ԿարևորՔաղաքական

Բորիս Նավասարդյան.«Լռության օրերի լուսաբանումը վեր հանեց օրենսդրական մի շարք բացեր»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Երևանի մամուլի ակումբն այսօր հրապարակել է Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ներում Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանման` 3 փուլով իրականացվող մշտադիտարկման 2-րդ և 3-րդ փուլերի արդյունքները: Զեկույցն ընդգրկում է մայիսի 4-ից 19-ն ընկած ժամանակահատվածը, այսինքն` լռության ու ընտրական օրվա, ինչպես նաև հետընտրական իրավիճակի լուսաբանումը: Հետազոտության օբյեկտ են հանդիսացել համապետական 4` Հանրային հեռուստատեսության առաջին ալիքը, Երկիր մեդիա, Կենտրոն, Հայկական երկրորդ և մայրաքաղաքային Արմնյուզ հեռուստաալիքները, Հայաստանի հանրային ռադիոն և Արմռադիո էֆ էմ 107 ռադիոալիքը:

«Լռության օրերի լուսաբանումը վեր հանեց օրենսդրական մի շարք բացեր, մասնավորապես` քարոզչության հստակ սահմանումներն ու մեկնաբանությունները»,-ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ուստի օրենսդրությանը համապատասխանության տեսանկյունից կասկածելի դրվագները հաշվետվությունում նշվել են որպես «պայմանական խախտում» կամ «պայմանական քարոզչություն»:

«Լռության ժամեր. այստեղ մենք լուրջ խնդիրներ ենք նկատել: Եթե նախագահական ընտրությունների ժամանակ լրատվամիջոցներն աչալուրջ էին, աշխատում էին զերծ մնալ այնպիսի նյութերից, որոնք կարող էին մեկնաբանվել որպես քարոզչական, ապա խորհրդարանականի և ավագանու ընտրությունների ժամանակ այդպիսի նյութերը շատ էին: Մայիսի 4-5-ին արձանագրվել է ընտրողներին ուղղորդող դրվագներ պարունակող 60 նյութ, ներառյալ` կրկնությունները: Ինչ նյութեր էին դրանք: Հիմնականում նախընտրական խոստումներ, այս կամ այն ուժի օգտին քվեարկելու կոչ կամ մտադրություն և այլն»:

Back to top button