ԿարևորՀասարակություն

Մենք չենք ուզում ազգամիջյան կոնֆլիկտ Վրաստանում

Ի զորակցություն Հայաստանի և ընդդեմ ադրբեջանական սադրանքների` խաղաղ ակցիաներ են անցկացնում վիրահայ համայնքի ներկայացուցիչները։ Այսօր Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում իրենց բողոքն են արտահայտել ջավախահայ երիտասարդները, երեկ «Վրաստանի հայ համայնքն» էլ Թբիլիսիում, ՀՀ դեսպանության շենքի մոտ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Նրանք վիրահայերին կոչ են արել չտրվել ադրբեջանական կողմի սադրանքներին, իսկ տեղի ադրբեջանցիներին հիշեցրել՝ Վրաստանը հաշիվներ պարզելու վայր չէ։

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ տեղի հայ հոգևորականների հետ խաղաղ ակցիան սկսեցին՝ աղոթք բարձրացնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին զոհված հայ զինվորականների հոգիների հանգստության համար:

Ադրբեջանից կառավարվող որոշ խմբեր ռազմական բախումների օրերին ազգամիջյան ատելություն են փորձել հրահրել Վրաստանում՝ օգտագործելով երկրի պետական դրոշը։ Ըստ ջավախահայերի, այդ սադրանքներին դեմ են նաև երկրի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները․

«Օրերս ադրբեջանացիների կազմակերպված մի խումբ ադրբեջանական ու վրացական դրոշներով ու սադրիչ կոչերով դուրս է եկել վրաց-հայկական սահման։ Դա կարող է անցանկալի հետանքների հանգեցնել։ Մենք չենք ուզում ազգամիջյան կոնֆլիկտ Վրաստանում»։

Հայերեն և վրացերեն լեզուներով և «Ջավախքը Հայաստանի կողիքն է», «Ոչ պատերազմին» կոչերով ներկաները հստակեցրին, որ հային բռնությամբ կանգնեցնել չի լինելու։

«Եկեք միասին ծափահարենք աշխարհասփյուռ հայերին՝ միավորվելու, Հայաստանի կողքին լինելու համար»։

Ախալքալաքում հայկական ու վրացական երգերի ներքո ու խաղաղության կոչով ավարտեցին ակցիան։

Հայ-ադրբեջանական սահմանի սրացումների օրերին հայտարարություն էր տարածել նաև «Վրաստանի հայ համայնքը»։ Չբացառելով, որ Ադրբեջանը ավանդույթի համաձայն փորձելու է ազդել Վրաստանում ապրող իր որոշ հայրենակիցների վրա, կազմակերպությունը Վրաստանի քաղաքացիներին՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից կոչ էր արել խոհեմություն ցուցաբերել, չտրվել սադրանքներին:

«Վրաստանի հայ համայնքի» ներկայացուցիչները Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ ակցիայի ընթացքում ասել են՝ Վրաստանը մեր բոլորի տունն է։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից կառավարվող խմբերի՝ ազգամիջյան ատելությունը Վրաստան տեղափոխելու փորձն ու ցանկությունը։ Պետք է հասկանան, որ Վրաստանը մեր բոլորի տունն ու հայրենիքն է, ոչ թե հաշիվներ պարզելու դաշտ», -ասում է համայնքի երիտասարդական թևի ղեկավար Արթուր Միրզոյանը։

Ամեն անգամ սահմանային լարվածության օրերին Վրաստանում ազգամիջյան ընդհարման փորձեր են արվում։ Այսօր էլ պաշտոնական Թբիլիսին ադրբեջանական իշխանամետ հրապարակումներով հայտնի լրատվամիջոցներից մեկին կոչ է արել զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Հարցը վերաբերում է թե իբր «Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով Հայաստանը Վրաստանի միջոցով զենք է ստացել Սերբիայից»:

Հոդվածի պատրաստմանն Ախալքալաքից աջակցել են Jnews լրատվականի գործընկերները

Կարդացեք նաև

Back to top button