
Վերջին շրջանում Երևանում շատացել ու ակտիվացել են թափառող շները, ահազանգում են բնակիչները։ Հաճախ ենք լսում շների ագրեսիվ պահվածքի և որոշ դեպքերում նաև մարդկանց վրա հարձակման դեպքերի մասին։ Հարձակման թերևս ամենաաղմկահարույց դեպքից ամիսներ են անցել, բայց մինչ օրս էլ տուժած երեխաների ծնողները անհանգիստ են։
Ճիշտ է, տարել, վնասազերծել են բակի շներին, բայց միայն նրանց ներկայությունն արդեն իսկ հիշեցնում է պատահածի մասին, երեխայի վախը չի անցել, «Ռադիոլուրի» հետ զրույցում պատում է 6 ամյա Հերմինեի մայրը՝ Հարավ–Արևմտյան թաղամասի բնակիչ Ասյա Մխիթարյանը։
«Եթե նկատում է, որ տան շուն է, հետը տեր կա, մոտենում, սիրում է։ Բայց եթե տեսնում է, որ թափառղ շուն է, ձեռքս բռնում է ու վախենում։ Վախը ինձ թվում է ժամանակի հետ կանցնի, որովհետև ինքը շուն շատ է սիրում, նույիսկ երազում է պահել, բայց սկզբում շատ ահավոր էր»,- ասում է Ասյա Մխիթարյանը։
Օրեր առաջ մեզ ևս մի շարք քաղաքացիներ էին դիմել թափառող շների խնդրով, սակայն ավելի ուշ հայտնեցին, որ իրենց ահազանգի հետքերով եկել են քաղաքապետանի համապատասխան կառույցի աշխատակիցները, որից հետո կենդանիներն այլևս չեն անհանգստացնում իրենց։
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն օրական միջինը 40 ահազանգ է ունենում, գնում է յուրաքանչյուր ահազանգի հետքով։ Ամենամեծ թվով ահազագները Դավիթաշենից և Հարավ–Արևմտյան թաղամասից են։ Կենտրոնի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը «Ռադիլուրին» հայտնեց, որ միայն անցյալ շաբաթ 151 շուն են տեղափոխել կլինիկա՝ստերջացման նպատակով։
«Բժիշկների հետազոտությունից հետո որպես կանոն հետ են վերադառնում նորից տարածք։ Եթե շունը այդտեղ բնակվում է, նշանակում է սնունդ ունի։ Իր տեղն ուրիշ շներով զբաղեցնելը սխալ կլինի։ Այնքան վատ կլինի նույն բնակչության համար, որ բնակիչները խնդրելու, պահանջելու են՝ մեր հին շներին հետ բերեք։ Քաղաքի ավագանին շատ խիստ հսկում և հետևում է, որ մենք շների տարածքը չփոխենք, որպեսզի ավելի մեծ խնդիրներ չառաջանան»,- նշում է Աղաբեկյանը։

Շների այս սեզոնի ակտիվությունը պայմանավորված է սնունդի բացակայությամբ։ Նաև ամառ է, բոլորի պատուհանները բաց են, ու հատկապես գիշերային ժամերին շների հաչոցը շատ է անհանգստացնում բնակիչներին, նկատեց ՀՈԱԿ–ի տնօրենը։
Անհանգստացնում է ոչ այնքան աղմուկը, որքան մոտեցող ուսումնական տարին, խոստովանում է տուժած 6- ամյա աղջնակի մայրը։ Առջևում նոր ուսումնական տարին է, և ծնողները չգիտեն, թե ինչպես են երեխաներին ճանապարհելու դպրոց՝ իմանալով, որ կարող է նորից շների ոհմակի հանդիպեն, ասում է։
«Եթե սեպտեմբերին նորից դպրոցները սկսեն գործել, չգիտենք, ոնց պետք է մեր երեխաների դպրոց հաճախելը կազմակերպենք։ Բոլոր ծնողներս կոչ ենք անում քաղաքապետարանին լուրջ մոտենալ այս խնդրին»։
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից հայտնեցին, որ իրենք արդեն պատրաստվում են նոր ուսումնական տարվան։ Դեպի դպրոց և մանկապատեզ տանող ճանապարհի շներին, իհարկե, չեն կարող վերացնել, բայց գոնե ուսումնական հաստատության մերձակայքը փորձում են հնարավորինս անվտանգ դարձնել երեխաների համար։
«Պլանավորել ենք մինչև ամսի 15-ը բոլոր դպրոցների ու մանկապարտեզների տարածքներն ուսումնասիրել։ Եթե շուն կա, որ այդտեղ բնակություն է հաստատել, կտեղափոխենք տարածքից»,- ասում է Աղաբեկյանը։
Նա վստահեցնում է, որ ամեն ինչ անում են բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։ Այս պահին խնդրի լուծման միակ տարբերակը ստերջացումն է: Սպանդը բացառվում է։ Կենտրոնի տնօրենը չի թաքցնում՝ մեկ- երկու տարում հնարավոր չէ լուծել թափառող շների խնդիրը։ Աշխատանքի արդյունքը կտեսնենք 4-5 տարուց։ Հորդորում է սպասել ևս մի քանի տարի ու պաշտպանված կլինեն թե շները, թե մարդիկ:




