ԿարևորՀասարակություն

Քսանից ավելի աշակերտ ունեցող դասարանները եռօրյա հերթափոխով կհաճախեն դպրոց

Եթե դասարանում կա ավելի քան 20 աշակերտ, այն կկիսվի խմբերի։ Երեխաները դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ յուրաքանչյուր խումբը 3 օր, տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօրվա ասուլիսում՝ ներկայացնելով, թե համավարակի պայմաններում ինչպես են գործելու հանրակրթական դպրոցները: Սա հնարավորություն կտա կրճատել միաժամանակ դպրոցում գտնվողների թիվը, նվազեցնելով շփման ինտենսիվությունը:

Երեխան դպրոց կարող է գնալ մեկ անձի ուղեկցությամբ։ Դպրոցում նշանակվելու է COVID-19-ի հսկողության պատասխանատու՝ ի պաշտոնե դպրոցի տնօրենը, որը պատասխանատու է լինելու կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կանոնները պահպանելու համար:

«Կորոնավիրուսի տարածման ռիսկը շատ ավելի է բարձրանում մեծ քանակով մարդկանց ինտենսիվ շփման պարագայում։ Փորձել ենք այնպիսի կանոններ սահմանել, որոնք հնարավորություն են տալիս հնարավորինս նվազեցնել ինտենսիվ շփումը։ Այդ կանոններից է նաև դպրոցների հնարավոր բոլոր մուտքերի օգտագործումը։ Սա նշանակում է, որ մենք փորձում ենք  խորհուրդ տալ, հաշվի առնելով դպրոցի կառուցվածքը, տարբեր մուտքերով երեխաներին ընդունել»,-հավելել է փոխնախարարը։

ԿԳՄՍ փոխնախարարը նաև հայտնել է, որ հավելյալ միջոցներն են ուղղվել դպրոցներում անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար։

Կարդացեք նաև

Back to top button