
Այս տարի խաղողի այգիներում լավ բերք է սպասվում: Արմավիրի մարզի Փշատավան համայնքում հիմնականում մշակում են խաղողի սեղանի սորտերը, որոնք ավելի շատ աշխատանք և ուշադրություն են պահանջում: Խաղողն արդեն հասել է, իսկ արտահանողներն էլ եկել են գնելու: Մոսկվա են տանելու: Փշատավանը ոռոգման խնդիր ունի, տնամերձ այգիները ոռոգվում են խմելու ջրով, իսկ ջրանցքի ջուր տեղ չի հասնում:
Փշատավանում ոչ թե փշատ, այլ խաղող են աճեցնում: Սահմանամերձ գյուղի ագիներում հիմա հասունանում են ոսկեգույն ու կարմիր խաղողի սեղանի սորտերը, որոնք արտահանում են կամ վաճառում շուկայում, իսկ տեխնիկական սորտերից պատրաստում են գինի, օղի կամ հանձնում վերամշակողին: Փշատավանցի Գրիգոր Գրիգորյանի այգում արևի շողերից քաղցրանում էին խաղողի տարբեր սորտերը: Առաջին հայացքից տեսանելի են առողջ ու մեծ ողկույզները

«Հիմնականում քիշմիշ է, արդեն սկսել է հասնել, եզանդարի կոչված խաղողն էլ է հասել ու արդեն վաճառում են, ուղղակի մեր հայերի մեջ մի սովորություն կա՝ մինչև խաղողը չօրշնվի, չեն ուտում: Գյուղում խաղողի այգիները 150 հա է, տարեցտարի ավելանում է, որովհետև հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, նորատունկ այգիներ էլ կան, որոնք բերքի են լինում 7-րդ տարում»:

Բերքն առատ է, Գրիգորը չի դժգոհում, բայց ասում է, որ հուլիսի 24-ին կարկուտը վնասել էր սահմանի ներսում գտնվող այգիները: Այս հատվածի այգետերերը ելնելով նախորդ տարիների փորձից ռիսկերը գնահատել էին ու ապահովագրել: Գործակալները եղել են կարկտահարված տարածքներում և արձանագրել վնասը: Սահմանի ներսում շուրջ 200 հա այգի է, մեծ մասը ծիրանի: Գյուղի մյուս հատվածի այգիները կարկուտից պաշտպանվել էին հակակարտային կայանների միջոցով և վնասն այդքան էլ մեծ չէր եղել: Գրիգորի այգին չի վնասվել, նա չի էլ ապահովագրել, ասում է՝ հակակարկտային կայանի ծածկման տիրույթում է գտնվում:

«Եթե հակակարկտային կայանները չլինեին, կարող է սրբեր, տաներ խաղողը, բայց դրանք պաշտպանում են բավականին լավ, 5 կայան կա, տեղադրվել են տարբեր տեղերում, որպեսզի պաշտպանեն դաշտերն ու այգիները: Ազդեցության շրջանակը՝ 500մ շառավղով ծածկում է»:
Գյուղում քչերն են ապահովագրել իրենց այգիները, թերահավատորեն են վերաբերվել 1-ին անգամ ներդրվող ծառայությանը, եթե կարկտահարված այգիների փոխհատուցումը գոհացնի, ապա հաջորդ տարում գյուղապահովագրողների թիվը կավելանա: Փշատավանը գտնվում է Արաքսի ափին, բայց ոռոգման ջրի խնդիր ունի, մայր գետում ջուր չկա, ջրանցքից էլ ծայրամասային համայնք է համարվում ու ջուրը տեղ չի հասնում:
«Ամաային սեզոնին մեր գյուղի տարածքը խմելու ջրով է ոռոգվում: Հիմա ես միացրել եմ խողովակները խմելու ջրին ու ոռոգում եմ: Խմելու ջուրն էլ դրա համար չեն անջատում առավոտ ժամը 9-ից միացնում են մինչև համարյա 7-8-ը ջուր տալիս են: Եթե անջատեն բերք չեն հավաքի»:

Հիմա գյուղացիների համար ոռոգումը շատ կարևոր է, բայց տարիներ շարունակ այս խնդիրը չի լուծվում և օգոստոս ամսին, երբ բույսը շարունակում է աշխատել ու բերք տալ, ոռոգման խնդրի առջև են կանգնում: Ոռոգումը կարևոր է նաև խաղողի հյութակալման համար: Խաղող արտահանողները շաբաթ օրն արդեն գյուղում էին և առաջին բերքն էին տանում: Սարգիս Մխիթարյանի մեծ բեռնատարը գյուղի կենտրոնում էր, իսկ գյուղացիները մեքենաներով մոտենում ու բեռնում էին խաղողով լի արկղերը.
«Խրուստալ քիշմիշն ենք տանում 500-700 դրամով, գինը որակից է կախված, որը կլավ արկղ է առանձնացնում ենք 700 դրամ, որը չէ՝ 600 դրամ: եթեԱաստված, որ հաջողի երևի Մոսկվա տանենք»:

Խաղողի այս տեսակը, որին խրուստալ անունն էին տվել, դեղնասպիտակավուն քիչ շաքարայնությամբ քիշմիշն է: Մշակողների խոսքերով այն կարելի է նաև շաքարային դիաբետ ունեցողներին: Արտահանելու են Մոսկվա, Սարգիսը դեռ չգիտի այս անգամ ինչ է սպասվելու Մոսկվայի մեծածախ շուկաներում, ծիրանի վաճառքից դժգոհ էր, խաղողը կփորձեն իրացնել, ասում է՝ եթե չծախվի, էլ չեն տանի:




