ԿարևորՀասարակություն

Կապուտակ Սևանի կանաչ ամառը

Սևանա լճի կանաչումը նորից բնապահպանների ուշադսրության կենտրոնում է։  Մտահոգված են՝  լիճը կորցնելու վտանգի առաջ ենք  կանգնած։ Շրջակա միջավայրի  նախարարության մշակած ծրագրերը դեռևս նախագծման փուլում են, իսկ  լիճը գնալով ճահճանում է։  նախարարությունից էլ  պնդում են, որ տարիների  պատմություն ունեցող խնդիրները երկու տարում լուծել հնարավոր չէ, ամեն ին անում են  լիճը պահպանելու համար։ Խնդիրն Աիդա Ավետիսյանն է ներկայացնում։

Սևանա լճում  այս տարի ևս կապտականաչ ջրիմուռներն ակտիվացել են։  Բնապահպանները տարբեր պատճառներով են բացատրում։ Սևանա լճի ներկայիս վիճակը ջրի մակարդակի իջեցումն է, կարծում է  Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը և շեշտում` եթե  լճի մակարդակը մնար իր բնական  նիշերի վրա, մենք այսօր այդ խնդիրները չէինք ունենա։  Սրան էլ գումարվել են  այն մյուս բոլոր  խնդիրները, որոնք  նպաստում են կապտականաչ  ջրիմուռների արագ և ինտենսիվ աճին։

Ջրի մակարդակի  բարձրացման կասեցմանը զուգահեռ կա նաև մեկ այլ խնդիր ևս։ Դա ցանցավանդակային  ձկնաբուծական  տնտեսություններն են։

«Առ այսօր  ոչ մի լուրջ   վերլուծություն չկա, թե ինչ  ազդեցություն է ունեցել 2012-2013 թվականներից սկսված  այդ գործունեությունը։  Լրացուցիչ ինչ ծանրաբեռնվածություն է առաջացրել լճի վրա»,- ասում է Լեւոն Գալստյանը։

Ըստ բնապահպանի՝  այս տարիների ընթացքում չի իրականացվել և այժմ էլ չի իրականացվում  խնդիրների լուրջ վերլուծություն, որպեսզի դրանից էլ պարզ դառնա քայլերի հաջորդականությունը։

«Վիճակը փրկել հնարավոր է, սակայն պետք է քաղաքական կամք»,- շեշտում է։

Անհրաժեշտ է ստեղծել Սևանի խնդիրներով  զբաղվող  մասնագիտական խումբ, այսպես զրույցն ավարտեց  բնապահպանը։

Իսկ «Կանաչ ապագա բնապահպանական շարժման» ղեկավար Վահագն Վարագյանի համար պատկան մարմինների ձեռնարկած  քայլերը դանդաղ են առաջ ընթանում։ Նման տեմպերի արդյունքում կունենանք անդառնալի հետևանքներ։

Կառավարությունը 2018 թվականին որոշեց, որ  2019-2021 թվականներին պետք է մաքրվեն  750 հեկտար ափամերձ տարածքներ,  սակայն ժամանակի կեսն անցել է և դրանք իրականացվել է  միայն  150 հեկտարում։ Մյուս ծրագրերը դեռևս նախագծման փուլում են, ասում է զրուցակիցս։

«Այնտեղ  գլխավոր գործոնը, որը հանդիսանում է ազոտի և ֆոսոֆորի  մուտքը լիճ, դա ափամերձ տարածքներում գտնվող  համայնքների կոյուղագծերի  վրա մաքրման կայանների կառուցումն է, որպեսզի նվազեցվի  ազոտի և ֆոսֆորի մուտքը լիճ։ Դա է հիմնական պատճառը, սակայն առ այսօր  որևէ քայլ չի արվել։ Մյուս տարվա համար ինչ- որ նախագծեր են մշակվում։   Այնինչ այդ գործողությունները պետք է շատ արագ արվեն»,- նշում է Վարագյանը։

Բնապահպանների դիտարկումներին շրջակա միջավայրի նախարարության  բնության  հատուկ պահպանվող  տարածքների և  կենսաբազմազանության  վարչության  պետի ժամանակավոր  պաշտոնակատար  Ոսկեհատ Գրիգորյանը հակադարձում է. տասնամյակների ընթացքում ձևավորված  հիմնախնդիրները մեկ կամ երկու տարում լուծել հնարավոր չէ։ Նախարարությունն անում է ամեն ինչ  կապուտաչյա գեղեցկուհուն  փրկելու համար։ Զրույցի ընթացքում պարզեցինք, որ  ծրագրերը դեռևս նախագծման փուլում են։ Այս պահին իրականացվում են   ջրի որակի բարելավման և քանակի ավելացման ուղղությամբ աշխատանքներ։

« Անտառմաքրման աշխատանքներն են, շենք–շինությունների ապամոնտաժման աշպատանքներն են, տմնտեսվարողների կողմից Սևանա լիճ հոսող կոյուղի կենցաղային կեղտաջրերի մաքրման կայանների պարտադիր  տեղադրման աշպատանքներն են։ Ջրի մուտքը Սևանա լիճ 2019 թվականին  Արփա Սևանով եղել է 158մլն մետր խորանարդ, ինչը ևս 16 մլն խորանարդ մետրով նախորդ տարվա ցուցանիշից բարձր է եղել»,- ասում է Գրիգորյանը։  

Այս տարի նախատեսված են 270 հեկտար ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներ, սակայն այս պահին համավարակով  պայմանավորված  տեմպերը դանդաղել են, մաքրվել է 50 հեկտարը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց  շրջակա միջավայրի նախարարության  բնության  հատուկ պահպանվող  տարածքների և  կենսաբազմազանության  վարչության  պետի ժամանակավոր  պաշտոնակատար  Ոսկեհատ Գրիգորյանը։  

Արդեն մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել է ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Այդ նպատակների համար հատկացվել է շուրջ 5 միլիոն եվրո գումար։

Կարդացեք նաև

Back to top button