ԿարևորՀասարակություն

Հակակոռուպցիոն նոր դատարան՝ հին դատավորներով

Չիրականացված վեթթինգը կարող է ճակատագրական լինել նոր ստեղծվող Հակակոռուպցիոն դատարանի համար։ Այսինքն՝ նոր սկզբունքներով կառույցում աշխատելու համար պետք է ընտրվեն հին համակարգի մասնագետները։ Կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմինը գործելու է 2021 թվականի երկրորդ կիսամյակից։

Իրավաբանական հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան․ «Ամենակարևոր մարտահրավերը կադրերի ճիշտ ընտրությունն է։ Մի բան է՝ մենք ճիշտ պատկերացնում ենք համակարգը, այն գործի ենք դնում, տեսականորեն ամեն ինչ ճիշտ է, բայց գործնականում համակարգերը աշխատեցնելու են մարդիկ։ Եվ այս առումով շատ կարևոր է այդ դատավորների ճիշտ ընտրությունը»։

Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթով առաջարկվում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը: Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ինչպես գործող դատավորներ, այնպես էլ դատավոր չհանդիսացող անձինք, սակայն, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի ներկայացմամբ, օրենքով հստակ սահմանված է, թե ովքեր չեն կարող դառնալ հակակոռուպցիոն դատարանի անդամ։

«Նրանք են, ովքեր զբաղեցնելով որոշակի պաշտոն, օրինակ՝ դատավորի, դատախազի, քննիչի։ հետաքննության մարմնի ներկայացուցչի կամ փաստաբանի, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության և նրանց նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» կամ, օրինակ, «պաշտոնից ազատում» կարգապահական պատասխանատվության տեսակները»,- ասաց Գալյանը։

Մշակված սահմանափակումները  որևէ կերպ չեն բարելավի իրավիճակը, համոզված է Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը՝ պնդելով, որ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու ֆիլտրը պետք է վերանայվի։ Դատական և փաստաբանական համակարգում արդեն հայտնի անձերի օրինակներով է ներկայացնում, թե ինչպիսին կարող է լինել հակակոռուպցիոն դատարանը։

«2012 թվականից ի վեր հատկապես քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններով փաստաբանները ենթարկվել են ճնշումների՝ Փաստաբանական պալատը «դակում» էր այդ կարգապահականները։ Եվ դա մի տույժ է, որը, օրինակ, կխոչընդոտի, որ մի շարք փաստաբաններ, որոնք վերջին 5 տարիներին ենթարկվել են տույժերի, չկարողանան դիմել և դառնալ հակակոռուպցիոն դատարանի կամ վերաքննիչ դատարանի դատավորներ։ Ըստ այս նախագծի, օրինակ՝ Ալեքսանդր Ազարյանը շատ լավ թեկնածու է և միգուցե հայտնվի Հակակոռուպցիոն դատարանում և երբ Քոչարյանի վերաբերյալ  կոռուպցիոն գործ քննվի, բացարկ էլի չհայտնի ու էլի քննի այդ գործը։ Կան դատավորներ, որոնք արտոնյալ են և որոնց նկատմամբ այդ կարգապահական վարույթները չեն հարուցվում»,- նշեց Լուսինե Հակոբյանը։  

Սա ասելով` փաստաբանը հիշեցնում է ԲԴԽ վերջին նիստերից մեկը, երբ ԲԴԽ անդամները հրաժարվեցին արդարադատության նախարարի դիմումով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ։

Ամեն դեպքում` Հակակոռուպցիոն դատարանի անդամների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթով։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թևերի և ՄԻՊ ներկայացուցիչները, նախատեսված տեղեր կան նաև փորձագետների համար՝ հասարակական հատվածից։ Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորները այլ դատավորների համեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանալու։ Ընտրված թեկնածուները մինչ լիազորություններն ստանձնելը պետք է անցնեն նաև ուսուցման և վերապատրաստման փուլը։

Կարդացեք նաև

Back to top button