
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթված և մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է։ Ինչպես Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, տան անդամները ծանր հոգեվիճակում են, տեսախցիկների առաջ դեռևս խոսել չեն ցանկանում։
«Շատ առաքինի ընտանիք են։ Ես հրամանատարի հետ էլ եմ խոսել, նա էլ է ասել, որ շատ առաքինի ծառայող է եղել։ Գուրգեն Ալավերդյանը մանկուց իր աչքի առաջ է մեծացել, հարևան են եղել և իր աղջկա հետ նույն դասարանում են սովորել։ Մայրն ուսուցչուհի է, հայր չունի, երկու երեխայի հայր է։ Քաղաքապետը հանդիպել է, նորից հանդիպելու է տան անդամների հետ, ինչով կարող են աջակցելու են, մինչև տեսնեն ինչ կլինի»,- ասաց Արմեն Ավետիսյանը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հետևում է հրապարակումներին, գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին մեզ փոխանցեց, որ կապի և երկխոսության մեջ են երկու երկրների իշխանությունների հետ։ Թե մեր ռազմագերու հետ կարմիր Խաչի ներկայացուցիչները երբ կհանդիպեն, դեռևս պարզ չէ։
«Նման ժամկետներ ամրագրված չեն որևէ տեղ, սակայն ,հասկանալով պահի լրջությունը և ճակատագրական հարցերը կապված նման անձանց հետ, մենք, իհարկե, դա փորձում ենք անել անհապաղ, ինչքան հնարավոր է արագ` հաշվի առնելով հանգամանքները»,- ասաց Ամատունին։
Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ուսումնասիրել է Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը, որոնք առկա են «YouTube» –ում, ինչպես նաև ադրբեջանական տարբեր կայքերում:

Տեսանյութերում սպան ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը: Գուրգեն Ալավերդյանը շրջապատված է ադրբեջանցի զինվորականներով, որոնք անում են նրա արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են սպայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով, իրավիճակը «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացրեց ՄԻՊ աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը։
«Ժնևյան կոնվենցիաներով ռազմագերիների վերաբերյալ կարգավորումներ ունենք, որոնք երաշխավորում են պատվի ու արժանապատվության հարգանքը ցանկացած պարագայում։ Այս դեպքում մենք կարծում ենք, որ ոչ միայն Ժնևյան, այլ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը երաշխավորում են անձի հարգանքի իրավունքը արժանապատվության և անձի նկատմամբ , որը ունիվերսալ դրույթներն են, որոնք անկախ ժամանակից և տարածությունից ենթակա են կիրառման»,- ասաց Միքայել Խաչատրյանը։
Արդեն իսկ հրապարակվել են տեսանյութեր, որոնք խախտել են Ժնևյան երրորդ կոնվեցիան, իր հերթին ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։
«Ժնևյան երրորդ կոնվեցիան է տարածվում տվյալ դեպքում անձի իրավունքների պաշտպանության վրա և Ադրբեջանը կարողացել է ցուցադրական ապացուցել, որ նա բանի տեղ չի դնում միջազգային իրավունքի մանավանդ մարդասիրական իրավունքի որևէ նորմ։ Ոտնահարվել է ամենակարևոր յուրահատուկ մի նորմ ևս, դա այն է, որ զերին կամ պատանդը պետք է հեռու մնան ավելորդ հետաքրքրությունից։ Արժանապատվությունը պետք է հարգվի բոլոր դեպքերում, դա անձեռնմխելի է»,- նշեց Ալավերդյանը։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է միջազգային գործընկեր կազմակերպություններին՝ ակնկալելով իրենց լիազորությունների շրջանակներում կառույցների միջամտությունը։




