ԿարևորՀասարակություն

Փլուզված շենքի բնակիչները հյուրանոցում կապրեն

Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219739834512092&id=1405208089

Այսօր Զեյթուն թաղամասի բնակելի շենքերից մեկում պայթյուն էր որոտացել։ Մեկ մարդ զոհվել էր։

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային բնակելի շենքում։ Մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 

Փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, շենքի փլուզված հատվածից և հարակից բնակարաններից իրականացրել են 19 քաղաքացու տարհանում։

Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ժամը 08։20-ի սահմաններում փլատակներից դուրս է բերվել երկու տուժած քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ի (ծնված 1949 թ․) առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր։

Ժամը 13։01-ին՝ մոտ հինգ ժամ շարունակվող որոնողափրկարարական աշխատանքներից հետո, փրկարարներին հաջողվեց փլատակներից դուրս բերել Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։

Տարհանման և որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են ինժեներական տեխնիկա (ավտոկռունկ, ինքնաթափ, ավտոզամբյուղ), ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ տարհանման ծառայության ավտոքարշակը։

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի կողմից շենքի բոլոր մուտքերում և բնակարաններում  կատարվել է ակնադիտական հետազոտություն։

Բնակելի շենքի վթարային վիճակն ուսումնասիրելու նպատակով անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է նաև օդային հետախուզություն և մշտադիտարկում։

Դեպքի վայրում հերթապահում են շտապօգնության երեք ավտոմեքենա․ անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին տեղում ցուցաբերում են համապատասխան օգնություն։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են գտնվում 72 փրկարար ծառայող, ԱԻՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից, ոստիկանության, շտապօգնության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։

Փրկարարներն իրականացնում են տարածքից շինության փլուզված հատվածի կառուցատարրերի քանդման և հեռացման աշխատանքներ։

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Կարդացեք նաև

Back to top button