ԿարևորՀասարակություն

«Փակված խոպանի» հետևանքները

Շիրակի մարզի Գետք համայնքն այս տարի սովորականից ավելի տղամարդաշատ է, բայց կանայք գոհ  չեն․ «Էս ժողովուրդը ինչըխ ապրի, խոպանը փակեցին, գոնե էդ խոպանով էին ապրում։ Ժողովուրդը սավսեմ կործանվի գը»։

Խոպանով է ապրում ու ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում Գետքի տղամարդկանց կեսից ավելին։ Համավարակի պատճառով  այս տարի շատերը եկել ու մնացել են՝ զրկվելով եկամտի միակ աղբյուրից։

17 տարվա խոպանչի Սագիս Զաքարյանն արդեն կես տարի, ինչպես ինքն է ասում, սպասումի ռեժիմի մեջ է․

«Չգիտենք՝ ինչ կլինի, երբ էս արտակարգ դրությունը կվերանա։  Կարող է սեպտեմբերին լինի, բայց այդ ժամանակ էլ արդեն գնալը անիմաստ է։ Պետությունից սպասում ենք, որ օգնություն տան, էդ էլ չգիտենք՝ կլինի, չի լինի»,- պատմում է Սագիս Զաքարյանը։

Նրա բախտակիցները  շատ են նաև Կապանում։ Ռուդիկ Հակոբյանն էլ  շուրջ կես տարի առաջ Ռուսաստանից եկել ու մնացել է․

«Մենք Ռուսաստանի քաղաքացի ենք, մի տեղ ասա, գնամ աշխատեմ, պասպորտս ռուսական է, չեն վերցնում։ Էկել եմ ու գերի մնացել»,- ասում է Ռուդիկ Հակոբյանը։

«Հայկական Կարիտաս» կազմակերպության փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետազոտություն-վերլուծությունը բացահայտում է համավարակի ազդեցությունն աշխատանքային միգրացիայի վրա առհասարակ․ Հայաստանում ինչ խնդիրների են բախվում  աշխատանքային միգրանտները, թվային ինչպիսի  պատկեր  ունենք ․

«Թվային տվյալները, երբ ես դիտարկեցի ՌԴ միգրացիոն  հարցերով գերատեսչության կայքում, պարզվեց, որ այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել են մոտ 40600 ՀՀ քաղաքացի աշխատանքի նպատակով։ Այնինչ՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածում  նրանց թիվը եղել է 106 հազարից ավելի։ Այսինքն՝ առնվազն 60 հազար մարդ այս տարի պակաս է գրանցվել, որովհետև չեն կարողացել մեկնել, սահմանները փակ էին»,- նշում է Բեժանյանը։

Ըստ փորձագետի, եթե հաշվի առնենք, որ տարբեր տարիների տվյալներով մեր ՀՆԱ-ի 12-20 տոկոսը  ապահովում են դրսից ուղարկված դրամական փոխանցումները, որոնց 60 տոկոսն էլ  գալիս էր մասնավորապես Ռուսաստանից, ապա ակնհայտ է, որ  մեր տնտեսության վրա այս ամենի ազդեցությունը շոշափելիորեն զգալու ենք։  

«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը հայտարարեց, որ  ապրիլին մարտ ամսվա համեմատ գործազրկության  56 տոկոսանոց  աճ են ունեցել։ Այսինքն՝ ՌԴ-ում գործազրկության կտրուկ աճ կա, և այն ոլորտը՝ շինարարության, որտեղ մեր միգրանտները հիմնականում աշխատում են/10-ից  8-ը աշխատում են հենց այդ ոլորտներում/ ամենատուժածն է։ Դա նշանակում է, որ սահմանները բացվելու դեպքում էլ  անգամ մեր միգրանտներին այնտեղ որևէ աշխատանք չի սպասում»,- ասում է փորձագետը։

