
Ռուս տնտեսագետ, քաղաքական գործիչ, «Գլոբալիզացիայի խնդիների ինստիտուտ» ՀԿ ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Միխաիլ Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ ռուսական լրատվամիջոցներից մեկն իրենից գումարի դիմաց մեկնաբանություն է խնդրել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու համար։
Դելյագինը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մոսկովյան լրատվամիջոցներից մեկը զանգել է և գումարի դիմաց մեկնաբանություն է ուզել այն մասին, թե «Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը»։
«Հարցին, ինչո՞ւ Հայաստանը (քանի որ Ադրբեջանն էր փետրվարին սկսել, և թուրքական ականջները հաստատ հայկական գլխարկի տակից չէին երևում) և հակամարտության ո՞ր տարածքում են ադրբեջանական նավթային օբյեկտները, մոսկովյան լրատվամիջոցի տնտեսական բաժնի խմբագիրը պատասխանում է՝ «պարզապես Բաքվի դիրքորոշումն է դա», – գրում է Դելյագինը։
Նա հարց է ուղղել ․ «եթե վաղը հանկարծ Բաքվի տեսակետը դառնա, որ հայերի Ցեղասպանությունը ռուսներն են արել, մոսկովյան լրատվամիջոցները գումարի դիմաց սկսելու են դա հաստատող մեկնաբանություննե՞ր հավաքել»։




