ԿարևորՀասարակություն

Ռեստորանում առանց դիմակի, դասարանում՝ դիմակով

Այսօր ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է: Ժողովը հրավիրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյնաը։ Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում: Թերևս այդ ժողովին է սպասում նաև հասարակության մեծամասնությունը՝ ուսուցչները, աշակերտներն ու ծնողները։

Հույս ունեն, որ գոնե այլընտրանքային տարբերակներ կառաջարկվեն, քանի որ մեծամասնությունը այդպես էլ չի պատկերացնում, թե ինչպես են, օրինակ՝ 6-7 տարեկան երեխաները մի քանի ժամ շարունակ դիմակով ներկայանալու դպրոց, մնալու նույն դասասենյակում, լսելու դասը ու յուրացնելու այն։

7-րդ դասարան փոխադրված Հովհաննեսի մայրը՝ Վիկտորիա Վարդանյանը, անարդյունավետ է համարում կրթության նախարարության ներկայացրած սահմանափակումներով դպրոցների վերաբացումը։ Ավելին՝ չի պատկերացնում, թե իր տղան, որը տեսողական խնդիր ունի, ինչպես է համադրելու ակնոցներն ու դիմակը։

«Տղաս կրում է ակնոց, իսկ ակնոցն ու դիմակը միասին անհամատեղելի են։Վարչապետն ասաց, որ դպրոցները բացվելուն պես ունենալու ենք հիվանդության թվի մեծ աճ։ Եթե 100 տոկոս վստահություն կա, որ լինելու է թվի աճ, ապա ինչու ենք մենք ռիսկի դիմում։ Կամ պարետը որոշում է կայացնում, որ ռեստորաններում կարող են միջոցառումներ անցկացնել 40 հոգով առանց դիմակի։ Այդտեղ կարելի է դիմակ չկրել, բայց դասարանում պարտադի՞ր է»,- ասաց Հովհաննեսի մայրը։

Ծնողների մի մասը կարծում է՝ պետք է ընտրության հնարավորություն տրվեր դպրոցներին, որոնք էլ կորոշեին, թե ինչպես կազմակերպեն դասընթացները։ Իսկ հիմա փաստի առաջ են կանգնել թե՛ դպրոցները, թե՛ ծնողները․ 

«Հասկանում եմ, որ կառավարությունը սա անում է վարակը կանխելու նպատակով, բայց չեմ կարծում, որ երեխաներն այդքան երկար կդիմանան դիմակով։ Հաստատ դիպչելու են թե՛ դեմքին, թե՛ դիմակին»։

«Երեխաների մի մասն ունեն շնչառական խնդիրներ, ու ժամեր շարունակ դիմակ կրելը կարծում եմ բացասական հետևանք կթողնի նրանց առողջության վրա։ Հետո, տարրական սեկտորում երեխաները դիմակին զուգահեռ չեն կարողանալու կենտրոնանալ դասերի վրա»։

Սեպտեմբերի 15-ից բացվող ուսումնական հաստատություններում աշակերտները դասերին կմասնակցեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները, դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո:

Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Եղեգնաձորի համար 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աննա Հովհաննիսյանը, իհարկե, գնահատում է նախարարության ջանքերը, բայց չի պատկերացնում, թե օրինակ 6-7 տարեկան երեխան ինչպես է դիմակ կրելով դաս սովորելու ու ինչպես են իրենք՝ ուսուցիչները հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևելու։

«Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են 6-7 տարեկան երեխաները երեք ժամ շարունակ անշարժ նստել, չվազել, դասամիջոցներին դուրս չգալ, մի բան էլ՝ դիմակներով»,- ասաց ուսուցչուհին։

Շատ ավելի արդյունավետ կլիներ հեռավար կրթությունը, քան այն, ինչ հիմա է առաջարկվում, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց երևանյան դպրոցներից մեկի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը։

«Մեր դպրոցում իրականացվում է ներառական կրթություն,  դիմակ կրելն արդեն խոչընդոտ է, առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար ՝ առավել ևս։ Շատ դժվար է լինելու»,- նշեց է Ստեփանյանը։

Նախարարությունում, իհարկե, այս բոլոր խնդիրներին ծանոթ են ու հաշվի առնելով  այդ ամենը, այնուամենայնիվ, ամենաարդյունավետ տարբերակն են գտել։

«Ռադիոլուրի» հետ զրույցում հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը խոստովանեց․ դժվար է լինելու, բայց պետք է փորձենք։

«Երբ դեռ պարզ չէր՝ դասերը սկսվելու են, թե` ոչ, հեռավար են կազմակերպվելու, թե` ոչ, ծնողների զգալի մասը դժգոհում էին, որ այլևս չեն ուզում հեռավար, ուսում են, որ երեխաները գան դպրոց։ Եկեք սպասենք ամսի 15-ին, երեխաներին ընդունենք դպրոց, սկսենք աշխատել։ Շատ կարևոր է, որ մենք համախմբված հանդես գանք ու այս դժվարությունը միասին հաղթահարենք։  Դժվար է լինելու, բայց անվտանգությունը երևի ամենակարևորն է այս պարագայում»,- ասաց փորձագետը։

Գերտեսչության պատասխանատուները կարծում են, որ դիմակը վարակի տարածման կանխարգելման ամենալավ միջոցն է, և որքան որակյալ դա կազմակերպվի, այնքան մեծ է հավանականությունը, որ մոտ ապագայում կհրաժարվեն նաև այս սահմանափակումներից՝  վերադառնալով լիարժեք դասապրոցեսին։

Կարդացեք նաև

Back to top button