
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Բանակում արտականոնադրային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող բացասական երևույթները կանխման գործում մեծ դեր կարող են խաղալ հոգևոր սպասավորները, այսօր հայտարարել է մեր երկրի Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Ըստ սրբազանի՝ այսօր զինված ուժեր և եկեղեցի փոխհարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Իր ենթակա հոգևոր սպասավորները կարողանում են կատարել կանոնադրությամբ հաստատված պարտականությունները:
Կադրերի պակասի պատճառով հոգևորականները այսօր ներկայացված չեն բոլոր զորամասերում: Ինչպես նշեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հոգևոր սպասավորների կարիքը զգացվում է ցանկացած զորամասում:
Անդրադառնալով Նոյեմբերյանի զորամասերից մեկում վերջերս տեղի ունեցած ողբերգական պատահարին, սրբազանը նշեց, որ դրա պատճառը հայհոյանքն է եղել, ինչը վտանգավոր երևույթ է:
Դժբախտ այդ պատահարի մասնակից երեք զինվորներն էլ կարգապահ են եղել, նշեց հոգևորականը՝ հավելելով, որ կրակոցները կատարվել են չար ուժի` սատանայի դրդմամբ:
Սրբազանը հայտնեց նաև, որ միջադեպում վիրավոր զինվորը, ով այժմ պառկած է հոսպիտալում, մկրտվել է, փոխանցելով աստվածային զորություն, որով նա ապաքինվի:
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի՝ նման դեպքերը ունեն բարոյական և արժեքային խնդիր, որը միայն վերահսկողությամբ չէ, որ հնարավոր է կարգավորել:
Հասարակության մեջ առկա բազում խնդիրները ուղղակի արտացոլվում են մի փակ համակարգի վրա, որը բանակն է, նշեց տեր հայրը:




