
Հնչում է օդային տագնապը, երկաթե ծանր դուռը բացվում է, ներսում ապահով է ավելի քան որևէ տեղ․ այստեղ ամեն ինչ կա։ Լուսանկարել չեմ կարող, մեր գտնվելու վայրի մասին մանրամասն պատմել ևս, անգամ չենք կարող իմանալ, թե Երևանում նմանատիպ քանի կառույց կա։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ փոխգնդապետ էդգար Վաղարշակյան պատմում է․
«Սովետական միության տարիներին Երևանի բոլոր ապաստարանները կառուցվել են շինարարական հատուկ նորմերին համապատասխան, որոնք նախատեսված են հիմնարկ ձեռնարկությունների աշխատակիցներին պատսպարելու համար և հատկապես այն ձեռնարկությունների, որոնք ռազմական դրության ժամանակ շարունակել են իրենց գործունեությունը»
Հենց նմանատիկ հիմնարկ–ձեռնարկություններից մեկի ապաստարանում էլ շրջում ենք պահեստազորի գնդապետ, քաղպաշտպանության շտաբի պետ Ռուբեն Հարությունյանի հետ։ Ցույց է տալիս ու անընդհատ հույս հայտնում, որ տարածքը պետք կգա միայն ուսումնավարժությունների ժամանակ։
Հատուկ շինարարական նորմերով կառուցված ապաստարանները նախատեսված են մարդկանց պաշտպանելու, օրինակ, պայթունի հարվածային ալիքից, քիմիական թունավոր նյութերից, իոնիզացնող ճարագայթումից, կենսաբանական վտանգավոր նյութերից կամ հրդեհների հետևանքով առաջացած բարձր ջերմաստիճանից։
Բացի ապաստարաններից Կառավարության որոշմամբ սահմանված է, որ բնակչության պատսպարման համար կարող են ծառայել նաև նկուղները, կիսանկուղները, ստորգետնյա անցումները, մետրոպոլիտենի տարածքը և այլ խորացված տարածքներ։ Ռազմական դրության ժամանակ կարող են կառուցվել ժամանակավոր թաքստոցներ պատսպարման վայր չունեցող բնակչության համար։
Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ էդգար Վաղարշակյանը ասում է, որ ցանկացած քաղաքացի պետք է իմանա, թե որպեղ է պատսպարվելու, եթե տանն է, աշխատավայրում կամ պարզապես փողոցում, և հանկարծակի օդային տագնապ է հնչում։
«Մենք նախատեսում ենք իրավական կարգավորումներ, որ քաղաքացիների անձնագրում նշվի, թե որտեղ է իր պատսպարման վայրը։ Դրան միանգամից հասնել հնարավոր չէ, պետք է քայլ առ քայլ առաջ գնալ»։
Շարունակում ենք շրջել ֆիլմի նկարահանման հրապարակ հիշեցնող վայրում։ Իսկ զրուցակիցս հպարտությամբ փաստում է, որ Տավուշի մարզում տեղի ունեցածի ընթացքում ակնառու դարձավ, թե ինչքան իրազեկված են հատկապես սահմանամերձ շրջանների բնակիչները։ Իսկ այ սահմանից հեռու, մայրաքաղաքում անելիքները դեռ շատ են։
էդգար Վաղարշակյանը փաստում է՝ եղել են դեպքեր, որ շինարարական որոշ աշխատանքներ կատարելիս քաղաքացիները վնասել են ապաստարանի մուտքը կամ գույքը։ Նման դեպքերում ԱԻՆ–ը մի տարբերակ ունի՝ դիմել իրավապահ մարմիններին․ հաճախ հենց այդպես էլ պատահում է։
«Բնակիչները պետք է գիտակցեն, որ նկուղները ոչ թե անպետք իրեր կամ պահածոներ պահելու համար են, այլ օդային տագնապի դեպքում իրենց պաշտպանությունը կազմակերպելու»։
Ապաստարանի պահեստային մուտքից դուրս ենք գալիս։ Եվ այս պահին է, որ ափսոսում եմ՝ տեսածիս մասին ամբողջությամբ պատմել չեմ կարող։ Ստորգետնյա ապահով Երևանում գաղտնիքները էլ ավելի խորն են, քան այս կառույցն էր։




