ԿարևորՀասարակություն

Տավուշի սահմանապահ գյուղերը պատրաստվում են վարդավառին. Նավուրում տոնելու հրավիրում են հուլիսի 26-ին

Անցած կիրակի հուլիսի 19-ին տոնեցինք Հայ առաքելական եղեցու տավարար տոներից մեկը Վարդավառը: Տավուշի սահմանամերձ գյուղերում ասում են՝ մերն ուրիշ է:

«Հուլիսի 20-ից հետո առաջին կիրակին ենք անում, Այգեձոր, Չինարի՝ օգոստոսի առաջին կիրակին են անում: Ամսի 26-ին համեցեք՝ վարդավառին մասնակցեք»,- պատմում է Նավուրի դպրոցի տնօրեն՝ Կամո Մարդանյանը։

Ոչ միայն օրերն են տարբեր, նաև՝ ժողովրդական ավանդույթները, ծիսական ուտեստները, դե ժողովրդի ոգևորության մասին էլ՝ չասած:

 Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյան. «Այդ օրերին գաթա են թխում, բաղարջ են թխում սալի են թխում, սալին՝ մեր ավանդական քաղցրավենիքն է, պատրաստվում է խմորով, շատ քաղցրավենիքով ու վառարանի վրա, շաջ ենք ասում շաջի վրա է եփվում»։

Գաթան, բաղարջն ու սալին հենց կարմրեցին՝ հերթը քեֆ ուրախությանն է: Հատաստանի տարբեր շրջաններում տարբեր է նաև մեր ժողովրդի պատմաազգագրական նկարագիրը։  

 «Դրանով էլ մենք տարբերում ենք լոռեցուն՝ շիրակցուց, զանգեզուրցուն առանձնանում սասունցուց, մշեցուց, որովհետև հայկական էթնիկ մշակույթի ընդհանուր համալիրում ամեն մեկն ունի իր բնորոշ առանձնահատկությունը։ Տավուշի պատմաազգագրական մարզը վարդավառը մի քիչ ավելի շքեղ է նշում, քան Հայաստանի մնացած ազգագրական շրջաններում»,- ասում է առանձնահատկություններն ուսումնասիրած ազգագրագետ Կարինե Բազեյանը։

Նա ասում է, որ Արևելյան Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ կրոնը համարվեց ափիոն ժողովրդի համար, իսկ եկեղեցին սկսվեց հալածվել, ժողովրդական տոնացույցը որոշակի փոփոխություններ կրեց։

Մինչ այդ վարդավառը այլ շուքով էր տոնվում։ Ընդհանրապես այն հայ ժողովրդի սիրելի տոներից մեկն է դեռ անհիշելի ժամանակներից, բայց Արևմտյան Հայաստանում այդ օրը նաև ուխտագնացության էին գնում դեպի Մշո սուրբ Կարապետ։ Գնում էին հազար ու մի նպատակով, որ հիվանդը բուժվի, կույրը՝ տեսնի, չբերը՝ հղիանա։

«Երկու շաբաթ շուտ գնում էին։ Մշո ս. Կարապետը հոգևոր ամենանշանավոր կենտրոններից մեկն էր այդ ժամանակ, դառնում էր համահայկական ուխտագնացության կենտրոն։ Իմիջիայլոց ասեմ, որ Շիրակի ժողովուրդն էլ է մեծ շուքով տոնել»։

Ազգագրագետն ասում է, նաև խնձորի պահքի ու օրհնության ծես է եղել Տավուշում։ «Մինչև վարդավառ խնձոր չէին ուտում, պահք էին պահում։ Եթե Աստվածածնի տոնը խաղողօրհնեք են անում՝ վարդավառին էլ Տավուշում խնձորն էին օրհնում՝ բերքատվության հետ կապելով»։

Տավուշում տոնն ընտանեկան է, ավելի շուքով են տոնում, քան՝ Տոր տարին։

Նավուր համայնքի ղեկավար Արամ Նիգոյան. «Գառ են մորթում, խաշլամա, խորոված: Շաբաթ իրիկուն երեխաները խարույկ են վառում, ամբողջ գիշեր քեֆ են անում, պարում են, խմողները խմում են, ուտողները՝ ուտում են, աղջիկները ծաղկե խաչեր են սարքում՝ պահում, տղաները գտնում են»:

Համայնքապետը մի քիչ սրտնեղում է՝ գալիս եք միայն երբ կրակում են։ Այսօր անտեսանելի թշնամի ունեն՝ թագավարակը, բայց դրանից խուսափելու ձևն էլ են գտել: Ասում է, հյուրերին մենք կընդունենք ֆիզիկական հեռավորությունն ու բոլոր կանոնները պահպանած, մեկակ թե եկեք, որ տեսնեք Նավուրի հյուրասիրությունը, զգաք մեր ավանդականի համն ու հոտը՝ չքնաղ բնության գրկում:

«Ժողովուրդը հիմնականում սար է գնում, ընտանիքներով, գյուղի տարածքում ինչքան աղբյուրներ կան, զբաղված են այդ օրերին: Մի մեծ տոնախմբություն է,- ասում է Արամ Նիգոյանն ու ծիծաղելով շարունակում,- ամենակարևորն էն է, որ պարետը թույլ է տվել հաց ուտելուց դիմակները հանել:

Սարերի ստորոտին՝ հրաշք բնության գրկում, թիկն տված Նավուրում երեկոյան արդեն կսկսեն տոնական պատրաստությունները. գաթան ու բաղարջը սալին են հունցում ու մի քիչ տխրում՝ կրակոցները՝ հեչ, թագավարակի պատճառով ամենահյուրասեր գյուղերից մեկն առանց հյուրերի է մնալու։

Կարդացեք նաև

Back to top button