
«Մի բան անենք» արշավի մասնակիցները «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախագահ Յաշա Սոլոմոնյանի գլխավորությամբ այցելել են Սիսիան: Այստեղ նրանց հետ հանդիպել է համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով համայնքի բնակչության անունից շնորհակալություն է հայտնել մաքրման աշխատանքներ իրականացնելու համար:
Տեղի է ունեցել նաև փոքրիկ քննարկում, զբոսավարերը ներկայացրել են իրենց մտահոգությունները, վեր են հանել իրենց կողմից արձանագրված խնդիրներ, որոնց լուծման նպատակով համանքի ղեկավարի կողմից տրվել են հանձնարարականներ:
«Սիսիանը «Մի բան անենք» արշավի վերջին կանգառն էր, ծրագիրն ավարտվեց, իսկ անելիքները՝ ոչ… հուսանք, որ կգա մի օր, երբ Հայաստան այցելող զբոսաշրջիկին կզարմացնեն միայն մեր պատմամշակութային ժառանգությունը, տեսարժան վայրերն ու հայոց գեղատեսիլ համայնապատկերները, այլ ոչ թե հայրենի բնության ու շրջապատի հանդեպ ունեցած մեր անտարբերությունը»,- նշված է Սիսիանի համայնքապետարանի տարածած հողորդագրությունում::
«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» նախաձեռնությամբ ՀՀ մարզերի և Երևանի շուրջ 70 տեսարժան վայրերում և զբոսաշրջային նշանակության հիմնական երթուղիներում իրականացվում են մաքրման աշխատանքներ:
«Զբոսաշրջային վայրերի մաքրում» ծրագիրը իրականացվում է #USAID /#ASI — ի հովանավորությամբ և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ՝ «Մի բան անենք» արշավի շրջանակներում: Նախաձեռնությունը համախմբել է համավարակի պատճառով գործազուրկ դարձած ավելի քան 200 զբոսավարների:




