
Աննա Հարությունյան
«Ռադիոլուր»
Էդմոնը 7 տարեկան է, Youtube-ում արդեն շախմատի 14 տեսադաս ունի: Իր մյուս դասընկերների նման 3-րդ դասարանի աշակերտ էդմոն Խաչատրյանը գարնան սկզբին ստիպված եղավ դպրոցական դասերը տեղափոխել օնլայն հարթակ: Սակայն սա Էդմոնի համար դժվարություն չէր, այլ` ինքնադրսևորվելու հնարավորություն: Շախմատի դեռ պատանի ուսուցիչը, իսկական գրոսմաստերների նման լուռ է, մեզ հետ զրուցել չցանկացավ, փոխարենը շտապում էր շախմատի հերթական պարապունքին, կամ նոր տեսադասի նկարահանմանը:
ԿԳՄՍ-ին կից Ծրագրերի իրականացման կենտրոնի ՏՀՏ վերապատրաստող-մենթոր Սոնա Խաչատրյանը կարծում է, որ այս փուլը շատ լավ հնարավորություն էր հատկապես տաղանդավոր երեխաների համար, որոնց չէր բավարարում իրենց կրթական ծրագիրը։ Նրանք ինքնադրսևորվելու, լրացուցիչ աղբյուրներ օգտագործելու և ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն ստացան:
«Մենք հասկացանք, որ այս պարագայում սովորողների արդյունքներն ավելի դրական են. այս պարագայում չէ՞ որ նրանք էս ժամանակաշրջանի բնիկներն են, չէ՞ որ նոր տեխնոլոգիաները նրանց ավելի հեշտ է տրվում, և արդյունքում երեխաները եկան ուսուցիչներին օգնելու: Կարելի է ասել, որ կրթությունը երեխաներն ու ուսուցիչները վերցրել են իրենց ձեռքը և դա ես համարում եմ այս շրջանի ձեռքբերումը»,– ասում է դասավանդող–վերապատրաստող Սոնա Խաչատրյանը:
Խաչիկ Աբաջյանը «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրենն է, արդեն ավելի քան 5 տարի է ՀՀ տարբեր մարզերում և Երևանում դասընթացներ է վարում։ Պատմում է, որ մինչև արտակարգ դրությունը իր առօրյան բավականին հագեցած էր:

«Հիմա նույնպես դա շարունակվում է, բայց արտակարգ իրավիճակը մեր ոլորտի գործառույթներն էլ մասամբ փոփոխեց: Եթե նախկինում իմ ժամանակի մեծ մասը անցնում էր ճանապարհին. ես ստիպված էի գնալ Կապան, Նոյեմբերյան կամ Գյումրի, վարել երկու ժամանոց դասընթաց և հետ վերադառնալ: Հիմա այդ ամենն ավելի հեշտ է, հնարավորություն ունենք առավոտյան դասընթաց վարել Սյունիքում հետո Շիրակում: Հիմա մեր ժամանակի մեծ մասն անցնում է համացանցում»,– պատմում է Խաչիկ Աբաջյանը:
Ժամանակի խնայողությունը թերևս միակ առավելությունը չէ, սակայն կան նաև թերություններ: Շատ դժվար է ապահովել օֆլայն դասընթացներին հատուկ ինտերակտիվությունը և հետադարձ կապը:
«Պատկերացրեք նստես համակարգչի առաջ, միացնես այն նյութը, որը դու ներկայացնում ես ու համակարգչի էկրանին նայելով խոսես՝ այդ ընթացքում չտեսնելով մարդկանց հայացքները, չէ՞ որ հայացքներից շատ բան պարզ է դառնում. նրանք քեզ հասկանո՞ւմ են, թե՞ ոչ, գուցե պետք է թեման նորից կրկնել և այլն»:

Այս պարագայում օգնության են գալիս առցանց ուսուցման գործիքները, որոնք, մասնագետների կարծիքով, նոր շունչ ու որակ են բերում մեր կրթական համակարգում: Ժամանակի պահանջին համապատասխան Zoom-ը NotebookDask-ը, Google forms-ը եկել են փոխարինելու դասասենյակին, գրատախտակին ու դպրոցական տետրին:
Սոնա Խաչատրյանը վստահ է, եթե նույնիսկ հեռավար դասապրոցեսն ավարտվի և բոլորը նորից հայտնվեն դպրոցում, այլևս այս «անիվը» հետ շրջել հնարավոր չի լինի:
«Այսօրվա աշակերտին հնարավոր չէ կրթել միայն ավանդական մեթոդներով, նրանք Google-ում որոնում կանեն և հաստատ կգտնեն ու կիմանան ավելին, քան, կներեք, շատ ուսուցիչներ»:
Ապագայում երեխաները կդառնան իրենք որոշող, իրենք ընտրող ու իրենք կկազմակերպեն իրենց կրթությունը, այսպես է կարծում տիկին Խաչատրյանը, իսկ պատանի Էդմոնը շարունակում է իր ուսուցչից ոգեշնչված օնլայն հարթակում շախմատի դասեր անցկացնել:




