ԿարևորՀասարակություն

Կապանում բարեկարգումն սկսվում է ապօրինի կառույցների ապամոնտաժումով

ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի մեկնարկը Կապան համայնքում արդեն տրված է։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ներհամայնքային  ճանապարհների ասֆալտապատման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքները։ Բարեկարգման համար հարկավոր է ազատվել ինքնաշեն կառույցներից, այդ իսկ պատճառով այժմ իրականացնում են ինքնակամ կառույցների և ապօրինի ցանկապատված տարածքների ապամոնտաժում։

«Եթե քանդում են, բան չունեմ ասելու, թող քանդեն։ Եթե սրանից լավն է լինելու, թող լավը լինի»,- ասում է Վենետիկ Ղազարյանը, Կապանի Արամ Մանուկյան փողոցի բնակիչներից մեկը։

Համայնքապետարանն ապամոնտաժում է նրա այգին,  չի բողոքում․ ժամանակին սեփականաշնորհել չի կարողացել, քանի որ օրենքով չի թույլատրվել։

«Քաղաքապետերը նամակ են գրել ինձ, որ կանաչ գազոն է, հնարավոր չէ»։

Փողոցի բնակիչ Աշոտ Ղուլյանին էլ հարցրի, թե ինչպես է վերաբերում ինքնակամ կառույցների և ապօրինի ցանկապատված տարածքների ապամոնտաժմանն ու տարածքի բարեկարգմանը։

«Դժգոհողներ կլինեն, մարդիկ տնկել են, աճեցրել են, վատներն է գալիս, բայց դե մի մարդու վատն  է գալիս, տեսեք ինչքան մարդ է ուրախանալու։ Բոլորինս է,  պետք է հարմարվենք»։

Կապանի Արամ Մանուկյան փողոցում վերջին անգամ նորոգում ու բարեկարգում է իրականացվել է 1987 թվականին։ Այստեղ ապրողները տնակ են կառուցել` ով ինչով կարողացել է, սակայն դրանք չեն օրինականացվել։ Արդեն ապամոնտաժվել է  շուրջ 60 ինքնակամ կառույց, 50-ից ավելի ապօրինի ցանկապատված տարածք։

Կապան համայնքապետի օգնական Մհեր Ավետիսյան․ «Տարիներ ի վեր տարածքները ապօրինի զավթել էին և իրականացնում էին այգեգործական աշխատանքներ։ Բնակիչների շրջանում բացատրական աշխատանքներ իրականացնելուց հետո մեծամասնությունը շատ լավ ընդունեց (բարեկարգման աշխատանքները. խմբ.)»։

Այս տարածքներում իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ, քանի որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում բակերը պետք է բարեկարգվեն։ Նախատեսվում են նաեւ ներհամայնքային  ճանապարհների ասֆալտապատման և հիմնանորոգման լայնամասշտաբ աշխատանքները։  

Կապան համայնքապետի օգնական Մհեր Ավետիսյան․ «Սուբվենցիոն ծրագրի շրջանակում այս փողոցում  նախատեսված  է շուրջ 144 միլիոն դրամի ներդրում։ Նախատեսվում է ապամոնտաժելուց հետո այդ տարածքները բարեկարգել` հետագայում շենքերի բնակիչների համար  կառուցել կանաչապատ տարածքներ, սիզամարգեր, ինչպես նաև հանգստի գոտի ու խաղահրապարակ»։

Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը 800 մլն դրամից ավելի է, որի 60%-ը Կառավարության ներդրումն է, իսկ 40%-ը Կապան համայնքինը:

Կարդացեք նաև

Back to top button