
ՍԴ ճգնաժամը լուծելուն ուղղված «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության հեղինակած և հունիսի 22-ին ընդունված օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով ԼՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան։ Նախաձեռնությանը միացել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորները։ Դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել երեկ երեկոյան։
Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին դեռ հունիսի 24-ին՝ Սահմանադրության փոփոխությունների քննարկման ժամանակ, հայտարարել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ ԼՀԿ-ն, սակայն, այն ժամանակ չմիացավ ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը։ Երբ խորհրդարանում քննարկվում էր հարցը, Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք կդիմեն Սահմանադրական դատարան այն ժամանակ, երբ Քոչարյանի գործով քննությունն ավարտվի։ Եվ ահա, հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ն երեկ դիմում է մուտքագրել ՍԴ։ Առաջարկվում է քննության առնել ՍԴ ճգնաժամը լուծելուն ուղղված «Իմ քայլը» խմբակցության առաջ քաշած օրենքի սահմանադրականության հարցը ։
ԼՀ խորհրդարանական խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենց սպասելիքներն էլ պարզ են։

«Իրավունքը գերակա է, եւ ՍԴ-ն պետք է բավարարի մեր ներկայացրած դիմումը, որովհետեւ իրավաբանական համայնքի մեծ մասը հասկանում է, որ էստեղ ակնհայտ խախտում է թույլ տրվել, եւ պետք է այդ խախտման հետեւանքները վերացվեն»։
«Լուսավոր Հայաստան»-ի պնդմամբ՝ ԱԺ-ն պարտավոր էր դիմել և կարծիք ստանալ ՍԴ-ից՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Եվս մեկ մեջբերում ԼՀԿ-ի՝ ՍԴ դիմելու մասին տարածած հայտարարությունից.
«Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը՝ բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ»։
ԼՀԿ-ն ներկայացրել է նաեւ մեկ այլ վիճելի դրվագ, որի համաձայն՝ նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելը հակասում է Սահմանադրությանը։

Անդրադառնալով ԼՀԿ-ի ՍԴ դիմելու նախաձեռնությանը՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենք որեւէ խնդիր չեն տեսնում։ Այն նորմը, որի մասին խոսում է ԼՀԿ-ն, Սահմանադրությանը որեւէ կերպ չի հակասում, եւ դրա համար էլ իրենք կողմ են քվեարկել։ Այս մոտեցման մեջ ոչինչ չի փոխվել՝ ասաց։
«Տվյալ նորմը Սահմանադրությանը որեւէ կերպ չի հակասում, եւ այդ պատճառով էլ կողմ ենք քվեարկել։ Ինչ-որ մի բան չի փոխվել, որ մեր կարծիքն էլ փոփոխության ենթարկվի»։
ՍԴ-ն կտա նաեւ այն հարցի պատասխանը, թե որքանով է ճիշտ, որ ՍԴ-ի մասին հարցը քննարկի նույն ՍԴ-ն՝ ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։ Տարոն Սիմոնյանը կարծում է, որ տվյալ խնդիրը ընդամենը տեսական քննարկման առարկա է՝ նկատելով, որ մեր օրենսդրությունն այլ հնարավորություն չի տալիս։
«Պրակտիկայում միակ լուծումը սա է։ Նույն եվրոպական երկրներից շատերի մոտ այս նույն պրակտիկան է։ Այսինքն, մենք անընդհատ չենք կարող ստեղծել նոր մարմիններ, որոնք քննեն մեկ այլ մարմնի հետ կապված իրավասության հարցը։ Գալիս է մի փուլ, որ մարմինն անգամ իր հետ կապված հարց է լուծում։ Պետք է լինի մի մարմին, որը վերջնական որոշում է կայացնում, եւ մեր օրենսդրության շրջանակներում դա ՍԴ-ն է»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ՍԴ ներկայացված դիմումի տակ ստորագրել են նաև ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների 1/5-ի ստորագրությունը՝ նվազագույնը 27։ Թե ԲՀԿ-ից քանի պատգամավոր է միացել ՍԴ դիմելու իրենց նախաձեռնությանը, Տարոն Սիմոնյանը չէր հիշում։ Ասաց միայն, որ պահանջվող նվազագույն 27 պատգամավորից ավելի ստորագրություն է դրվել դիմումի տակ։
Ընթացակարգի համաձայն՝ ՍԴ-ն առաջիկայում պետք է աշխատակարգային որոշում կայացնի, թե երբ և ինչպես է քննելու դիմումը։




