ԿարևորՀասարակություն

Բուհական կրթության էվոլյուցիան․ ի՞նչ ենք փնտրում համալսարաններում

Սա պատմություն է, որը սկսվեց սրանից ուղիղ 60 տարի առաջ․ 1960 թվականին Մարատ Գրիգորյանը մտավ համալսարան ու այլևս դուրս չեկավ այնտեղից։

Սկզբում՝ ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետի ուսանող, հետո՝ ասպիրանտ, ամբիոնի վարիչ, 1980–ից էլ՝ արդեն 40 տարի, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան։ Երազանքների կարիերա Խորհրդային Հայաստանի երիտասարդների մեծամասնության համար։

«Ես միշտ մտածել եմ՝ ես կավարտեմ Երևանի պետական համալսարանը, կստանամ երկրաբանի որակավորումը, կուղարկվեմ աշխատանքի, կապահովվեմ բարձր աշխատավարձով, կստանամ բնակարան և այդպես էլ եղել է, այդ ձգտումը եղել է բոլորի մոտ»,– պատմում է Մարատ Գրիգորյանը։

Ես ու կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր խոսելու ենք բոլորին հայտնի իրողության մասին․ կրթության նկատմամբ վերաբերմունքը հասարակության շրջանում փոխակերպվել է։ Համալսարանական լինելով այլևս ոչ ոքի չես զարմացնի։ Մինչդեռ․․․

«Խորհրդային տարիներին բարձրագույն կրթությունը համարվում էր սահմանափակ ռեսուրս, բոլորին հասուն չէր։ Եվ հենց այդ պատճառով էլ համարվում էր պրիստիժ, լուրջ ձեռքբերում։ Մարդիկ, ովքեր խորհրդային տարիներն ընդունվում էին բուհ, արդեն ձեռք էին բերում որոշակի ստատուս»,– նշում է փորձագետը։

Այդ տարիներին բարձրագույն  կրթություն ունենալը երազանք էր շատերի համար, հանսանելի էր՝ քչերին։ Այդ քչերն էլ հավաստիացնում են՝ դժվար հասանելիությունը ուղիղ համեմատական էր որակին․ Մարատ Գրիգորյանն է պատմում։

Երևանի պետական բժշկական համալսարան

«Ձեզ ասեմ, իմ կուրսի ցածր գիտելիքների ուսանողը այսօրվա բարձր գիտելիքի հետ համեմատած բարձր գիտելիքներ ուներ, որովհետև ծանրաբեռնված էր։ Մեր լաբորատորիաները աշխատում էին մինչև ժամը տասը։ Դասից հետո մենք մի փոքր հանգսատում էինք ու վերադառնում ժամը հինգին։ Մինչև ժամը տասը պարապում էինք կաբինետներում, այսօր համալսարանում դասերը վերջացավ էլ կյանք գոյություն չունի»։

Սերոբ Խաչատրյանը պատմում է բարձրագույն կրթության նկատմամբ վերաբերմունքի առաջին շրջադարձի մասին․ «Անկախությունից հետո բարձրագույն կրթությունը դարձավ վճարովի։ Հիմնական գաղափարն այն էր, որ եթե մենք ուսուցումը բուհերում դարձնենք վճարովի, ապա մարդիկ ավելի լավ կսովորեն, որովհետև իրենք, ի վերջո, վճարում են և կլինեն պահանջատեր, հաստատ կուզեն սովորել»։

Փորձագետի կարծիքով՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության հիմքերը դրվեցին համալսարաններին հատկացվող պետական ֆինանսավորումը կրճատելու պահից․«Հետո սկսվեց հանրային ճնշում կառավարության վրա, որ եթե վճարովի է ուսուցումը՝ ինչու՞ չեք թողնում մենք սովորենք, և այդ ճնշման արդյունքում ի վերջո կառավարությունը տեղի տվեց»։

Գարիկ Մարտիրոսյանը 27 տարի գիրք է վաճառում։ Գրքերի հետ աշխատելու փոխարեն կարող էր շարժիչների, գեներատորների ու տրանսֆորմատորների հետ աշխատել․ ավարտել է Պոլիտեխնիկական համալսարանը, էլեկտրատեխնիկ է։

