ԿարևորՀասարակություն

Փոկան՝ ջավախյան նոր տուրիստական ուղղություն

Եւս մեկ տուրիստական ուղղություն Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախքի շրջանում։ Փոկա գյուղում՝ Փարվանա լճի ափին, այս օրերին կառուցվում է զբոսաշրջային խոշոր համալիր, որն ավարտին է հասցվելու այս տարեվերջին։ Գյուղի բնակիչներն արդեն ընդունում են առաջին զբոսաշրջիկներին, այսօր միայն դեռ ներքին։

Մայրաքաղաք Թբիլիսիից 130 կմ հեռավորության վրա գտնվող հայկական Փոկա գյուղը չնայած իր տուրիստական մեծ ներուժին, դուրս էր մնացել շրջանի և ընդհանրապես երկրի զբոսաշրջային ուղղություններից։

Ենթակառուցվածքների բացակայության պատճառով, Փարվանա լճի ափին գտնվող գյուղը, որը հայտնի է նաև Սուրբ Նինոյի անցած ճանապարհով, գրեթե հյուրեր չէր ընդունում։

Այսօր, երբ համավարակի պատճառով Վրաստան օտարերկրյա զբոսաշրջիկներ չեն գալիս, ներքին զբոսաշրջություն է զարգանում՝ ուշադրության կենտրոնում ունենալով նաև երկրի ամենամեծ լճի ափին գտնվող Փոկան։ Գյուղի ճանապարհներն արդեն բարեկագվել են,  մշտական ջուրն ու գազը հասել է յուրաքանչյուրի տուն։ Համայնքային բյուջեով այս օրերին էլ լուսավորվում է լճի ափ տանող ճանապարհը, մեծ թափով ընթանում է տուրիստական համալիրի կառուցումը։

Նրանում լինելու է սրճարան, հյուրանոց, զբոսանքի, հեծանվային արահետ և այլն։ Փոկայում Նինոծմինդայի քաղաքապետի ներկայացուցիչ (գյուղապետ) Վալերի Ալվանջյան ի խոսքով․

«Գյուղն այս օրերին ուղղակի վերածվում է ավանատիպ հետաքրքիր կենտրոնի, Վրաստանում զբոսաշրջային նոր ուղղության։ Գտնվելով ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա, ենթակառուցվածքների զարգացման արդյունքում ամռան տապին գյուղը մեծ տուրիստական հոսքեր է ունենալու։ Բնակիչներն արդեն սկսել են իրենց տները հյուրատների վերածել, այս տարի արդեն գյուղը հիսուն ներքին զբոսաշրջիկ է ընդունել»։

Մինչ ավարտին կհասցվի լճի ափին կառուցվող տուրիստական խոշոր այս համալիրի կառուցումը, գյուղի երիտասարդները զբոսաշրջային նոր նախագծեր են մտածում։ Հովիկ Կալաչյանի ծրագիրը հավանության է արժանացել, ֆինանսավորում ստացել։ Նա երկրում արտակարգ դրության չեղարկումից հետո առաջին անգամ լճի ափ է բերել հեծանիվներ, ձիեր, վրաններ.

««Բացահայտիր Փոկան» երեքօրյա տուրը ենթադրում է նաև ձկնորսություն, նավակներով շրջագայություն լճում, ինչպես նաև արշավ Փոկայի՝ լճերով հարուստ լեռներ, Շաուրի ամրոց, Մեծ և Փոքր Աբուլի, Լևանի լիճ և այլն։ Եւ այս ամենը գտնվում է առանձնահատուկ բնությամբ հայաբնակ Փոկայում»։

«Վստահաբար կարող եմ ասել, որ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շնորհիվ զբոսաշրջիկների համար գրավիչ են դառնալու ոչ միայն մեր լճերը, լեռները, այլև մեր էկոլոգիապես մաքուր մթերքը։ Մեր ալպիական ծաղիկներից մաքուր մեղր ենք ստանում, այս ամենն արժևորվում է նաև նրանով, որ մեր հող ու ջրի վրայով է անցել սուրբ Նինոն»,- «Ռադիոլուրին» ասում է Փոկայի միակ հայկական դպրոցի երկարամյա գրադարանավարուհի Վարդիթեր Մկրտչյանը։

Եւս մեկ առիթ, որ գյուղը գրավիչ է դարձնում, դա Քրիստենեությունը Վրաստան բերած Սուրբ Նինոյի Փոկայով անցած ճանապարհն է։

«Մինչ մեր բնակություն հաստատելը Փոկայով է անցել սուրբ Նինոն։ Գյուղում գործում է սուրբ Նինոյի մենաստանը։ Ամեն տարի տարի հունիսի 1-ին այստեղ նշվում է Սուրբ Նինոյի օրը», -ասում է գյուղի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Քնարիկ Քոսյանը։

Սուրբ Նինոյի տոնը, որ սկիզբ է առնում Փոկայից, ըստ Վրաց Ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլիի․ «Մի տոն է, որը միավորում է մեր երկու ժողովուրդներին։ Որովհետև մենք ասում ենք, որ եղբայրներ ենք՝ Հայոսի և Քրթլոսի ժառանգները, բայց նաև քույրեր ենք․ Սուրբ Հռիփսիմեն, Գայանեն և Նինոն միասին են եկել, այնհուտև Սուրբ Նինոն թողել է նրանց, անցել այս ճանապարհով՝ գիշերելով Փարվանայի ափին, հասել Մցխեթա՝ Վրաստանի հնագույն մայրաքաղաք»։  

Ավելի քան 30 տարի վրացի պաշտոնյաները տոնը սկսում են՝ անցնելով սուբ Նինոյի ճանապարհով՝ Փոկայից, Փարվանա լճի ափից հասնելով Մցխեթա։

Կարդացեք նաև

Back to top button