Թավշյա Զարթոնքում կրքերը չեն հանդարտվում
Արդեն 2 տարի Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրքերը չեն հանդարտվում: Երեկ կեսօրից հետո այստեղ հերթական միջադեպն է գրանցվել: Համայնքի նախկին ղեկավարի կողմնակիցները երկաթե ձողերով ծեծկռտուք են կազմակերպել գյուղում, որի արդյունքում գլխի ու ձեռքի շրջանում բաց ու կոտրված վնասվածքներ է ստացել համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Պողոսյանն ու 3 հոգի: Երեկ գյուղը դարձյալ գտնվել է ոստիկանների հսկողության ներքո:
Թավշյա հեղափոխությունը թավշյա հանդարտություն ու խաղաղություն չբերեց համայնքին: Նախկին գյուղապետը չի համակերպվել պարտության հետ և երկու մասի բաժանված գյուղում ծեծկռտուքի ու հայհոյանքների պակաս չի զգացվում: Խոլերա տեսած Զարթոնքում կոյուղաջրերով ոռոգում չկատարելու համար պետական աջակցության ծրագրերով խորքային նոր հորեր են հորատվել, վթարային մանկապարտեզն է քանդվել՝ նորը կառուցելու նպատակով:
Համայնքում կատարվող փոփոխություններին ծանոթանալու նպատակով հասել էի Զարթոնք՝ չմտածելով, որ նոր սցենարով հին կռիվների ականատեսն էի լինելու։ Սկզբում ամեն ինչ խաղաղ էր, մարդիկ իրենց հողամասերում բերքահավաք էին անում, շուկա գնում: Օրվա երկրորդ կեսին համայնքի ղեկավարի տեղակալի հետ զրուցեցինք մշակույթի տան ճակատագրի մասին, որից հետո նա շտապեց Արմավիր՝ սահման ուղարկվող անվադողերը բեռնաթափելու:
«Մենք կազմակերպել ենք, մեր տղաներով, մեր համայնքի ժողովրդով, բոլորս հավաքել ենք անվադողերը, որպեսզի ուղարկենք սահման՝ մեր զինվորներին էդ հարցով աջակցելու համար: Տեսնենք ինչ է՝ 2-րդ պարտիան էլ կուղարկենք: Մի խոսքով, հենց հիմա մաշինեն հասել է տեղ, ես արդեն պտի էթամ, որ էդ գռուզը դատարկեմ»:
Սուրեն Պողոսյանի գնալուց հետո համայնքապետարանից ստացա ևս մի քանի տեղեկատվություն հողերի կառավարման վերաբերյալ և որոշեցի մտնել Մշակույթի տուն, որը գտնվում է համայնքապետարանի հետմնամասում: Դուրս գալով ՝ համայնքապետարանի բակում կանգնեց Սուրեն Պողոսյանի մեքենան, որի դիմապակին ու դռների ապակիները կոտրված էին, իսկ Սուրենի թևը վնասված:
«Էս խանութից խփեցին, ո՞վ էր…»,-հարցիս չպատասխանեց, իսկ ես շարունակեցի քայլերս դեպի Մշակույթի տուն։ Փողոցում տեսա համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանին:
Պարույր Սարգսյանի խոսքով` Սուրեն Պողոսյանը դիտավորությամբ մեքենայով հարվածել է իր թոռան մեքենային: Նախկին համայնքի ղեկավարը երբեմն պոռթկում էր՝ օգտագործելով անպարկեշտ բառեր, միաժամանակ ցույց տալիս վնասված մեքենան:
«Ես, իմ համար, էնտեղ նստած նարդի էինք խաղում տղերքով, գալում, ավտոյա ջարդում, արա, փախնում: Կռիվը վերջացելա, բայց ինչի է եղել՝ չգիտեմ»:
Պարույր Սարգսյանը 23 տարի ղեկավարել էր Զարթոնք համայնքը, թավշյա հեղափոխության օրերին գյուղացիներն ակցիաներ կազմակերպելով պահանջել էին գյուղապետի հրաժարականը: Պարույր Սարգսյանը 2019թ ապրիլի 13-ին հրաժարական էր տվել, բայց գյուղում բախումները շարունակվել էին, իսկ սեպտեմբերի 29-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում կրկին առաջադրվել, բայց չէր ընտրվել: Սա նույնպես բացասական հետևանք է ունեցել գյուղի անդորրը խանգարելու համար: Սուրեն Պողոսյանի կողմնակիցներն ասում էին, որ վերջերս հաճախացել են հակառակ կողմից իրենց հասցեին հնչող հայհոյանքները:
«Հիմա գյուղապետարանումա աշխատում էս մարդը, անցնում-դառնում անպատվում են: Ինչքան կարելի ա կուլ տալ, չի կարելի, չէ՞: Հիմա էս մարդն աշխատում ա, ինչու չեք կարողանում մարսել ձեր էդ պարտությունը: 30 տարի կերելա, հիմա էլ թող գյուղացին ապրի: Բոլորը հոգսի տեր են, ապրանքն էսօր գին չունի, թափավ, եկամուտ չունենք»:
«Էս մարդը հիմա ի՞նչ անի, վարկ փակի, թե ավտո սարքի»:
Սա էլ հերթական կռվի առիթն էր: Բենզալցակայանից դուրս եկող տղաների ձեռքին երկաթե ձողեր էին: Պարույր Սարգսյանի կողմնակիցների մեջ էր նաև նրա թոռը` ավագանու անդամ, դպրոցի մանկավարժ Նարեկ Մելքոնյանը: Համայքնի ղեկավար Սամվել Աղաջանյանի ասելով, գյուղում 4-5 ամիս հանդարտ վիճակ էր, գյուղացիները ներել էին նաև նախորդ կռվի մեղավորներին.
«Երիտասարդ տղա էր, նստել էր, ասեցինք ոչինչ, թող դուրս գա, երեխատերա, նախկին գյուղապետի եղբոր որդին ա: Հիմա նորից ինքը, նույն պատմությունը»:
Համայնքի նախկին ղեկավար Պարույր Սարգսյանի կողմանկիցներն էլ նշում էին 2 օր առաջ մեծածախ շուկայի միջադեպը.
«Մուղանի շուկան, ստեղ ճանապարհի վրա, տվին մեքենան ջարդին, զոռով էրեխեքը փախել են շուկայում: Միշտ կռիվ են ման գալի, միշտ մեր էրեխեքին կպնեն, բան անեն, կռիվներ միշտ ման գան, բայց ասում ենք ոչինչ, գյուղա, գյուղա, գյուղա, թող կամաց-կամաց անցնի գնա, բարիշվեն, ոնցոր ասած: Բայց չէ, էս մարդիկ թե ի՞նչ են ուզում, առյուծի կաթ են կերել»:
Մինչ մեղավորներ էին փնտրում տարեց մի կին՝ Մարգարիտա Մխիթարյանը , հետևյալը պատմեց.
«Որ գերեզմանոցից գալիս էի, Պարույրի հայաթը սաղ հավաքված, Պարույրը իրանց հրահանգ էր տալում՝ քարերը կոլնածա խանութի հայաթը, միահամուռ, լրիվդ մի մարդու նման կըլնեք խանութի հայաթը: Որ ինքը ամաչեր կյանքում էդքան ջահել չէր հանի իրար դեմ: Ես Սարգսյան Պարույրի հորոխպոր աղջիկն եմ ոչ բարով»:
Կռվի արդյունքում վնասվեց գյուղապետի տեղակալի գլուխն ու ձեռքը, նրա եղբոր ծնոտը, ևս 2 հոգի մարմանական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց: Մեծամոր բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Էդվարդ Գինոսյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ շտապօգնության մեքենայով տեղափոխվել բազմակի վնասվածքներով 4 հիվանդ.
«Երեքի մոտ կան լուրջ վնասվածքներ, Սուրիկը ստացել է գլխի շրջանում հարվածներ, որից առաջացել է սալջարդ պատռվածքներ, նկարագրում էր, որ կորցրել է գիտակցությունը, ինչը նշան է նաև գլխուղեղի ցնցման: Ինչպես նաև աջ ձեռքի ծղիկոսկրի ներհոդային կոտրվածք: Առկա է նաև բազմակի սալջարդ: Սիրեկանի՝ Սուրենի եղբոր մոտ առկա է ստորին ծնոտի կոտրվածք, Համլետի մոտ՝ ծոծրակոսկրի ներմղված կոտրվածք, 4-րդի մոտ՝կրծքավանդակի աջ կեսի փափփուկ հյուսվածքների սալջարդ»:
Վնասվածք ստացածները չեն հոսպիտալացվել, իսկ գլխի շրջանում վնասվածքներ ունեցող տուժածներին լրացուցիչ հետազոտության համար ուղեգրել են Երևան։