
1993-ի այս օրը, հուլիսի 23-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն այլևս սկսեց չգնդակոծվել Ակնայից, քանի որ ադրբեջանական անուն կրող Աղդամ քաղաքն անցավ հայկական ուժերի վերահսկողության տակ։
Ընդամենը մի քանի օր առաջ արդեն հայ–ադրբեջանական սահմանին ադրբեջանական սադրանքի արդյունքում Հայաստանի դիրքային բարելավումները հակառակորդի գնդակների համար այլև անհասանելի կդարձնեն Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը։ Եթե կարելի է ասել այսպիսի բարդ պայմաններում է «քննություն» հանձնում Հայաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։
Արդյո՞ք փաստաթուղթն իրեն արդարացրել է և ինչ փոփոխությունների է գնում Հայաստանը՝ այսօր բացվել են որոշ փակագծեր։
Հայկական կողմը հստակեցնում և կոշտացնում է դիրքորոշումները՝ հաշվի առնելով մի քանի օր առաջ Ադրբեջանի սանձազերծած սահմանային լարվածությունը։ Հակառակորդն իր քայլերով Հայաստանին ստիպել է ոչ միայն համարժեք ռազմական պատասխան տալ, այլև հետևություններ անել հետագա աշխատանքի համար։ 2016 թ. ապրիլից հետո Ադրբեջանը երկրորդ անգամ ուժ կիրառեց, այն դեպքում, երբ առկա էր խաղաղ գործընթաց, երբ առկա էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը՝ ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից և հռետորաբանությունից։

«Առաջին․ Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել: Այս տեսանկյունից խիստ կարևորում եմ Արցախի Հանրապետության հետ մեր սերտ համագործակցությունն ու առկա սպառնալիքներին համապատասխան նոր բովանդակություն հաղորդելը:
Երկրորդ․ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ:
Երրորդ․ Ադրբեջանը պետք է հրապարակավ հրաժարվի ուժի կիրառումից և վստահելի քայլեր կատարի հակահայկական հռետորաբանությունը դադարեցնելու ուղղությամբ:
Չորրորդ․ Բանակցությունները պետք է լինեն իմաստալից: Բանակցություններն իմաստ ունեն, եթե Ադրբեջանը պատրաստ է հետ կանգնել իր մաքսիմալիստական մոտեցումներից և պատրաստ է փոխզիջման: Առանց որևէ սահմանափակման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, Հայաստանի և Արցախի բնակչության անվտանգությունը չեն կարող զիջվել որևէ պարագայում»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանուր առմամբ` 8 կետ հրապարակեց վարչապետը։ Հայկական կողմը պնդում է, որ հակամարտության գոտում ապրող մարդկանց խնդիրները պետք է դառնան բանակցային օրակարգի առաջնային մաս: Հայկական կողմը նաև պահանջում է սահմանային գոտում ներդնել մշտական և ստուգողական մոնիտորինգի այնպիսի մեխանիզմներ, որի դեպքում հնարավոր կլինի պարզել, թե երբ ու որ կողմն է խախտել հրադադարը։ Հայաստանը կողմ է ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությանը տարածաշրջանում եւ այդ կառույցին է վստահում նաև բանակցային գործընթացը։ Միաժամանակ Երեւանը առաջատար պետություններին զգուշացնում է․

