
Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով այլ վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով և կնշանակվեն առանց քաղաքացու հետ շփման։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համոզված են, որ փոփոխությունը կբացառի կոռուպցիոն ռիսկներ ու կվերացնի, օրինակ, աշխատանքային ստաժի տարիներն արհեստականորեն ավելացնելու հնարավորությունը։
Օգոստոսի մեկից թոշակի դիմում ներկայացնող քաղաքացու աշխատանքային ստաժի տարիներն արհեստականորեն ավելացնելու հնարավորությունը կվերանա։
Մինչ այժմ գործող կարգով՝ կենսաթոշակի դիմումն ընդունում և նշանակում է նույն մարմինը՝ սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինը։ Հաճախ դիմումն ընդունում, աշխատանքային ստաժը հաշվարկում և ըստ դրա` թոշակ նշանակում է նույն մասնագետը։
Օգոստոսի 1-ից այդ տարբեր գործառույթները նույն մասնագետը չի կատարի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասում է՝ փոփոխությունն արվում է գործընթացում կոոռուպցիոն գործոնը բացառելու համար։
Սոնա Մարտիրոսյանն ասում է, որ նման ահազանգեր մինչև օրս ստանում են․ առաջնորդվելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքնով՝ աշխատանքային ստաժը մի քանի տարով ավելացվել է ու ավելի բարձր թոշակ ստանալու հնարավորություն տվել։
Օգոստոսի մեկից Երևանում ամբողջությամբ կվերակազմակերպվեն սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինները և դրանց փոխարեն կձևավորվեն սպասարկման և նշանակման վարչություններ՝ իրենց բաժիններով։
Սպասարկման վարչության 10 բաժիններին կվերապահվեն միայն քաղաքացիներին սպասարկելու, դիմումներ ընդունելու, խորհրդատվություն մատուցելու գործառույթները։ Իսկ նշանակման վարչության 5 բաժինները կենտրոնացված կարգով կիրականացնեն բացառապես դիմումների մշակումն և որոշումների կայացումը։
Նոր համակարգով դիմումները աշխատակիցների միջև կբաշխվեն պատահականության սկզբունքով՝ բացառելով կենսաթոշակ նշանակող մասնագետների և քաղաքացիների շփումը:




