ԿարևորՄշակույթ

Բացօթյա մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ հնարավոր, բայց՝ բարդ

Պարետի որոշմամբ այսուհետ թատրոնները կարող են  ներկայացումները բեմադրել բացօթյա տարածքներում։  Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի գեղարվեստական  ղեկավար  Հակոբ Ղազանչյանն ասում է, որ պարետատան այդ որոշումը  պետք ընդունել  որպես  անցումային։

Բացատրում է․ իհարկե ներկայացում կարելի է խաղալ ամեն տեղ՝  այգում, բարում, քանդված գործարանի տարածքում, բայց  հարցը այլ է՝  ինչ պայմաններում․

«Ենթադրենք մի ներկայացում ենք արել և ուզում ենք սիրահարների այգում խաղանք, 40 հոգու համար, ինչպես ենք կազմակերպելու։ Այգին փակելու ենք ու այդ 40 –ին թողնենք տարածք։ Մարդիկ անցնելու են, գալու են, խմբվելու են, կանգնելու են։

Ո՞վ  է պահպանելու պարետատան  պահանջները։  Քանի ոստիկան է այնտեղ կանգնելու, որ ասի՝ դու՛ք հեռու կանգնեք, դուք դիմակը չեք դրել։ Ու զուգահեռ ներկայացում գնա։ Նման ներկայացում կարելի է անել, եթե տարածքը վերահսկելի է։ Իսկ այդպիսի տարածք այսօր ունի միան  Ռուսական դրամատիկան թատրոնը»,- ասում է Ղազանչյանը։

Նա ասում  է, որ փակ տարածքում, տվյալ դեպքում թատրոնի  դահլիճում, համաճարակային կանոնները պահելն ավելի հեշտ է, քան` բաց տարածքում։ Տեղեկացրեց, որ իրենց թատրոնում կա ախտահանող սարք և հանդիսատեսը մինչեւ տարածք մուտք գործելը ախտահանվում է։

«Մեր թատրոնը պատրաստ է մուտքից հատուկ սարքի միջոցով հանդիսատեսին ախտահանել։ Օրը երկու անգամ ախտահանել ճեմասրահը, դահլիճը։ Տոմսերի վաճառքը այնպես կազմակերպել, որ  հանդիսատեսը իրարից հեռու նստի։ Եվ ես համոզված եմ, որ թատրոնում պարետի պահանջները ավելի լավ կազմակերպել, քան բաց տարածքում»,- վստահեցնում է Ղազանչյանը։

Սակայն նկատում է, որ այն թատրոնները, որոնք այս պահին չեն կարող բացօթյա ներկայացումներով հանդես գալ, չի նշանակում, որ ձեռքերը ծալած նստելու  են։ Թատրոնները բուռն ստեղագործական կյանքով են ապրում։

«Մի շատ վտանգավոր տենդենց եմ նկատում, թատրոնները կինո ու հեռուստաթատրոնի վերածելու տենդենց կա։ Եթե առցանց ծրագրեր են արվում թող արվեն, բայց թատրոնը կենդանի արվեստ է, ու տարբերվում է այլ արվեստներից իր կենդանի կապով։

Բացօթյա  տարածքներում երաժիշտները նույնպես կարող են համերգային գործունեություն ծավալել։ Սակայն եթե ռեստորանները կամ սրճարաններն ունեն իրենց համապատասխան  բացօթյա տարածքները, ապա ակումբները նմանատիպ տարածքներ չունեն։  Հետևաբար` այնտեղ աշխատող երաժիշտները դարձյալ կանգնում են խնդիր առաջ։

Dialog project խմբի հիմնադիր, շեփորահար Տիգրան Սուչյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում նշեց, որ պարետը նման որոշում կայացնելուց առաջ մի շարք հարցեր հաշվի չի  առել։

«Իհարկե շատ լավ է,որ նման որոշում է կայացվել, բայց այդ որոշում կայացնողները պատկերացնում են ինչ ծախսերի մասին  է խոսքը։ Եթե դու ակումբում համերգ ես տալիս,ապա այդ նույն տեխնիկայով դու չես կարող համերգ կազմակերպել բացօթյա տարածքում։ Այսինքն այդ տեխնիկան պետք է ավելի հզոր լինի,որ ձայնը լսելի լինի։ Իսկ հզոր տեխնիկան բավականին  թանկ է։ Բացի դա, ակումբում համերգ տալով տոմսեր էիր վաճառում,իսկ հիմա չես կարող։ Մի խոսքով, կայացրել են որոշում՝ առանց դաշտը ուսումնասիրելու»,- նշում է երաժիշտը։

Տիգրանն ասում է, որ անցած վեց ամսում գումար աշխատելու հարցում օգնել են արտերկրում ապրող ընկերները։

Իսկ համերգային գործունեության մասին առայժմ ոչինչ ասել չեն կարող։ Բայց  համավարակի ավարտից հետո, խոստանում են, հանդիսատեսին կներկայան արդեն նոր ծրագրով ու նոր ստեղծագործություններով։

Կարդացեք նաև

Back to top button