ԿարևորՀասարակություն

Մասնագիտությո՞ւն, թե՞ միավոր. ընդունելության կարգում քաղաքականություն է փոխվել

Երկար տարիներ, կարծես, ընդունելության քննություններն անցնում էին անաղմուկ և բնականոն։ Այս տարվա քննությունները, սակայն, հիշեցրեցին տարիներ առաջվա քննությունները, երբ դիմորդների համար ընդունելությունը մեծագույն սթրես էր։ Արդեն 4-րդ օրն է՝ քննությունների արդյունքները հրապարակվել են ու 3-րդ օրն է, որ բողոքի ցույցերը չեն դադարում։

Տարբեր ատյաններ դիմող ծնողներն ու դիմորդները բողոքարկում են այս տարվա ընդունելության քննությունները ու պահանջում վերանայել այս տարվա գլխավոր փոփոխությունը, այն է՝ առաջնահերությունը տալ մասնագիտության ընտրությանը։ Կարևոր չէ, թե դիմորդն առաջին հայտով որտեղ է դիմել, փաստն այն է, որ  վաստակել է բարձր միավոր, բայց դուրս է մնացել բուհից՝ տեղը զիջելով նվազագույն, բայց առաջին հայտով դիմած դիմորդին։

Մասնագիտությունն ընտրելիս Սաթենիկ Տեփոյանը չգիտեր, որ դիմելու է համավարակի պայմաններում, դրանով պայմանավորված հանձնելու է ընդամենը մեկ քննություն, իսկ հայտն էլ լրացնելու է առցանց։ Պատահական չէ, որ հենց Սաթենիկին եմ զրուցակից ընտրել։ Դեռ մեկ ամիս առաջ, մինչև քննությունների մեկնարկը հենց իր հետ սկսեցինք լրացնել դիմում հայտը։

Սաթենիկի ու այս տարվա բոլոր դիմորդների համար նորություն էր դիմում հայտերում կատարված փոփոխությունը. այսուհետ գերակա է մասնագիտության ընտրությունը։  Դեռ դիմում հայտը լրացնելիս Սաթենիկը «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրեց, որ իր համար մասնագիտությամբ սովորելն ավելի կարևոր է, քան պարզապես որևէ տեղ ընդունվելը։ Այսօր արդեն ոչ թե դիմորդ, այլ ապագա ուսանող Սաթենիկը հաստատում է իր նախորդ մոտեցումը։

«Ես ընտրել էի հոգեբանությունը ու կապ չունի առաջին հայտով որ բուհն էի նշել, քանի որ երկու դեպքում էլ նշել եմ հոգեբանությունը։ Առաջինում ԵՊՀ հոգեբանությունն էի նշել,  2-րդում՝  մանկավարժականի հոգեբանությունը։ Կարևորը իմ մասնագիտությունն է։ Ես ընտրել եմ հոգեբանությունը և կապ չունի որ բուհում կսովորեմ, կսովորեմ իմ մասնագիտությամբ, որը նախընտրում եմ»։

Մինչ Սաթենիկը տոնում է իր ընդունելությունը բուհ, բազմաթիվ դիմոդներ ու ծնողներ չեն համակերպվում քննությունների արդյունքների հետ։

Դիմորդներն ու նրանց ծնողները՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ

Արդեն 3-րդ օրն է պատկան կառույցների մոտ բողոքի ցույցերը չեն դադարում։ Պահանջում են վերանայել այս տարվա քննությունների արդյունքներն ու գլխավոր փոփոխությունը։ Կարևոր չէ, թե դիմորդն առաջին հայտով որտեղ է դիմել, փաստն այն է, որ  վաստակել է բարձր միավոր, բայց դուրս է մնացել մրցույթից՝ տեղը զիջելով նվազագույն, բայց առաջին հայտով դիմած դիմորդին։

ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ ոչ թե ուղղակի փոփոխություն է կատարվել ընդունելության կարգում, այլ այդ կարգում քաղաքականություն է փոխվել։ Գերակայությունը տրվում է մասնագիտության ընտրությանը և ոչ թե միավորին։ Չի հերքում՝ սպասում էին, որ դիմորդների եւ ծնողների մի մասը ոչ միանշանակ կընդունեն այս փոփոխությունը։

«Առաջին տարին է, որ այպիսի խնդիր է առաջանում, և դա կապված է մրցութային նոր կարգի հետ։ Այստեղ մենք 2 խնդիր ունենք։  Մեկը դիմուրդի մասնագիտական կողմնորոշման հարցն է, մյուսը՝ նրա ստացած գնահատականը։ Ցավոք, դրանք երբեմն չեն համընկնում։ Բայց կարծում եմ, որ ապագային միտված ցանկացած քայլ, եթե այն դրական տենդենց ունի, սկզբում միշտ էլ որոշակի դժգոհություններ առաջացնում է»,- ասում է Էդվարդ Սանթրոսյանը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը դրական է վերաբերվում այս փոփոխությանը։ Վստահ է՝ եթե ընդունելությունը լիներ  3 քննությամբ, նման սուր վիճակ չէր լինի։

«Հիմնական խնդիրն առաջ է եկել, քանի որ դիմորդները հանձնել են 1 քննություն։ Դիմորդները վերջին երկուսուկես ամսում պարապել են մեկ առարկա, ինչի արդյունքում իրենց միավորներն էլ է բարձրացել»,- ասում է Խաչատրյանը։

Իսկ այն, որ գերակայությունը տրվում է մասնագիտության ընտրությանը, կրթության փորձագետը միայն ողջունում է, սխալ է համարում ցանկացած այլ շահարկում կամ հնարք, որը կարող է սխալ տպավորություն ստեղծել։

«Եթե որևէ երեխա ինչ որ մասնագիտություն է ընտրել ու ավելի ցածր միավորով ընդունվել է, ինչ վատ բան կա դրա մեջ։ Ինքը դա է ընտրել։ Ես չէի ուզենա, որ երեխաներին իրար հակադրեինք։ Ժողովորդ ջան, դուք դիմել եք մի ֆակուլտետ, որտեղ շատ են դիմորդները, մրցույթն ուժեղ է։Այսինքն, եթե դու դիմել ես իրավագիտության ֆակուլտետ, այն էլ մեկ քննությամբ, դու պետք է ռիսկը հաշվես, դու պատրաստ ես բարձր միավորով դուրս մնալուն, կամ էլ այլ տեղ ընդունվելու»,- նշում է փորձագետը։

Ինչ վերաբերում է 7.5 միավորով ընդունվողին, ոչ ոք չգիտի, թե ով է այդ երեխան։ Հնարավոր է այդ երեխան Այգեպար գյուղից է, որն ինքնուրույն, առանց կրկնուսույցի հետ պարապելու է ընդունվել։ Իսկ մեկ ուրիշը, որը 16 է ստացել, 3 տարի կրկնուսույցի մոտ պարապելով է այդ միավորին  հասել, նկատեց կրթության փորձագետը։ Հաշվի առնելով, որ նրանք անհավասար պայմաններում են պատրաստվել քննությանը՝ ոչ ոք, այդ թվում՝  Սերոբ Խաչատրյանը, չի կարող ասել, թե նրանցից որ մեկն ավելի լավ ուսանող կլինի բուհում։

Կարդացեք նաև

Back to top button