
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ուդո Վագներին, պաշտպանության հարցերով պատվիրակ Միխայիլ Րիեպլին, կազմակերպության տնտեսական ապահովության ծրագրերի պատասխանատու Մարտին Ափյանին, պաշտպանության բաժնի աշխատակիցներ Արմեն Քարամյանին և Արամ Փանոսյանին:
Այցի նպատակը հայ-ադրբեջանական սահմանագոտում ծավալված ռազմական գործողություններից հետո համայնքում ստեղծված իրավիճակին ծանոթանալն էր:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները մասնավորապես հետաքրքրված էին, թե հրետակոծության հետևանքով ինչ վնասներ է կրել քաղաքացիական բնակչությունը, որքանով է նվազել հողերի հասանելիությունը, տնտեսական ինչ վտանգներ են սպառնում իրավիճակի սրացումից հետո:
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը հանգամանորեն ներկայացրել է ստեղծված իրավիճակը, հակառակորդի հրետակոծության հետևանքով առաջացած վնասի չափը, վերականգնողական աշխատանքների ընթացքը:
«Հանդիպումը հուսադրող էր. մենք հասկացանք, որ համայնքը բավականին կազմակերպված է: Կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում վերականգնողական աշխատանքներ կիրականացվեն և հետևանքները կվերացվեն»,-նշել է Արմեն Քարամյանը:




