
Երկու տարի լռություն պահպանած պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց խոսել՝ լրագրողների հետ առաջին հանդիպման համար ընտրելով 2016–ի ապրիլյան պատերազմի թեման։ Մոտ մեկ ամիս հետո խորհրդարանում հրապարակվելու է քննիչ հանձնաժողովի զեկույցը, բայց Սերժ Սարգսյանը որոշեց չսպասել և մեկ քայլ առաջ անցնել՝ ամեն դեպքում չանդրադառնալով հանձնաժողովի աշխատանքին։
«Հիմա ճիշտ չի լինի, որ մենք կանխակալ կարծիք հայտնենք այդ մասին։ Մյուս կողմից էլ՝ այս ասուլիսն այդ պարագայում կարող է դիտարկվել որպես ճնշում հանձնաժողովի և նրա անդամների վրա։ Ես այդպիսի նպատակ չունեմ։ Ես համբերատար սպասում եմ, թե երբ կլինի հանձնաժողովի զեկույցը և ինչ հանգամանքներ արծարծված կլինեն այդ զեկույցում»։
Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամներն այս շրջանում փակագծեր չեն բացելու և հեռակա բանավեճի մեջ չեն մտնելու Սերժ Սարգսյանի հետ։ Այսօր հնչած բոլոր պնդումների պատասխանները կլինեն ԱԺ–ում, «Ռադիոլուր»–ին ասաց ապրիլյան դեպքերի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։ Նա իր ենթադրություններն ունի, թե ինչու Սերժ Սարգսյանը որոշեց խոսել հրապարակվելիք զեկույցից առաջ։
—Նրան երևի սխալ են զեկուցել, որ պետք է նախահարձակ լինել, բայց ՀՀ անվտանգության հանդեպ նախահարձակ լինելը չեմ կարծում, որ լավագույն ճանապարհն էր, որ նա ընտրել է։ Սերժ Սարգսյանին և բոլոր մարդկանց, ովքեր այսօր որևէ բաներ են պնդում, մենք պատասխաններ կտանք Աժ ամբիոնից զեկույցի տեսքով։
—Երբ եկել է հանձնաժողով, մտահոգվելու առիթներ նա զգացե՞լ է։

—Դե երբ եկել էր հանձնաժողով գրած տեքստով էր եկել և կարդում էր այդ գրած տեքստը, իսկ հարցերին պատասխանում էր ինչպես այժմ՝ փորձելով մանևրել , բայց այո, կարծում եմ նա հասկացել է, որ հանձնաժողովը ճիշտ աշխատանք է կատարում, ճիշտ եզրակացության է գալու, և դրա համար երևի նրան խորհուրդ են տվել նախահարձակ լինել և նման բաներ խոսել:
Միակ պաշտոնյան, որին չի հաջողվել լսել քննիչ հանձնաժողովում, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն է։ Նա այդպես էլ չգնաց քննիչ հանձնաժողով՝ չանսալով անգամ Սերժ Սարգսյանի հորդորներին։ Սարգսյանի խոսքով՝ Խաչատուրովի չներկայանալը որևէ կերպ կապված չէ խոսակցությունների հետ, թե ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ–ում ձեռք է բերվել ինչ–որ պայմանավորվածություն։
«Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել՝ ոչ գաղտնի, ոչ բաց։ Չի ստորագրվել։ Իհարկե, ես մի քանի անգամ զրույց եմ ունեցել գեներալ Խաչատուրովի հետ։ Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը։ Նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ եղած հայտարարությունները։ Մարդն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, որ ռազմական գործողությունները սկսելու պահին Խաչատուրովը բիլիարդ էր խաղում։ Հանձնաժողովում, երբ խոսակցությունը գնաց, ես ասացի, որ ևս մեկ անգամ կհորդորեմ Խաչատուրովին, որ մասնակցի։ Այդ հորդորն էլ չընդունեց Խաչատուրովը։ Ուզում եմ հասկանաք՝ ես այլևս գերագույն գլխավոր հրամանատար չեմ, և Խաչատուրովն էլ ԶՈՒ ԳՇ պետը չէ։ Եվ կարող է ունենալ իր կարծիքը»։
Հաշվի առնելով այն իրողությունը, որ թե բուն ռազմական գործողությունները, թե դրանց հետևանքով կրակի դադարեցման բանակցությունները վարել է անձամբ Գլխավոր շտաբի պետը, արդյո՞ք քննիչ հանձնաժողովի զեկույցն ամբողջական կլինի՝ առանց Խաչատուրովին լսելու։
Այս հարցին քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը պատասխանում է․
«Հանձնաժողովի զեկույցը, բնականաբար, արդեն ամբողջական է։ Ես մնում եմ այն կարծիքին, որ Խաչատուրովին թույլ չեն տվել հանձնաժողով գալ՝ անկախ նրանից, թե ինչ է ասվում՝ դարձնելով Խաչատուրովին քավության նոխազ։ Մենք բազմիցս, նաև հանձնաժողովի նախագահն է հորդորել, որ գա, հանձնաժողովում պատասխանի հարցերին։ Էլի եմ ասել, չի եղել, իր որոշումն է, իր մեղքն է, բայց հանձնաժողովի զեկույցը առանց իրեն էլ ամբողջական է»։
Պատգամավորի փոխանցմամբ՝ հանձնաժողովում մանրամասն ուսումնասիրել են ապրիլյան պատերազմի ավարտին հրադադարի ձեռք բերված համաձայնությունների հետ կապված հարցերը։ Բայց պատգամավորն այս առնչությամբ մեկնաբանություններ չի անում, քանի որ դեռ պարզ չէ՝ այդ հարցը զեկույցի բաց հատվածում է լինելու, թե փակ։
Սպասվող զեկույցից պատասխաններ են ակնկալվում նաև 80–ական թվականների զենքերի, սպառազինության, դիզվառելիքի և արդեն 4 տարի անընդհատ շրջանառվող այլ հարցերի ու կասկածների առնչությամբ։ Այս ամենի պատասխաններն իր տեսանկյունից այսօր ներկայացրեց Սերժ Սարգսյանը։

«Արդեն 4 տարի ստեղծվում և տարածվում են միֆեր, բացարձակ ստեր բահերով կռվող, սոված և առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին։ Սա ուղղակի ամոթ է, նույնիսկ քաղաքական նպատակների հասնելու տեսանկյունից»։
Ուշագրավ է, որ անորակ դիզվառելիքի մասին պաշտոնյաներից առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանի կառավարության վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա վարչապետ էր նշանակվել ապրիլյան պատերազմից 5 ամիս անց և 2017–ի մարտին ԱԺ–ի ամբիոնից արեց անորակ դիզվառելիքի մասին աղմկահարույց հայտարարությունը․
«Դուք շատ լավ գուցե և հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»։
Եթե տարածվողը հերյուրանք էր, ապա ինչո՞ւ ժամանակին չեղավ դրա իրավական պատասխանը․ Սերժ Սարգսյանը հստակեցնում է․
«Որովհետև ես դրա անհրաժեշտությունը չէի տեսնում։ Որովհետև այդ կեղծիքները, որ հրապարակվում էին, շատ նեղ շրջանակներում էին շրջանառվում։ Մենք պարբերաբար իրականացնում էինք սոցիոլոգիական ուսումնասիրություններ, և այդ ուսումնասիրությունների արդյունքները ինձ համար գոհացուցիչ էին։ Մեր հանրության 80 տոկոսից ավելին համարում էր, որ դա հաղթանակ է»։
Մինչդեռ քննիչ հանձնաժողովում կարծիք կա, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանը ոչ միայն տարածքային, այլև դիրքային կորուստ է ունեցել ։ Անգամ թիվ է նշվում՝ 20–ից ավելի։ Թվերին և տարածքներին Սերժ Սարգսյանն այսօր չանդրադարձավ, ակնարկեց, որ քննիչ հանձնաժողովի զեկույցից հետո կպատասխանի զեկույցում ներկայացված փաստերին։




