
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունել է «ԷԴԼԵՆ» հայ-իրանական համատեղ ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու «ՀՀ լքված գյուղերի վերականգնման ծրագրի» իրականացման հնարավորություններն ու հեռանկարները, տեղեկացնում են Լոռու մարզպետարանից:
Մարզպետին ներկայացվել է ծրագրի բովանդակությունն ու նպատակները. Դրանք են՝ հնարավորինս վերականգնել լքված բնակավայրերը, աջակցել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, ստեղծել աշխատատեղեր, ապահովել ներգաղթ, լուծում տալ սոցիալական խնդիրներին:
Ծրագրի ներկայացուցիչների խոսքով՝ այլ երկրներում բազմաթիվ հաջողված փորձեր արդեն իսկ ունեն, հիմա էլ նպատակ են դրել՝ հաջողել նաև Հայաստանում, բայց ակնկալում են կառավարության ու մարզային իշխանության աջակցությունը:
Լոռու մարզպետը ծրագիրը ողջունելի է համարել և շեշտել՝ եթե այն իրականություն դառնա՝ ինչի համար ջանք չեն խնայի, ապա մեծ նպաստ կբերի երկրի ու մարզի զարգացմանը։
-Մարզպետարանն իր իրավասությունների ու լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար,- վստահեցրել է Ա․ Ղուկասյանը։
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արդեն իսկ արտերկրում ապրող շուրջ 1000 ընտանիք հայրենիք վերադառնալու և հայրենի գյուղերը շենացնելու ցանկություն ունի։
Ծրագրի իրականացման համար երկրի կտրվածքով արդեն իսկ նախընտրելի համայնքներ կան. Լոռու մարզում դա Հալավար համայնքն է: Գյուղերում նախատեսում են կառուցել արտադրամասեր՝ ներդնելով առաջատար և էկոլոգիապես մաքուր ագրո-տեխնոլոգիաներ, բացի այդ՝ կկառուցվեն տներ, խիստ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, մի խոսքով՝ մեռնող գյուղերը նորից կյանքով կլցվեն: Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ:




