
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո։ Այս քայլով, ըստ էության, ավարտվում է ՍԴ դատավորների փոփոխության հարցը, որը սկսել էր ԱԺ–ում ընդունված սահմանադրական փոփոխությունից հետո։
Այս ամենին զուգահեռ` ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը շարունակում է պնդել, որ իր լիազորությունները ավարտված չի համարում։ ՀՀ նախագահը՝ իրեն հատկացված ժամանակում, 21 օրվա ընթացքում այդպես էլ չստորագրեց օրինագիծը, բայց և չբողոքարկեց այն ՍԴ–ում։
Փորձենք հասկանալ, թե ինչ փուլում են այժմ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունները և առաջիկայում ինչ քայլեր են նախատեսվում։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չսպասեց իրեն հատկացված 5 օրվա ավարտին և առաջին իսկ օրը ստորագրեց այն օրենքը, որը հունիսի 30–ից՝ ԱԺ–ում ընդունվելուց եւ 21 օր ՀՀ նախագահի մոտ մնալուց հետո տեղափոխվեց խորհրդարանի խոսնակի տիրույթ։ Հանրապետության նախագահից և նրա աշխատակազմից այդպես էլ բացատրություն չեղավ, թե ինչն էր պատճառը, որ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել «ՍԴ մասին» օրենքում արված փոփոխություններն ու լրացումները, թեև փաստաթուղթը չէր վիճարկում։
Փոփոխված և լրացված «ՍԴ մասին» օրենքով պարզապես կանոնակարգվում են պաշտոնավարումը դադարած դատավորների կենսաթոշակի իրավունքները և վերացվում է անհամապատասխանությունը, որը սահմանադրական փոփոխություններից հետո առաջացել էր Սահմանադրության և «ՍԴ մասին» օրենքում։
Նոր դատավորներ առաջադրելու, այսպես ասենք «հետհաշվարկը» այսօր ստորագրված օրենքով չի սկսվում։ Սահմանված երկամսյա ժամկետը սկսել է հաշվարկվել հունիսի 26–ից։ Այսինքն՝ այն պահից, երբ սահմանադրական փոփոխություններով դադարեցված համարվեցին ՍԴ 3 դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ Սա նշանակում է, որ շատ շուտով լիազոր մարմինները՝ կառավարությունը, ՀՀ նախագահը և Բարձագույն դատական խորհուրդը կսկսեն իրենց թեկնածուների առաջադրումները։ Հերթականությունը սահմանված է հենց Սահմանադրությամբ։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առայժմ ժամկետները չի հստակեցնում.
«Վստահաբար չեմ կարող ասել՝ հուլիսի վերջ, օգոստոսի սկիզբ, բայց կարծում եմ առաջիկայում, որովհետև կառավարությունը հաջորդականությամբ առաջին մարմինն է, որ առաջադրումը պետք է կատարի։ Քանի որ երկու ամիսը արդեն «հոսում» է, մոտ մեկ ամիս արդեն անցել է, կարծում եմ առաջիկայում կլինեն նորություններ»,- նշեց Բադասյանը։
Կառավարության ներկայացուցիչը նաև հրաժարվում է հստակեցնել, թե որ գործիչների թեկնածությունն է դիտարկվում և ինչ կարգով պետք է ընտրվեն նրանք։ Մամուլում տարբեր անուններ են շրջանառվում, թե ում գործադիրը կառաջադրի ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Վերջին շրջանում, օրինակ, հաճախ նշվում է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի և նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի անունները։
«Ես չեմ կարող ասել՝ ում թեկնածություններն են դիտարկվում։ Ես որևէ մեկնաբանություն այդ առումով չեմ անի։ Երբ որ կառավարության նիստի օրակարգում կլինի նման հարց, կարձանագրվի, որ կառավարությունն ունի թեկնածու։ Կա ձևավորված սկզբունքներ՝ ինչ ճանապարհով պետք է մեր կարծիքով ՍԴ և առհասարակ դատական մարմինների ձևավորումը տեղի ունենա։ Թեկնածուները պետք է հնարավորինս ապաքաղաքական անձինք պետք լինեն և այնպիսի անձինք, որոնք կարող են ապահովել դատական իշխանության անկախությունն իրենց մասնակցությամբ»։
Նախնական տեղեկություններով` հուլիսի 31-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ այս մարմինը կորոշի ՍԴ դատավորի պաշտոնի համար իր թեկնածուին։ Տևական ժամանակ է, ինչ այս կառույցից առաջադրվելու հավանական թեկնածու է համարվում իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը: Նա արդեն հասցրել է աշխատել ՍԴ–ում՝ 1996-2003թթ. որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության պետ:

Բոլոր քննարկումներում և կանխատեսումներում բացակայում է հանրապետության նախագահի կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուի անունը։ Այս փուլում «ինտրիգը» կապված է հենց այս օղակի հետ, եթե հաշվի առնենեք արդեն հայտնի դեպքերը, երբ խորհրդարանը մերժել է Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուներին։
Հուլիսի 7–ին՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտացված հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը բարձրաձայնեց իր դժգոհությունը։
«Իրականում ՍԴ դատավորին ընտրում է Ազգային ժողովը և ՀՀ նախագահի ֆունկցիան այստեղ ձևական է։ Հանրապետության նախագահը չպետք է ապագայում թեկնածուներ տա։ Պատկերացրեք՝ ես հանրապետության նախագահ եմ, որը չի ուզում տա այն թեկնածուին, որին ԱԺ–ն է ուզում և սա շարունակվում է անվերջ, ընդհուպ մինչև, որ ՍԴ գործունեությունը կանգնի»,- ասել է Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը, իհարկե, այս դեպքում խոսել է ապագայի և ապագա նախագահների լիազորությունների մասին, որոնք պետք է ամրագրվեն սահմանադրական մեծ փոփոխություններով։ Ոչ թե թեկնածու առաջադրելու, այլ անմիջապես նշանակելու տարբերակի կողմնակից է, բայց քանի դեռ նման կարգավորում չկա, մնում է սպասել նախագահի հետագա քայլերին։
Ինչ վերաբերում է «սահմանադրական ճգնաժամ» կոչվածին, ապա այս փուլում՝ 3 դատավորների լիազորությունների դադարեցումից հետո ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ կառույցում արդեն իսկապես քվորում չի ապահովվում։ Արդարադատության նախարարի համոզմամբ՝ այդ իրավիճակի պատասխանատուն սահմանադրական փոփոխությունները չեն․

«Նախ՝ եկեք հաշվի առնենք՝ ինչի՞ արդյունքում է առաջացել նման իրավիճակը, որովհետև ՍԴ երկու դատավոր գնացել են արձակուրդ։ Այսինքն՝ արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ–ում հնարավոր էր ապահովել քվորում։ Հետևաբար` սահմանադրական փոփոխությունների արդյունքում չէ առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով։ Երկրորդը՝ այս ժամկետը հիմնականում ամեն տարի արձակուրդային ժամանակահատված է եղել ՍԴ-ում։ Ոչ մի խնդիր, կարծում եմ, չի առաջանա, վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բարեվարքության ստուգման գործընթացը ապահովելու համար Աժ- ն թեկնածուների տվյալները կուղարկի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և բավական շուտ ժամանակահատվածում կարձանագրենք, որ ՍԴ–ն գործում է ամբողջ կազմով»,- ասաց Բադասյանը։
Այս ամենին զուգահեռ` Ալվինա Գյուլումյանը շարունակում է իրեն համարել ՍԴ դատավոր և հայտարարում է․ «Մինչև անհատական ակտ չընդունվի, չի համարում, որ իր լիազորությունները դադարեցված են»։ՍԴ նոր դատավորներ կընտրվեն, հները չեն ցանկանում հեռանալ. «ՍԴ մասին» օրենքը ստորագրվել է




