
Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտն ունեցել է հուլիսի 6-ին: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն օգոստոսի 1-ից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս երեք կենտրոն Երևանում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին 7-10 օրվա ընթացքում»,- հայտնեց Թորոսյանը:
Նախարարի խոսքերով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը հինգ հարյուր է ու նույնիսկ պակաս։ Նախարարը նշեց՝ հավելյալ մահճակալային ֆոնդ չեն պահի, բայց 2700-2800 մահճակալային ֆոնդ միշտ պատրաստ կլինի 2 օրում վերադառնալու նախկին ռեժիմին, եթե լինի անհրաժեշտություն:




