
Պահպանվող տարածքների աջակցման մի շարք ծրագրեր են իրականացվել Կապան համայնքի Շիկահող բնակավայրում։ Դրանց արդյունքում գյուղացիներն այսօր ունեն եվրապատուհաններ, արևային ջրատաքացուցիչներ, տանիքներն են նորոգվում, գիշերային լուսավորություն է ապահովվում։ Տարվա 6-7 ամիսը ձմռան իշխանության տակ գտնվող շիկահողցիների համար այս աջակցությունը մեծ օգնություն է։
Գյուղացիներին հուզող հարցերին ծանոթանալու համար հարկավոր է անմիջապես լսել հենց նրանց խոսքը, ասում է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը` շրջելով Շիկահող համայնքում։

-Նոր տեղադրված լույսերը ո՞նց են, արդարացնո՞ւմ են։
-Առայժմ հա, չեղածից լավ են, այսպես ասեմ։
Շիկահողում 2016 թվականից սկսած մի շարք ծրագրեր են իրականացվում՝ Հայաստանի պահպանվող տարածքների աջակցման ծրագրով։ Ամեն բնակչի տրամադրվել են 9 քառակուսի մետր եվրապատուհան, արևային ջրատաքացուցիչներ, տանիքներեն են նորոգվել, արդեն գիշերային լուսավորություն կա։ Շիկահողի բնակիչ Սամվել Աղաբեկյան․

«Մոտավոր հաշվարկով այս թիթեղները, ջրատաքացուցիչները, լուսամուտները գրեթե 800-900 հազարի ամեն մի ընտանիքի օգնություն է։ Դա քիչ գումար չի։ Գյուղացին պետք է մի երկու կով պահի, ապա վաճառի, որ կարողանա այդ գումարը ձեռք բերի ու այդ գործողությունները կատարի։ Բայց դե այդ ծրագրերով ստացել են օգնություն»։
Ծրագրի նպատակը՝ հատուկ պահպանվող տարածքներում սոցիալական ճնշումը նվազեցնելն է։ Շիկահողի վարչական ղեկավարի խոսքով ծրագիրը այս իմաստով օգնել է։

«Տարվա կտրվածքով գյուղում մարդիկ վառում են 25-30 խորանարդ մետր փայտ։ Քանի որ մեր գյուղը գտնվում է ծովի մակարդակից բավականին բարձր, ցուրտ է լինում։ Ձմեռը սկսվում է հոկտեմբերի վերջից, իսկ գարունը բացվում է ապրիլի վերջին, մայիսի սկզբին։ Մենք գրեթե 6-7 ամիս փայտի կարիք ենք ունենում։ Ծրագիրը նպաստել է այնքանով, որ կարելի է 50-60 տոկոսով կրճատել է»։
Համայնքապետ Փարսյանի խոսքով` մշտապես ունենք գյուղապահպանության խնդիր, այս ծրագրի շնորհիվ որոշակի առումով գյուղերի զարգացման խնդիր է լուծվում։

«Անտառների վնասման հիմնական խնդիրը, տեսնում ենք, երբ գյուղացիները մտնում են անտառ կոմերցիոն նպատակներով։ Սա է հիմնական անտառների վերացման խնդիրը։ Մենք կարծում ենք, որ գյուղացիների համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելով արդեն իսկ որոշակիորեն կլուծվեն այդ հարցերը»,- ասում է Փարսյանը։

Գյուղում կա 70-80 տնտեսություն, մշտական այստեղ բնակվում է 56-ը։ Հենց այդ 56- ի համար են կատարվում այս ծրագրերը։




