում ոմբողջովին վերացնում է, բայց բավականին կաշկանդում է արդեն Ադրբեջանի գայթակղությունը, որպեսզի անձի նկատմամբ վատ վերաբերմունք կամ այլ տեսակի խախտումներ թույլ տան»,- նշեց Արա Ղազարյանը։
Եվրոպական դատարանը կստիպի նաեւ հաշվետու լինել հարազատներին՝ ուղիղ կապ ապահովելու միջոցով, քանի որ միջազգային այդ կառույցն արդեն հաստատել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը հիմք չէ նման կապ չհաստատելու համար՝ եզրափակեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։