Եվրամիության երկրներն էլ՝  թեև չեն թաքցնում, որ մասնավորապես ոչ բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների բացը բացասական ազդեցություն է ունեցել իրենց տնտեսությունների վրա, սակայն հայտարարել են նաև գործազրկության 26 տոկոսանոց  աճի մասին, ինչը աշխատանքային միգրանտներին լավատեսական հեռանկար առայժմ չի խոստանում։  Եվրոպան նրանց դեռ երկար չի ընդունի ։ Հետազոտության արդյունքներով՝ համավարակի փակ սահմաններից ամենից շատ տուժել են Գեղարքունիքը, Շիրակը և Լոռին։ Ավանդաբար հենց այս մարզերից էլ մեկնում են արտագնա աշխատանքի։

Հետազոտության շրջանակում ուղումնասիրվել են նաև կառավարության կողմից համավարակի շրջանում իրականացվող ծրագրերը՝ որքանով են դրանք օգտակար եղել հատկապես արտագնա աշխատանքից զրկվածների համար։

«23 աջակցության ծրագիր է մեր կառավարությունը իրականացրել, մի հատվածը տնտեսական հետևանքների չեզոքացման ուղղությամբ, մյուս հատվածը՝ սոցիալական։ Բայց այդ ծրագրերում, որպես այդպիսին՝ աշխատանքային միգրանտ,  չափորոշիչ չկար։ Մի ծրագիր կա, որը ուղղակիորեն առնչվում է նրանց, դա լայնածավալ  շինարարական ծրագրերում արտագնա աշխատանքի մեկնել չկարողացած անձանց ներգրավելու ծրագիրն է, որի շրջանակում մարդկանց գրանցում են, տվյալները փոխանցում են շինարարական կազմակերպություններին, որոնք պետք է այդ ցանկից իրենց համար աշխատողներ վերցնեն»։

Գրանցված  10377   քաղաքացիներից  այս պահի դրությամբ շինաշխատանքներում ներգրավված է 970-ը, այսինքն՝ նրանց միայն 9.8  տոկոսը։  Հետազոտության հեղինակը փորձել է պարզել  նաև պատճառները՝ ինչու են նման քիչ թվով մարդիկ ընդգրկվել այս աշխատանքներում․

«Մի մասը տեղեկացրեց, որ աշխատավարձը ցածր էր, մի մասը հայտարարեց, որ ինքը այլ աշխատանք ինքնուրույն արդեն գտել է։ Ոմանք ասացին, որ բնակության վայրից շատ հեռու էր, չէին կարող գնալ  և այնտեղ աշխատել, մյուսները նշեցին, որ շինարարական կազմակերպությունները տրամադրված են ավելի ստաբիլ  աշխատողների վերցնել, որոնք ճանապարհները բացվելու դեպքում չեն թողնի ու գնա»,- ասում է Տաթևիկ Բեժանյանը։

Հարցվածների 60 տոկոսը նշել է, որ ճանապարհները բացվելու դեպքում  միանշանակ  մեկնելու է  արտագնա աշխատանքի։  Հնարավոր է, որ կմեկնի, նշել է  հարցվածների 30 տոկոսը, և միայն տասը տոկոսը, որոնք հիմնականում կանայք են, պատասխանել է, որ  սահմանները բացվելու  դեպքում էլ չեն մեկնի։

«Հիմնականում Թուրքիայից եկած տարիքով կանայք են նշում, որ իրենք այլևս չեն պատրաստվում գնալ»։

Շրջանառվող այն տեսակետը, թե արտագնա աշխատանքի չմեկնելը կարող է նպաստել   գյուղատնտեսության զարգացմանը, այսինքն՝ չմեկնածները  ստիպված  կմշակեն սեփական հողամասը, չի արդարացվել։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, արտագնա աշխատանքի մեկնելն այդ առումով հաճախ ավելի օգտակար է լինում․

«Նրանց մեկնելը նպաստում էր, որ ընտանիքներն այստեղ զբաղվեն գյուղատնտեսությամբ, որովհետև նրանք գումար էին ուղարկում, այստեղ տրակտոր էին վարձում, վառելիք էին գնում ․․․այս տարի այդ գումարները բացակայում են»։

Զրուցակցիս դիտարկմամբ՝ Հայաստանում գյուղատնտեսությամբ չզբաղվելու հիմանական պատճառը ոչ թե արտագնա աշխատանքն է, այլ ոռոգման ջրի, գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների ու իրացման խնդիրները։

Կարդացեք նաև

Back to top button