ԿարևորՏնտեսական

Տավուշում կրակում են, Նավուրում՝ մտածում «էկոմսի» արտադրությունն ընդլայնելու մասին

Տավուշի սահմանամերձ համայնքներում կրակում են, Նավուրում մտածում են «էկոմսի»՝ բիչինայի, արտադրությունն ընդլայնելու մասին, որ սահմանամերձ գյուղերում մսի մթերման խնդիրը լուծելով՝ անասնապահությունը խրախուսեն ու նոր շուկաներ գրավեն:

«Մեր տաչածքում 2-3 տարի առաջ որոշեցինք միս մթերել, որ կարողանանք օգտակար լինել բանակին ու ժողովրդին: Այստեղ ունենք հսկայական արոտավայրեր, եթե մենք կարողանաք մեծ քանակությամբ միս մթերել՝ կխրախուսվեր անասնապահությունը»,- ասում է «Շամշադին էկո միթ» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանը։

Առաջին փորձն իրեն չի արդարացնում, բայց չեն հուսահատվում, փորձում են անձամբ մշակել առանց հավելանյութերի, քիմիկատների․ ճիշտ այնպես, ինչպես պապերն են մշակել 300 տարի առաջ:

«Շամշադին էկո միթ» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանն ասում է՝ գործը պապենական է, և՛ բաղադրատոմսն է ժառանգել, և՛ գեները:

«Մեր բրենդը կոչվում է Բիչինա»,- նշում է Նորայր Հարությունյանը։

Նա ծխարաններն է ներկայացնում, որտեղ ախորժելի բույրով, տեսքով ու տարբեր եղանակներով՝ բացառապես բնական մշակում անցնող մսի հսկայական կտորներն են հասունանում:

Հարակից 17 համայնքից միս են մթերում, հարակից մարզերից առաջարկներ ստանում, արտադրանքի տեսականին շատացնում:

«Ոչ մի մշակում չի անցնում, երկաթ, քիմիա, սառեցում, բացառվում են, միակ ոչ էկոն այն է, որ դանակ պատառաքաղ է կպնում, որով ուտում են: Չնայած համարվում է երշիկեղեն՝ բայց շուկայում չկա այսպիսի արտադրանք»,- վստահեցնում է Հարությունյանը։

Թագուհի Աթաբեկյանը մեծ կաթսայում մսին համ ու հոտ ավելացնող սարերից քաղած բույսերն է թվարկում՝ բայց ոչ եթերի համար, ֆիրմային գաղտնիք է: Ընկերությունը զինվորների, սոցիալական տարբեր խմբերի համար էլ փաթեթներ է պատրաստում, նոր տեսականի ավելացնելու ծրագրեր կազմում, միայն թե խաղաղություն լինի:

Կարդացեք նաև

Back to top button