
Սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը սկսվում է, այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը վստահ է՝ սահմանապահ գյուղերում մարդիկ ոչ միայն պետք է ապրեն, այլ պետք է ունենան աշխատանք ու եկամուտ։
Մինչ այդ, գործադիրը նախ կվերանորոգի կամ կկառուցի հակառակորդի կողմից վնասված տները։ Նախնական գույքագրմամբ` 150 մլն դրամի վնաս է հասցվել։ Այսօր առաջին 25 մլն դրամը տրամադրվել է՝ հրատապ վերանորոգման կարիք ունեցող տներում աշխատանքները սկսելու համար։ Դրանցից մեկը Չինարիում է։
Սահմանամերձ Չինարիում վստահ են՝ Հայաստանն իրենց գյուղից է սկսվում։ Իրենք են պահում երկրի սահմանները։ Հատկապես այս օրերին սահմանամերձ գյուղերում այցելուների պակաս չկա։ Չինարեցի Աղասյաններին էլ վերջին օրերին հատկապես լրագրողներն ու պաշտոնյաներն են այցելում։
Նրանք Երևանից սահմանամերձ գյուղ հասած հյուրերին ցույց տալու ու պատմելու շատ բան ունեն․ հակառակորդի գնդակի տակ գտնվող, արդեն որերորդ անգամ վնասված տունը, տանը կից ամբողջովին քանդված շինությունն ու արկերի բեկորները, ականներից առաջացած փոսերը։ Չինարիի բազմանդամ այս ընտանիքում բնակվում են Աղասյանների հինգ անչափահաս երեխաները, ծնողները, մանկուց հաշմանդամ քույրը։ Պայթյունի պահին երեխաները տանը չեն եղել։

Սամվել Սաղոյանը մինչ Չինարիի՝ Բերդին միանալը, երկարամյա գյուղապետն էր։ Պատմում է․ տունն ամբողջությամբ չի քանդվել, բայց վթարային է դարձել.
«Իրենց հողամասում ընտիր բնակարան կկառուցեն, կնվիրեն ընտանիքին։ Տունն ամբողջությամբ չի վնասվել, բայց խարխուլ է դարձել, անմիաստ է վերանորոգելը, վթարային է։ Ավելի լավ է նորը կառուցեն, տան երեխեքին, որ մնան ու ապրեն գյուղում։ Հինգ երեխա են, փոքրը 3․5 տարեկան է, մեծը՝ 12 տարեկան»,- ասում է Սաղոյանը։
Չինարիում մի քանի տուն նույնպես վնասվել է, բայց՝ մասնակի։ Գույքագրումն արված է։ Սաղոյանը վստահ է՝ կառավարությունը կվերանորոգի ու մեկ ամսից արդեն հակառակորդի հուլիսյան արկածախնդրությունից հետքեր էլ չեն մնա։
Կառավարությունում նախնական հաշվարկներն արված են, 150 մլն դրամ․ սահմանամերձ համայնքներում վնասների նախնական գնահատականն է։ Առաջնահերթ կարիքների համար տրամադրվեց նախ 25 մլն դրամ։ Սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն է կատարվում, կառավարության նիստում հստակեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Այդ փոփոխությունը հետևյալն է. ընդհանուր առմամբ կարող էր տպավորություն ստեղծվել, որ սահմանապահ գյուղերը միևնույնն է գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ։ Հետևաբար` այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին այս տրամաբանությամբ։ Մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք։ Սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե և ոչ միայն վերականգվեն, այլ պետք է ունենանք այս գյուղերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, ռազմավարություն։ Պետք է արձանագրենք, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանը ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից ՀՀ-ն սկսվում է»,- ասաց վարչապետը։
Մինչ սահմանապահ գյուղերում շինարարները կաշխատեն, գյուղացիների հետ կքննարկեն վերջին իրադարձությունները, կվերլուծեն, սահմանապահ դիրքերին նայելով կվայելեն մեկ բաժակ սուրճը, կառավարությունն էլ հայեցակարգ կմշակի, գյուղերում արդեն կյանքը բնականոն հունի մեջ է։ Գյուղացին իր այգում է՝ չնայած գիտի, որ ցանկացած պահի գուցե երկնքում «անկոչ հյուր ունենան», գիտի, բայց և վստահ է՝ իրենց պաշտպանողներն են հզոր։
«Մենք ամուր ենք, անսասան ենք։ Սա աննախադեպ պայքար էր, որ մեր պետականությունը ամրապնդեց։ Մեր բանակը չթողեց, որ մենք մոտենանք, իրենք ոսկերչական ճշգրտությամբ աշխատեցին, մեր սահմանները անառաիկ պահեցին, ձգվել ենք, ավելի ենք ուժեղացել, մեր բանակը հզորացել է»։
Սամվել Սաղոյանը հպարտությամբ է խոսում գյուղի բրենդի՝ Չինարիի հայտնի մեծ ու հյութալի թզի մասին։ Իսկ Ռուսաստանում վաճառվող Չինարիի թուզը գնողները դժվար իմանան, թե ադրբեջանական քանի արկի ու ականի ձայն է լսել այն։

«Չնայած գյուղը չորս-հինգ օր շարունակ ռմբակոծվել է խոշոր տրամաչափի ականանետերով, անգամ ԱԹՍ է եկել, բայց դրան զուգահեռ մենք գյուղացիական աշխատանքները չենք դադարեցրել։ Այս պահին երեք-չորս տեղում թուզը մթերվում է։ Արդեն 27 տոննա առաքվել է ՌԴ, մոտ 20 տոննա մթերված ունենք, մեքենան գիշերը կգա, կբարձենք ու կճանարհենք ՌԴ։ Մեր բրենդը դարձել է մեր ընտիր թուզը»,-նշեց Սամվել Սաղոյանը։
Եթե Չինարիի թուզը մարդկային լեզվով խոսել կարողանար, անպայման իրեն գնողներին կպատմեր իր ապրածի, ադրբեջանցիների ձախողումների ու հայերի հաղթանակների մասին։




