ԿարևորՀասարակություն

ՄԻ պաշտպանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում ադրբեջանցիների հայատյացության վրա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ միջազգային կառույցներին կուղարկի պաշտոնական նամակներ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով էթնիկ պատկանելության հիմքով հայերի նկատմամբ իրականացվող ադրբեջանցիների հարձակումների վրա։

«Այս օրերին մի շարք երկրներում տեղի են ունենում ադրբեջանցիների հարձակումներ հայերի նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով:

Այս մասին վկայում են նյութերը (տեսանյութեր, գրառումներ և այլն), որոնք Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմը ստանում է ահազանգերի միջոցով, ինչպես նաև հրապարակային նյութերի դիտարկմամբ:

Դիտարկումը ցույց է տալիս, որ հայերի նկատմամբ հարձակումները տեղի են ունենում էթնիկ պատկանելության հիմքով ատելության (armenophobia) շարժառիթով և ուղեկցվում են ատելություն պարունակող, արժանապատվությունը նվաստացնող վանկարկումներով: Հարձակումներն ունեն սադրող բնույթ, տեղի են ունենում խմբերով՝ անպաշտպան քաղաքացիական անձանց վրա՝ նրանց հանկարծակիի բերելով»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ պաշտպանի այս երևույթը պետք է անհապաղ կանխել՝ հետագա լարվածություն և վտանգավոր զարգացումներ թույլ չտալու նպատակով:

Թաթոյանը կոչ է արել ցուցաբերել զգոնություն և չտրվել սադրանքների:

«Չի կարելի թույլ տալ օրենքով արգելված որևէ արարք, այդ թվում՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ: Անհրաժեշտ է բացառել վտանգավոր զարգացման և լարվածությանը նպաստող ցանկացած երևույթ»,- ընդգծել է ՄԻ պաշտպանը:

Կարդացեք նաև

Back to top button