«Սովորելու, բարձրագույն ավարտելու իմ միակ նպատակը եղել է էն, որ կանքում մի փուլ ավելի բարձրանամ։ Ես մինչև ինստիտուտ գնալն էի աշխատում։ Այն ինձ տալիս էր ոչ թե փող աշխատելու, այլ ավելի բարձր ինտելեկտով մարդկանց հետ շփվելու հնարավորություն»։

Գարիկը 90-ականների ուսանողներից էր․ ի տարբերություն իրենցի ավագ սերնդի՝ չի էլ փորձել համալսարանըդիտարկել որպես մագնագիտություն ձեռք բերելու վայր․

«Միջավայրի խնդիրն է․ ես ընտրել եմ պոլիտեխնիկը, որովհետև տեխնիկական կրթություն ունեցողները բնականաբար ավելի մտածող տեսակ են, ընդամենը։ Ոչ թե շատ իմացող այլ մտածող։ Մեծ հաշվով տարբերություն չկար՝ որ ֆակուլտետում կսովորեի»։

Հաջորդ շրջափուլը՝ կրկին Սերոբ Խաչատրյանի մեկնաբանությամբ։

«Բարձրագույն կրթություն ունենալն էսօր արդեն առանձնապես մեծ բան չի, շատ բուհեր իրենք են խնդրում, որ դու գնաս իրենց մոտ սովորես»։

21–րդ դարը ծնեց միտքն այն մասին, որ համալսարանը ոչ թե գիտելիք, այլ դիպլոմ ստանալու համար է։

«Էն, որ հայ մարդը կարող է իր վերջին կովը վաճառել կամ վարկ վերցնել, որպեսզի վճարի երեխայի ուսման վարձը դեռևս չի նշանակում, որ մենք կրթությունը արժևորում ենք։ Էստեղ ուրիշ երևույթ է գործում։ Ծնողը մտածում է էս տրամաբանությամբ․ եթե մյուսների երեխաները ընդունվել են, ինչու՞ պիտի իմ երեխեն էլ չընդունվի։ Այսինքն՝ ինքը էս քայլերին, էս զոհողություններին գնում է էն պատճառով, որ իր երեխան էդ մրցակցությւոնից հանկարծ դուրս չմնա, իր ընկերներից հետ չմնա, եթե բարեկամները ընդունվել են՝ իր երեխան էլ ընդունվի»։

Իսկ վարսահարդար Սամվել Մոսոյանն այլ կարծիք ունի․ «Կրթված լինելու համար բարձրագույն կրթւոթյունը պարտադիր չի։ Օրինակ ես բարձրագույն կրթություն չունեմ, բայց իմ աշխատանքով իմ ընտանիքը լավ պահում եմ ու ես շատ գոհ եմ։ Համալսարանները ուսման մեջ իրենց տեսնող սովորող մարդկանց համար են, եթե ուսման մեջ դու քեզ չտեսնես, դու սովորող մարդ չլինես, բայց դու քեզ խաբելով գնաս սովորես, դա էլ ճիշտ չի»։

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ սա այսօրվա սերդնի այցեքարտերից մեկն է․ ջահելներն ավելի պրագմատիկ են․ «Իրենք նաև հասկանում են, որ ավելի լավ է՝ քոլեջում սովորի և արհեստավոր դառնա, քան թե սովորի բուհում, ստանա բարձրագույն կրթության դիպլոմ և դառնա տաքսու վարորդ․․․ էդ դեպքում ավելի լավ չէ՞ միանգամից դառնալ տաքսու վարորդ»։

Կար ժամանակ, երբ համալսարանը ընտրյալների համար էր․ բարձրագույն կրթությունը հասարակական բարձր դիրքի մաիսն էր խոսում։ Համալսարանում նրանք էին, ովքեր իսկապես պիտի լինեին այնտեղ։ Հետո ինչ–որ բան փոխվեց։

Բայց ամեն ինչ հնին վերադարձնելը ժամանակի բնավորությունն է։

Տասնամյակների շրջափուլից հետո բարձրագույն կրթությունը կլինի դրա կարիքն ունեցողներինը։

Կարդացեք նաև

Back to top button