ԿարևորՀասարակություն

Կրակահերթերի տակ ապրող Կիմո պապը՝ կյանքի, հարևանության ու թշնամության մասին

Բիլյան ազգանունը Տավուշի մարզի Այգեձոր ու հարևան համայնքներում հայտնի է։ Նավասարդ ու Արմեն Բիլյան եղբայրները արցախյան պատերազմի տարիներին ստեղծված «Այգեձոր» ջոկատի հիմնադիրներից են։ Այսօր էլ բանակի կողքին են՝ բարեգործությամբ։

Բայց ներկայացվող ռեպորտաժի հերոսն այսօր  եղբայները չեն, այլ նրանց հայրը՝ Այգեձորի 84-ամյա բնակիչ Կոլյա Բիլյանը` բոլորին հայտնի Կիմո պապը։  Հայ-ադրբեջանական թեժ սահմանագծի կրակահերթերի տակ ապրող Կիմո պապի օգնությամբ «Ռադիոլուրը» փորձել  է բացահայտել հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների նրբերանգները։

 «Դե ես 36 թիվն եմ, էդքան էլ աշխարհ չեմ տեսել»։

Տավուշի մարզի Այգեձոր համայնքի բնակիչ, 84-ամյա Կոլյա Բիլյանի հետ  հեռախոսազրույցը  սկսվում է հենց այս խոսքերով։ Ասենք, որ նրա տեսած աշխարհն այս օրերին մեզ հետաքրքում է ամենից շատ․ Տավուշի մարզի Այգեձոր համայնքից է Կոլյա Բիլյանը՝ բոլորին հայտնի Կիմո պապը։ Նախ գյուղի մասին է պատմում․

«Գյուղը, մենակ էս թուրքական պատերազմը չէ, մենք միշտ եղել ենք, ոնց որ ասած՝ օձի բերանի գորտ»։

Օձի բերանի գորտ ասվածն էլ հետևյալն է․ թուրքերից միշտ տուժել են, բայց էնպես չի, որ հայերն էլ խեղճ են եղել։  1905-ի, 15-ի ու 20 թվականների միմյանց հաջորդող կոտորածները Այգեձոր էլ են հասել, որից, ի դեպ, հետագայում առանձացել է Չինարի գյուղը։ Խորհրդային ինտենացիոնալիզմի տարիներին էլ  ադրբեջանցու պիտակ ստացած թուրքի հետ հարաբերությունները  միայն առերևույթ են բարեկամական եղել։ Ձեռքից ինչ վատություն եկել է, հայերի նկատմամբ արել են, ասում է Կիմո պապը։

«Դրանք խաբեբա ժողովուրդ են։ Էն վախտ էլ մեզ չէին սիրում, բայց վախենում էին կռիվ գցեն։ Սովետի ժամանակ ես  ութ  տարի դրանց մոտ աշխատել եմ։ Էստեղ լիճ կա ՝ Չինարիից ներքև։ Մինգեչաուրի, Քուրի առաջը կտրել են, էդ լճում իրենց համար էլեկտրոստանցի են սարքել ադրբեջանցիները։ Հայերին ասեցին, թե  ձեր հողամասերին ըստ պահանջի ջուր կտանաք, բայց խաբեցին, հողը վերցրեցին, երկու-երեք տարի ջուր տվեցին, հետո էնա խարաբ արին ու պրծավ»,-ասում է Կիմո պապը։

Եթե ադրբեջանցիների հետ մի բան ստացվել  է, ապա միանշանակ՝ առևտուրն է եղել։ Սովետական տարիներին Երևանի տեղն  էլ  չենք իմացել, մեր առևտուրը Թովուզի կայարանից ենք արել, պատմում է Կիմո պապը։ Քիչ թե շատ խաղաղ  գոյատևել են մինչև 1988 թվականը։

«88 թվին լարվեցինք, ու էդ օրից մինչև էսօր մենք դրանց հողը չենք մտնում»,- պատմում է Կիմո պապը։

Դրանից հետո ադրբեջանցիների ավանդույթ դարձած կրակոցների տակ իրենց հողն էլ այգեձորցիներն ու հարևան գյուղերի բնակիչները հեշտությամբ չեն մտնում։ Կիմո պապի բնորոշմամբ՝ վախիլով են գնում հողամասը մշակելու։ Ով սիրտ ունի, մտնում է՝ անպայման աղոթելով՝ Աստված փրկիր մեզ։ Աստծո հովանու ներքո ոչ միայն հողամաս են մշակում, այլև Կիմո պապի որդիների՝ գյուղում  հիմնած գործարանում  պահածոյացնում բերքը։

Կրակոցների տակ ոչ միան բերքն են պահում, այլև` հավատքը։  Չինարիի 13-րդ դարի Խորանաշատ եկեղեցին հայ-ադրբեջանական սահմանից մոտ հարյուր մետր հեռավորության վրա է։ Տեղացիների համար եկեղեցին երկար տարիներ գրեթե անհասանելի էր, այսօր էլ անվտանգ չէ։

Մինչդեռ՝ 84-ամյա պապը հիշում է․ «Վանքը քիչ մարդ է գնում այսօր՝ 3-4 հոգի, իսկ իմ մանկության տարիներին ամեն կիրակի, մայիսի մեկին, տոն օրերին 500-1000 մարդ էր վանքում հավաքվում։ Հետաքրքրության համար անգամ ադրբեջանցի տղամարդիկ էին գալիս»։

Ոչ հետաքրքրության, ոչ էլ  որևէ այլ բարի նպատակով  ադրբեջանցու ոտքը եկեղեցու տարածքում այսօր չի կարող հայտնվել։ Հակառակորդից  այստեղ միայն  կրակոցների հետքերն են, որոնք հայկական գյուղերին ու նաև եկեղեցուն են հասնում վերջերս ավելի հայտնի դարձած Ղարա Դաշ կամ  Սև լեռ բարձունքից։ Ադրբեջանական  կրակոցներից արթնացող, գիշերն էլ այդ կրակոցների ներքո  քուն մտնող  Կիմո պապին էլ այսօր դժվար է պատկերացնել, որ թուրքի հետ կարելի է մի օր  նույն եկեղեցու տարածքում հայտնվել ու բարեկամություն անել։

«Ես էդ չեմ պատկերացնում, դարերի ընթացքում միգուցե, եթե էս սերունդը վերջանա, ուրիշ սերունդ լինի, նրանք էլ ասեն՝ մենք ինչ մեղք ունենք։ Բայց էս սերունդը՝ հասկացողը նրանց հետ ընկերություն չի անեի։ Մեր մեծերն էլ են ասել՝ թուրքի  հետ ընկերացի, բայց փայտը ձեռեդ չգցես, այսինքն՝ զենքը ձեռեդ չգցես»,- ասում է Կիմո պապը։

Քանի նրանց մեղքերը հիշող կա, թուրքի հետ ընկերություն անող  ու զենքը ձեռքից գցող չի լինի։ Պատմության դասերը պապը լավ է սերտել։

Կարդացեք նաև

Back to top button