ԿարևորՀասարակություն

2020-ին նախատեսվում են կենսական նշանակության 12 ճանապարհների վերականգնման աշխատանքներ

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2020թ. նախատեսվում է սկսել շուրջ 67.8կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության 12 ճանապարհների վերականգնման աշխատանքներ։ Մինչ շինարարական աշխատանքների մեկնարկը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները‚ ճանապարհի վերականգնման նախագիծն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը հանրային լսումներ են կազմակերպում շահառու համայնքներում։ Համայնքների բնակիչներին մանրամասն ներկայացվում են իրականացվելիք աշխատանքները‚ բողոքների լուծման մեխանիզմը‚ շինարարության ընթացքում բնապահպանական երաշխիքների պահպանմանը‚ երթևեկության և հետիոտնի անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ 

Հանրային լսումներ կայացել են Արարատի մարզի Նորամարգ‚ Գեղարքունիքի մարզի Սևան‚ Լոռու մարզի Մեծ Պարնի‚ Կաթնաջուր‚ Եղեգնուտ‚ Դեբեդ‚ Շիարկի մարզի Շիրակ‚ Կամո համայնքներում։
Շահառու բնակիչների հետ հանդիպումներում «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի բնապահպանական և սոցիալական հարցերի մասնագետ Շուշան Քուրքչիյանը ներկաներին ծանոթացրել է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրին‚ վերականգնման ենթակա ճանապարհների ընտրության սկզբունքներին։

Ըստ Շուշան Քուրքչիյանի ճանապարհների վերականգնման շրջանակներում իրականացվելիք բոլոր աշխատանքները կատարվում են՝ բնապահպանական նորմերը պահպանելով‚ մասնավորապես‚ աշխատանքների ընթացքում մշտապես ջրցողում է կատարվում՝ շինհրապարակում նվազագույնի հասցնելով փոշու քանակը‚ շինարարության ընթացքում շինարարական աղբը ժամանակին հեռացվում է շինհրապարակից, ինչպես նաև շինարարական կազմակերպության աշխատակիցներն առաջնորդվում են վարքագծային փաստաթղթի կետերով:

Բնակիչները տեղեկացվել են‚ որ ճանապարհաշինության ընթացքում առաջացած հարցերով պետք է դիմեն շինարարին‚ որը‚ խնդիրները գրանցելով հատուկ գրանցամատյանում‚ պետք է դրանց լուծում տա։ Եթե այս մակարդակում հարցերը չլուծվեն‚ ապա բնակիչները կարող են դիմել Ճանապարհային դեպարտամենտին։ 

Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները և նախագծողը հանդիպման ընթացքում պատասխանում են նաև բնակիչների հարցերին‚ որոնք հիմնականում առնչվում են շինաշխատանքների իրականացման ժամկետներին‚ ճանապարհի վրա անվտանգության տարրերի տեղադրմանը‚ վերականգնված ճանապարհների հետագա շահագործմանը և այլն։ 

Առաջիկա օրերին հանրային իրազեկման հանդիպումներ տեղի կունենան նաև Սյունիքի մարզի Խոտ‚ Նորավան‚ Արագածոտնի մարզի Դավթաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերում։

https://www.facebook.com/armroad.am/posts/3163583447092661

Կարդացեք նաև

Back to top button