Մինսկում հատուկ ջոկատայինների հետ բախումների ժամանակ զոհվել է բողոքի ակցիաների մասնակիցներից մեկը։ Այդ մասին հայտնել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան իր Թելեգրամի ալիքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ երկրի ՆԳՆ՝ ցուցարարը փորձել է պայթուցիկ սարք նետել հատուկ նշանակության ջոկատայինների վրա, սակայն սարքը պայթել է ցուցարարի ձեռքում: Նա մահացել է ստացված վնասվածքներից:
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 9-ին։ Պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, հավաքել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը:

Կիրակի երեկոյան Բելառուսի մի շարք քաղաքներում զանգվածային չարտոնված բողոքի ակցիաներ են սկսվել։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ է կիրառել, ինչպես նաև ցուցարարներին դուրս է մղել քաղաքի կենտրոնից:
Օգոստոսի 10-ին բողոքի ակցիաները Բելառուսում վերսկսվել են։




