
Մեկնարկում է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա գրել է․
«Մեկնարկում ենք ամենամասշտաբային նախագիծը՝ «Հայկական Վիրտուալ Կամուրջը»:
ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի ներկայացուցչության հետ համատեղ բացման արարողությունը իրականացնելու ենք առցանց և հյուրերի թվում են տեխնոլոգիական ոլորտի հայազգի մեր սիրելի աշխարհահռչակ գործընկերները»:
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից այս տարվա մարտին: Ծրագիրը լուծում է շատ կարևոր խնդիր, այն է` Հայաստանը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն և հաբ, ապահովել հայկական տեխնոարդյունաբերության ներկայացուցիչների, էկոհամակարգ ստեղծողների մեծ ներկայացվածությունը Սիլիկոնյան հովտում, ստեղծել միջավայր` արագ կապեր ստեղծելու և շուկաներ մուտք գործելու, մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, քանի որ ողջ աշխարհում, ինչպես նաև Սիլիկոնյան հովտում առկա է հայկական մեծ տեխնոլոգիական համայնք, ինչը պետք է արդյունավետ և նպատակային օգտագործել:
Ծրագիրը բաղկացած է 4 խոշոր բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն իր առջև դնում է կոնկրետ նպատակներ և խնդիրներ:
Առաջին բաղադրիչ. «Հայաստան — Սիլիկոնյան հովիտ» — Հայկական տեխնոլոգիական կենտրոնի ստեղծում Կալիֆոռնիա նահանգի Սան Հոզե քաղաքում, տարեկան 45 ձեռներեցների վերապատրաստման դասընթացների, ներդրողներին և վենչուրային կապիտալիստներին արտադրանքի ներկայացման հնարավորությունների տրամադրում:
Երկրորդ բաղադրիչ. «Հայաստան-տարածաշրջանային տեխնոլոգիական հաբ»- Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տեխնոլոգիական ընկերությունների հայաստանյան մասնաճյուղի հիմնում, այդ ընկերությունների համար միջազգային աքսելերացիոն ծրագրերի իրականացում, «Ներուժ» սփյուռքի սթարթափ ծրագրի միջոցով սփյուռքի 20 սփյուռքահայ ձեռներեցներին Հայաստան ներգրավում, մարզերում 3000 շահառուների մասնագիտական վերապատրաստման դասընթացների կազմակերպում:
Երրորդ բաղադրիչ. «Հայաստան — Ծոցի երկրներ համագործակցություն» — Արաբական Միացյալ էմիրություններում Հայկական անկյունի ստեղծում, 2 ամիս տևողությամբ աքսելերացիոն ծրագրերի մասնակցություն, հայկական ընկերությունների ներկայացում Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության և ներդրումային ֆոնդերին, Dubai Future հիմնադրամի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին մասնակցություն, «Area 2071» ծրագրի շրջանակներում հայկական տարածքի ձեռքբերում: Քաթարի Պետության կողմից ստեղծված 3 հիմնական ինկուբատորներում թրեյնինգների և վերապատրաստման դասընթացների իրականացում, ներդրումային ծրագրերի և արտադրանքի ներկայացում վենչուրային ընկերություններին և ֆոնդերին հայկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության ապահովում: Ծրագրերին նախատեսվում է տարեկան 20 ձեռներեցների մասնակցություն:
Չորրորդ բաղադրիչ. «Ներուժ» սփյուռքի սթարթափ ծրագիր, որի նպատակն է սփյուռքահայ ձեռներեցների շրջանակում Հայաստանը դիրքավորել որպես իրատեսական ձեռնարկատիրական միջավայր, որտեղ կարելի է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն և հիմնել սթարթափ գաղափարը: Հնգօրյա միջոցառման ընթացքում կազմակերպվում են տարբեր տեսակի ծրագրային ներկայացումներ, թրեյնինգներ, միմյանց հետ ընդհանուր ծրագիր սկսելու միջավայր, և վերջում ընտրվելով լավագույն գաղափարները և արդեն կայացած սթարթափները` տրվում է դրամական պարգև` իրենց գործունեությունը Հայաստան տեղափոխելու և Հայաստանում բնակվելու նպատակով:




