ԿարևորՏնտեսական

Հայաստանն ու Ադրբեջանը պարտատոմսեր են տեղաբաշխել իրենց ֆինանսական շուկաներում. ինչ են ցույց տալիս թվերը

«Հայաստանի ֆինանսական շուկան կայուն է, այստեղ իրացվելիության բավարար մակարդակ կա, բանկային համակարգում խնդիրներ չկան»,-  «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծել է Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի    գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։ Նա հիշեցրել է, որ օրերս Հայաստանի ֆինանսական շուկայում պատմական իրադարձություն է կատարվել` ֆոնդային բորսայում տեղաբաշխվել են 60 մլրդ դրամի պետական պարտատոմսեր։   

Հայաստանում 60 մլրդ դրամի պետական պարտատոմսերը տեղաբաշխվեցին ֆոնդային բորսայում, երբ Տավուշում Ադրբեջանը հերթական արկածախնդրությանն էր դիմում, համավարակով պայմանավորված ճգնաժամի մասին էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հերթական ոչ հուսադրող հայտարարություններն էին անում։

Պետական պարտատոմսերը ֆոնդային բորսա դուրս բերելու քայլերը ֆինանսիստները պատմական իրադարձություն են որակում ու շուկայի կայունության ցուցիչ։ Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի՝ ՖԻՆԱՐՄԻ-ի,  գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է` պարտատոմսերի տեղաբաշխումը նախապես  պլանավորված էր ու այն «խիզախ քայլ» է  բնորոշում։ Տեղաբաշխումն աննախադեպ ծավալով էր. 

«Դա պատմական առավելագույնն էր, ամենամեծ ծավալով տեղաբաշխումն անցյալ տարի էր՝ մոտ  40 մլրդ դրամ։ Այս տարի ռեկորդը թարմացվեց։ Ֆինանսների նախարարությունն այստեղ խիզախ քայլի գնաց` այդ ծավալով տեղաբաշխելով, որը շատ դրական ազդեցություն պետք է ունենա շուկայի վրա։ Պարտատոմսերի թողարկման ծավալը մեկ շրջանակում որքան մեծ է, այնքան  ավելի մեծ է հավանականությունը, որ դրանք իրացվելի կլինեն, և դա ֆինանսական շուկայի բարելավման, առողջացման քայլ էր, որը նախապես պլանավորված էր։ Բնականաբար, որևէ մեկը չէր կարող  ենթադրել, որ այդ օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն կունենանք, որը տեսականորեն պետք է ռիսկեր ավելացներ, բայց, ինչպես տեսանք, ոչ միայն ռիսկեր չառաջացան, այլ պահանջարկը 2․7 անգամ գերազանցեց պահանջակին, ինչը շատ լավ ցուցանիշ է, և բնութագրում է մեր ֆինանսական շուկայի  կայունությունը»,- ասում է Կարեն Զաքարյանը։ 

Հետաքրքիր զուգադիպությամբ` նույն օրը պարտատոմսեր էր թողարկել նաև Ադրբեջանը։  Կարեն Զաքարյանն ընդգծում է՝ Հայաստանի ու Ադրբեջանի  թողարկած պարտատոմսերը բնույթով տարբեր են, տարբեր են ժամկետները, ծավալը,  եկամտաբերությունն է նույնը․ 

«Մենք թողարկեցինք երկարաժամկետ պարտատոմսեր՝ շատ մեծ ծավալով,  իրենց մոտ՝ կարճաժամկետ ու համեմատաբար փոքր ծավալով։  Բայց այստեղ կարևոր է, որ եկամտաբերությունը լրիվ նույնն էր։ Մեզ մոտ 9 տարի ու երեք ամիս մարման ժամկետով պարտատոմսը, իրենց մոտ՝ մեկ տարով։ Ու եթե 9 տարեկան պարտատոմսի եկամտաբերությունը համարժեք է  1 տարեկան պարտատոմսի եկամտաբերությանը, դա խոսում է նրա մասին, որ մեզ մոտ`  հայկական  շուկայում պետական պարտատոմսերն ավելի ցածր ռիսկային են գնահատվում, ինչը արտացոլվում է գնի մեջ։ Նախորդ անգամ, երբ մենք էինք մեկ տարեկան պարտատոմսեր տեղաբաշխել, դրա եկամտաբերությունը ավելի քան  2 տոկոսով պակաս էր, քան` Ադրբեջանի կողմից  տեղաբաշխված պարտատոմսերի եկամտաբերությունը»,- նշում է Զաքարյանը։  

Հայաստանի  ֆինանսական շուկան կայուն է, ասում է ՖԻՆԱՐՄԻ գործադիր տնօրենը։ Նշում է, որ  ֆինանսական շուկայում իրացվելիության բավարար մակարդակ կա, բանկային համակարգում խնդիրներ չկան։ Համավարակով պայմանավորված տնտեսական ակտիվությունը նվազել է, սակայն որևէ լուրջ խնդիր ֆինանսական շուկայում  չի նկատվում։ 2020թ. հունվարի 31-ի դրությամբ ֆինանսական  շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի 11%-ը,  կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում  են ՀՆԱ-ի համապատասխանաբար մոտ 3,5% և 2․5%-ը։  

Ինչպես կառավարությունում, այնպես էլ փորձագետները կարծում են, որ ֆինանսական շուկան պետք է այնքան զարգացնել, որ  խնայողություններն ուղղվեն դեպի պարտատոմսեր։

Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի՝ ՖԻՆԱՐՄԻ-ի  գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանն ընդգծում է՝  պարտատոմսը ավանդին կարող է այլընտրանք լինել, երկուսն էլ  պարտքային գործիք են, թողարկողը պարտավորվում է վերադարձնել ամբողջ գումարն ու տոկոսները։  Բաժնետոմսը անժամկետ ներդրում է ընկերության կապիտալում։ Երկու գործիքի նկատմամբ էլ կարևոր է, որ   Հայաստանում   պահանաջարկն աճի, ասում է․ 

«Առաջին հերթին կարծում եմ  մեր կառավարությունը կարող  է օրինակ ծառայել ։ Օրինակ` շատ լավ կլինի, որ մեր վարչապետը, նախարարները, փոխնախարարները պարտատոմսեր ձեռք բերեն ու օրինակ ծառայեն, որ տեսեք  մենք մեր  ֆինանսական շուկային, մեր թողարկողներին  վստահում ենք, կլինի դա բանկային համակարգից, թե ոչ բանկային համակարգից։  Ցույց տան, որ նաև պարտատոմսերում ներդրումներ կատարելով կարող են ավելի շատ եկամուտ ունենալ, քան` բանկային ավանդներում»։ 

Անցյալ տարվա համեմատ` ֆինանսական շուկայում առաջընթաց կա, սակայն ակնկալվում է, որ առաջիկա տարիներին կորպորատիվ  պարտատոմսերի շրջանառության ծավալը պետք է  մի քանի անգամ ավելանա։ Դրա համար պետք է շատ աշխատել։  Պետության կողմից քայլերը նկատելի են, ասում է Կարեն Զաքարյանն, հիշում հարկային օրենսգրքում փոփոխությունները, որոնք նախաձեռնել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Բաբկեն Թունյանի ու Վարազդատ Կարապետյանի հետ համատեղ։  Բորսայում ցուցակագրված պարտատոմսերը մարտի մեկից  ազատվում են  եկամտահարկից։

«Ֆոնդային բորսան պետք է  դառնա տնտեսության զարկերակը»,- արձանագրում է վարչապետ Փաշինյանն ու  նշում,ե թե երկրում իրական ֆոնդային բորսա ձևավորվի, ապա դա կլինի տնտեսական հեղափոխության կարևորագույն բաղադրիչը։      

Կարդացեք նաև

Back to top button