«Ադրբեջանին զենք մատակարարող պետությունները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է, քանի որ տպավորություն է, որ Հայաստանի ԶՈՒ և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա, գերճշգրիտ, մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ»:
Հայաստանյան կողմի այս ճշգրտումները չեն նշանակում, որ փոփոխություններ են մտցվում ընդամենը օրերի «կյանք» ունեցող Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ։ Փաստաթուղթը հրապարակվեց հուլիսի 10–ին, իսկ 2 օր առնց՝ հուլիսի 12–ին ադրբեջանական սադրանքների արդյունքում անցավ «ռազմական մկրտություն»։ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը «քննությունը» կարելի է ասել հանձնեց։ Ամենակարևոր ձեռքբերում է համարվում, որ բոլոր կառույցները գործել են համակարգված։ Փաստաթղթում վերանայումների անհրաժեշտություն չի առաջացել, Հանրային ռադիոյի «Ստատուս Քվո» հաղորդաշարի ժամանակ ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․
«Մեծ հաշվով ոչ մի բան չկա փոխելու, որովհետև այն գնահատականները, այն ուղղությունը, որով մենք շարժվել ենք և այն տրամաբանությունը, որը դրել ենք հիմքում, ամբողջովին արդյունավետ է։ Մի քանի մոտեցումներ կան ռազմավարությունում, որոնք առաջնային են թեստ անցել։ «Դիմակայության» գաղափարը, որը դրել ենք հիմքում, որ մեր ամբողջ՝ անվտանգության և ոչ անվտանգային ինստիտուտները պետք է կարողանան համախմբվեն, որպեսզի ցանկացած սպառնալիք մենք կարողանանք դիմագրավել։ «Դիմակայուն Հայաստան» հենց այս փիլիսոփայությունն է հիմքում դրված։ Բացի դրանից` օրինակ՝ արտաքին քաղաքականությունում 3 սկզբունք ունենք, որոնցից մեկը դա համահայկականությունն է։ Մյուսը սուվերենությունն է։ Դա առաջնային փիլիսոփայություններից մեկն է և մենք ասել ենք, որ մեր անվտանգության խնդիրները առաջնային մենք պետք է լուծենք, մեր անվտանգության համակարգը պետք է կարողանա առաջինը լուծել մեր անվտանգության խնդիրները և փորձը ցույց տվեց, որ կարող է»։

Վերանայումներ Հայաստանը ավելի շուտ կանի արտաքին քաղաքականության մեջ։ Վարչապետն արդեն հստակեցրել է, որ վերջին իրադարձությունների ժամանակ միակ երկիրը, որը չէր փորձում հանդարտեցնել իրավիճակը, Թուրքիան էր։ «Այդ պետության կեցվածքը առաջ է բերում քաղաքականության որոշակի փոփոխություն»,– հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում և բազմաթիվ բարեկամական խմբերում ընդգրկված պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը խոսում է նոր հնարավորությունների մասին։
«Ամսի 12–ից սկսած մինչ օրս բոլոր քայլերը, որ Ադրբեջանի կողմից տեսել ենք, դրանք մեր ձեռքին կարևոր հաղթաթղթեր են՝ ապացուցելու այն ամենը, ինչ մենք պնդում ենք։ Իրենք տասնյակ–հազարներով դուրս են գալիս փողոցներ՝ «մահ հայերին» կոչերով, երբ մենք խոսում ենք ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին։ Կամ նույն ձևով, երբ Թուրքիան նշում է, որ երկու պետություն են՝ մեկ ազգ, դա նշանակում է՝ իրենց համար անտեսված են բոլոր տեսակի միջազգային կոնվենցիաները, իրենք տարածաշրջանում հարցերը լուծում են էթնիկության հիման վրա, և սա կարևոր ազդակ է տարածշրջանի մյուս երկրների, առաջին հերթին՝ Իրանի և Վրաստանի համար։ Եվ ինքը ռիսկ է իրենից ներկայացնում։ Մեծամորը, ընդհանրապես դինավագիտական կորպուսին ուղղված Ալիևի հայտարարությունները, այդ ամբողջը, երբ համակարգում ենք, տեսնում ենք, որ Ադրբեջանը ինքը իր ձեռքով կարևոր գործիքակազմ է մեզ տվել»։

Այս ամենին գումարվում է նաև Ադրբեջանի աննախադեպ ահաբեկչական հայտարարությունը՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին։ Այս սպառնալիքը պետք է դառնա միջազգային լրջագույն քննության առարկա և սա արդեն ամրագրված է Հայաստանի նոր սկզբունքների մեջ։




